Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:
Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:
Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:
Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ’Ազերո Անտոնինոն (D’Asero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):
Կարդացեք նաև
Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպմանը:
Տեղեկանք. Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:
Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ., իսկ Սիցիլիայի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդն է:
ԱԳՆ հաղորդագրություն