Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալին հորդորեց «խելոք մնալ»

Ապրիլ 21,2016 16:20

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց եւս մի քանի վկա: Նախ, դատական նիստերի դահլիճ հրավիրվեց Մուշեղ Մխիթարյանի հարեւանուհին: Նա դատարանին տեղեկացրեց, որ Մուշեղ Մխիթարյանն իր հարեւանությամբ վարձով է բնակվել: Դատախազի հարցերին ի պատասխան վկան ասաց, որ ամբաստանյալի հետ շփում չի ունեցել, անգամ չգիտեր նրա անունը. «Մի անգամ Երեւանի օրվա առթիվ բակում միջոցառում էր կազմակերպվել, ինքն էլ էր մասնակցում, բոլորը գիտեին, որ նա դերասան է»:

Դատախազի հարցին` սպանության օրվա գիշերը շենքի մուտքում աղմուկ լսե՞լ է, վկան ասաց, որ ոչ. «Եթե լսեի, դուրս կգայի»:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն էլ հարցեր ուղղեց վկային.

Կարո՞ղ է այնպես պատահել, որ շենքի մուտքում հանդիպեի ինչ-որ մարդկանց հետ եւ դուք այդ մասին չիմանայիք:

-Դե հա, կարող է` չլսեի:

Հարցաքննվեց նաեւ Մուշեղ Մխիթարյանի մեկ այլ հարեւանը` Գասպարյան էդգարը, որն ասաց, որ ամբաստանյալն իրեն աշխատանք է առաջարկել:

Իսկ դեպքի օրը, ինչպես վկան նշեց, Մուշեղ Մխիթարյանը վաղ առավոտյան իրեն ձայն է տվել եւ հրավիրել իր բնակարան. «Գնացի իր տուն, հինգ րոպե նստել եմ իրենց տանը, ասել է, որ իրեն սպառնում են երկու հոգի, ցանկանում վնասել իրեն: Իր նկարագրածով` մեկը բոյով, մյուսը` կոլոտ»:

Պատասխանելով դատախազի հարցերին` Գասպարյանն ասաց, որ Մուշեղն այդ ընթացքում չի քնել, այլ պառկած է եղել: Բացի այդ, վերջինս տանը միայնակ չէր, այլ մի աղջկա հետ,  որի հետ, վկայի պնդմամբ, Մուշեղը թղթախաղով չի զբաղվել:

Ամբաստանյալի պաշտպան Ֆարմանյանը հարցեր ուղղեց վկա Գասպարյանին.

-Ամբաստանյալն այդ ընթացքում ի՞նչ տեսք ուներ:

-Վախեցած տեսք ուներ, ում էլ տենց բան ասած լինեին` կվախենար, սպառնացել են, որ Մուշեղի կնոջն ու երեխային վնաս կտան:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը եւս հարցեր ուղղեց Գասպարյանին.

Իմ տանը գտնվելու ընթացքում տարօրինակ բան նկատե՞լ եք:

-Ոչ:

՞նչ տրամադրություն ուներ ինձ հետ գտնվող աղջիկը` Աննան:

-Չեմ հիշում:

Գիտեի՞ք, որ Աննան աշխատում է ինձ մոտ:

-Ոչ:

Ամբաստանյալը շարունակեց հարցեր տալ, իսկ դատավորն ընդհատեց նրան` ասելով, որ հարցերը չկրկնի եւ ուղղի գործին առնչվող հարցեր: «Գուցե ես վերախմբավորված եմ տալիս հարցը»,-առարկեց ամբաստանյալը եւ փոքր-ինչ զայրացած` ձեռքի նոթատետրը նետեց սեղանին եւ ասաց, որ այլ հարցեր չունի:

«Կհեռացնեմ ձեզ դահլիճից, խելոք պահեք Ձեզ եւ կրկնվող հարցեր չտաք»,-ի պատասխան ասաց դատավորը եւ նախազգուշացում տվեց ամբաստանյալին:

«Կարելի է՞ Ձեզ դիմել,-համառեց Մխիթարյանը: Դատավորի պատասխանը եղավ` «ոչ»:

Մյուս վկաների ցուցմունքների մասին` քիչ ուշ:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930