Թուրքական ապրանքները, ինչպես որ ծրագրել էին «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները, ոչ թե այրեցին, այլ նետեցին կառավարության առջեւի աղբամանը: Կառավարության շենքի առջեւ հավաքված ոստիկանները թույլ չտվեցին ապրանքներն այրել` պատճառաբանելով, որ արգելված է այդ տարածքում կրակ անել: Այսօր նախաձեռնության անդամները խանութներից գնել էին մի քանի անուն թուրքական ապրանք եւ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` քաղաքացիներին հորդորելով չգնել թուրքականը եւ նախապատվությունը տալ հայկական ապրանքներին, այդպիսով աջակցելով նաեւ տեղական արտադրողին: Իսկ այն ապրանքները, որոնց հայկականը չկա, գնել այլ երկրների արտադրությանը:
«Գնել թուրքական ապրանք, նշանակում է զինել թուրքական եւ ադրբեջանական բանակները, որոնց զենքն ուղղվում է հայ զինվորի դեմ: Շուկայում կան եւ որակով եւ գնային տարբերակով համարժեք ապրանքներ, եւ մենք կոչ ենք անում չգնել թուրքականը: Թուրքիան, ինչպես հայտն է, ահաբեկիչներին հովանավորող երկիր է, եւ աշխարհի որ ծայրում էլ լինի, եթե գնում ենք թուրքական ապրանք, ապա հովանավորում ենք ահաբեկչությանը: Մենք հասկանում ենք, որ միայն մեր չգնելով, Թուրքիայի տնտեսությունը կոլապսի չի ենթարկվի, քանի որ հայկական հողերի հաշվին Թուրքիան այսօր մեծ պետություն է, բայց մենք մեր հերթին պետք է հրաժարվենք»,-ասաց նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը:
Ակցիային միացել էին նաեւ քաղաքացիներ, որոնցից մեկը ադրբեջանական արտադրության փոցխ էր բերել ոչնչացնելու, որը գնել էր հայկական շուկայից:
Թե ինչպես է նախաձեռնությունը ոչնչացնում թուրքական ապրանքները` դիտեք տեսանյութում
Կարդացեք նաև
Նախաձեռնությունը երեք-չորս էջից բաղկացած նամակ էր պատրաստել կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով Թուրքականին այլընտրանքային շուկաներ գտնել եւ աջակցել գործարարներին, որպեսզի նրանք կարողանան առեւտրի ուղղությունը փոխել եւ առեւտուր կազմակերպեն ԵՏՄ եւ այլ երկրների հետ:
Ըստ Արման Ղուկասյանի, կառավարությունը պետք է հարկային ու մաքսային այնպիսի քաղաքականություն մշակի, որպեսզի գործարարները աստիճանաբար անցնեն այլ շուկաներ:
«Առաջարկում ենք միկրոբիզնեսը ազատել հարկերից, օրինագիծ մշակել եւ ԱԺ-ն օրենք ընդունի, որ արգելվի Թուրքայից եւ Ադրբեջանից ապրանքներ ընդունել, այսօր չկա այդպիսի օրենք: Երկու տարի առաջ ադրբեջանական սխտոր էր վաճառվում խանութում: Կարող ենք օգտագործել պարսկական շուկան, ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի մարդիկ կարողանան իրագործել, որովհետեւ ամենակարեւոր փաստարկն այն է, որ, եթե հրաժարվում ենք թուրքականից, ապա ի՞նչ անի սովորական ժողովուրդը»:
Նախաձեռնության անդամները տնտեսագետների օգնությամբ հաշվարկել են եւ պարզել, որ թուրքական ապրանքներից հրաժարվելու համար ընդամենը երկու տարի է պետք:
Հարցին, թե ներկրողները հայտնի՞ են, մասնավորապես ովքեր են ներկրում թուրքական ապրանքները, ըստ որոշ տեղեկությունների դրանք օլիգարխների բիզնեսներն են եւ արդյոք կկարողանան օլիգարխների դեմ պայքարել, նախաձեռնության անդամներն ասացին, որ իրենց կոչը օլիգարխներին էլ է վերաբերում:
Եթե կառավարությունը չկիսի նախաձեռնության մտահոգությունը, երիտասարդները շարունակելու են պայքարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ