Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Եթե 5-րդ ուղեգրի համար պետք լինի Բաքու մեկնել, Հովհաննես Բաչկովի հետ առաջինը ես կմեկնեմ»

Ապրիլ 21,2016 15:06

Թուրքիայում անցկացված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիս եկավ մի փոքր ուշացումով:

Aravot.am-ի հարցին, թե Ադրբեջանը մնո՞ւմ է միջազգային ֆեդերացիայի ֆինանսական կարեւոր գործընկերը, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Քանի դեռ նրանց նավթն ու փողերը չեն վերջացել, կմնա: Բայց դա մեզ համար նշանակություն չունի: Մենք օգտագործելու ենք մեր բռնցքամարտիկների ուժը, ՀԱՕԿ-ի եւ մեր ֆեդերացիայի միջազգային հեղինակությունն ու ֆեդերացիայի կշիռը, մեր նպատակին հասնելու համար, որոնցից մեկի վկայությունն էլ Թուրքիայում մեր տարած հաղթանակներն են: Թուրքերը ընդամենը երեք ուղեգիր ձեռք բերեցին, այն էլ՝ երբ մրցաշարն իրենց երկրում էր անցկացվում: Դրա համար միայն պետք է լավ աշխատել եւ պայքարել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ-որ կերպ հնարավորություն կա՞ Հովհաննես Բաչկովին էլ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու հարցում: «Դա մեր եւ ձեր մեծ ցանկությունն է, որի մասին մենք մտածում ենք: Բայց դժվար է: Ասեմ ինչու: Միակ մրցաշարը, որ ուղեգիր կարող է տալ, Բաքվի մրցաշարն է: Եթե գոնե 80 տոկոս վստահություն ունենանք, որ Հովհաննեսին այդ երկրում կթողնեն ուղեգիր ձեռք բերել, կգնանք: Ու առաջինն էլ ես կմեկնեմ նրա հետ: Բայց այդ հավատը չկա: Վստահ չենք, որ նրանք ամեն ինչ չեն անի, որպեսզի մենք զրկվենք այդ վարկանիշից:

Երկրորդ տարբերակը Չինաստանում կայանալիք պրոֆեսիոնալների վարկանիշային մրցաշարն է: Բայց այնտեղ էլ միջազգային ֆեդերացիան իր քվոտան ունի: Այնտեղ մասնակցելու են միայն այն բռնցքամարտիկները, որոնք ինչ-ինչ պարտադիր փուլեր անցել են: Բաչկովին դրան մասնակցելու իրավունք տալը օրենքից դուրս կլինի: Սպիտակ քարտն էլ է շատ բարդ, քանի որ այն տալիս են այն երկրներին, որոնք ոչ մի ուղեգիր չունեն: Տեսնենք: Ես տեղյակ եմ, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ ուղղությամբ ուզում է ամեն բան անել»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930