Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճեցին օլիմպիական 4 ուղեգիր, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատմեց մեր համար այդ վարկանիշային մրցաշարի նշանակության եւ բռնցքամարտիկների մրցելույթների մասին: «Մասնակցում էր 49 երկրի 236 բռնցքամարտիկ: Մրցաշարը լարվածությամբ չես համեմատի ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության հետ: Բոլորն էլ եկել էին անպայման ուղեգիր նվաճելու վճռականությամբ: Մենք նույնպես: Գիտակցում էինք, որ սա մեր վերջին շանսն է (շատ չնչին է Բաքվում կայանալիք վերջին վարկանիշային մրցաշարին մեր մասնակցելու հավանականությունը): Մեկնելուց առաջ օդանավակայանում ես լրագրողներից մեկի հարցին պատասխանել էի, որ մենք էլ Թուրքիա գնում ենք մեր պատերազմին: Ու շնորհակալ եմ տղաներից, որ նրանք այդ պատերազմում հաղթեցին: Մենք այդ հաղթանակը նվիրում ենք Ղարաբաղում զոհված մեր հերոսներին, այսօր էլ սահմանը պաշտպանող զինվորներին:
Ես տղաներին ասում էի, որ մարզական պայքարից զատ, մենք այնտեղ բարոյապես պարտվելու իրավունք չունենք: Չորս ուղեգիր: Իհարկե, գոհ եմ: Կարող էինք 5-ն էլ ունենալ, եթե Հովհաննես Բաչկովի հաղթած մենամարտը մրցակցին չտային: Կարող էր նաեւ 3 ուղեգիր լինել, քանի որ գիտակցում էինք, թե մրցաշարը որտեղ է անցկացվում եւ մրցավարությունում ինչեր կարող էին լինել: Քառօրյա պատերազմն սկսվելուց հետո ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը երբ հայտարարեց, որ չենք մեկնելու Թուրքիա, նկատի ուներ միայն ու միայն տղաների անվտանգությունը: Հետո հանդիպեցինք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նա այդ ընթացքում ՄՕԿ-ից եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ էր ստացել: Ու մեկնեցինք: Դրա համար շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին եւ մեր ֆեդերացիայի նախագահին՝ վերջին շանսից օգտվելու հնարավորություն ստանալու համար: Դա էր ճիշտը: Յուրաքանչյուր մարզիկի նվիրական երազանքը օլիմպիական խաղերին մասնակցելն է: Եթե չմեկնեինք, դա կնշանակեր, որ տղաների տարիների չարչարանքը անտեղի ջուրն էր ընկնելու», – ասաց Կարեն Աղամալյանը:
Խոսելով արդեն օլիմպիական խաղերի նախապատրաստության ծրագրերի մասին՝ նա ասաց, որ նախապատրաստվելու են Հայաստանում՝ Երեւանում, Ծաղկաձորում եւ Աբովյանում: «Մենք հիմա պետք է մոռանանք մրցաշարի, ուղեգրերի մասին եւ մտածենք, թե ինչպես ենք օլիմպիական խաղերից մեդալ բերելու: Ես վստահ եմ նրանց ուժերին: Այս տղաների հետ ամեն ինչ էլ հնարավոր է անել», – ասաց մասնագետը եւ ավելացրեց, որ նախապատրաստական եզրափակիչ փուլի ընթացքում անպայման պետք է բռնցքամարտի ասիական դպրոցի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ