Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունն իր վրա է վերցնում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու ծախսերը

Ապրիլ 21,2016 15:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀO-72-Ն ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները:

Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այս որոշմամբ հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման ծախսերը կառավարությունը վերցնում է իր վրա»:

Կառավարությունը շարունակում է ՓՄՁ-ների, զբոսաշրջության աջակցության ծրագրերը

Գործադիրը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ուղղված ՓՄՁ-ի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացում և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում ՀՀ մարզերում, գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում և այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի ուղղորդում այդտեղ գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, որն իր հերթին կնպաստի ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրում գործազրկության կրճատմանը, հասարակության միջին խավի ձևավորմանը և աղքատության հաղթահարմանը:

Կառավարությունը հաստատել է նաև «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը: Ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում, չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումների իրականացում, հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում:

Գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է 2016թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրվել է վերոնշյալ ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է նաև որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին, որից 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ ամեն տարի այն իրականացվում է. աջակցություն են ստանում մեր գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները:

Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքի 0,7050 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործելու պայմանով: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կասեցվել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով 2016թ. նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի» իրականացման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի ջրագծի փոփոխման աշխատանքներ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է որոշման երկրորդ կետում (նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել ՀՀ տրանսպորտի և կապի ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ) ավելացնել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, քանի որ հարցն առնչվում է համայնքների հետ և անհրաժեշտ է կանոնակարգել մարզպետարան-համայնք աշխատանքները:

Համալիր ծրագիրը կնպաստի Սևանի իշխանի պաշարների վերականգնմանը

Լրամշակվել և այսօր կառավարության հավանությանն է արժանացել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը՝ 2016-2024 թթ. համար: Համալիր ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումն ու լճի հիմնախնդիրների լուծումն է: Համալիր ծրագրով նախատեսվում է ձկնաբուծական համալիրի ստեղծում, որն իր մեջ կներառի ձկան արտադրության արժեշղթայի հետևյալ օղակները` մանրաձկան տնտեսություն, լճում տեղակայված տնտեսություններ և վերամշակման գործարան: Նշված օղակներում կկազմակերպվի Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) արտադրությունից մինչև իրացում ողջ գործընթացը:

Վերոնշյալ ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 0.6445 հեկտար հողամաս: Ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն ապրանքային ձկան արտադրությունն իրականացնելու է լճում տեղակայված տնտեսություններում, որոնք կտեղակայվեն Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա: Հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է տեղակայման վայրի ուղղությամբ` ափին, ունենալ համապատասխան տարածք` նախ լճում տեղակայվող տնտեսության հիմնման, ապա նաև սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Գործադիրն ընդունել է «Սևանա լճում էկոհամակարգերի վերականգնման նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել՝ Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել համալիր ծրագրի շրջանակում՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով և ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով:

Գայլերի թվաքանակը կարգավորելու և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու, ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը կանխարգելելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշման այն ենթակետը, որով թույլատրվում էր որս իրականացնել ինքնաորս գործիքներով՝ թակարդներով, քանի որ դրանցով գայլերից բացի որսվում են նաև այլ կենդանիներ:

Այլ որոշումներ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին: Ըստ այդմ՝ հանձնարարվել է   ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ մինչև ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, իսկ ֆինանսների նախարարին` այդ դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված հաշվետվությունը մինչև ապրիլի 29-ը ներկայացնել ՀՀ կառավարություն:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքներին իրենց կողմից զբաղեցրած սենյակները նվիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Առաջարկվում է փախստական 6 ընտանիքների կողմից զբաղեցրած սենյակները նվիրել փախստականներին ՝ որոշման մեջ փոփոխելով սենյակների նվիրառուներին:

Կառավարությունը հաստատել է «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերի գծով ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները: Արդյունքում` տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտության կաբինետները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Հարցի հետ կապված վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է հնարավորինս բացառել մեկ անձից կատարվող գնումները և անցնել բանակցային եղանակով գնումների կատարման:

Գործադիրն ընդունել է «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» որոշում: Մարզագույքի բաշխման ժամանակ հաշվի են առնվում վերանորոգված ու կառուցված մարզադպրոցներին մարզագույքի տրամադրման նպատակահարմարությունը, մարզադպրոցները մարզագույքով համալրելու համաչափության և մարզագույքի օգտագործման արդյունավետության անհրաժեշտությունը, մարզադպրոցների սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը, մարզադպրոցի մարզիկների քանակը, մարզական նվաճումները, մարզադպրոցում մարզագույքի պահպանման պայմանները։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930