Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մարտավարական խնդիրներում մեր դաշնակիցը չէ». Աշոտ Մելքոնյան

Ապրիլ 21,2016 14:13

«Սա մեր սովորական պատմությունն է, ավելին՝ հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան բարենպաստ վիճակում չի եղել. ունի երկու պետություն և ուժեղ հայոց բանակ»,- այսօր անդրադառնալով ԼՂՀ շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ «Նոյյան տապան» ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա, մեր բանակը մեր հաջողության գրավականն է. «Մեր պետականության գլխավոր դրսևորումը հանդիսացող բանակը բարձր մակարդակի է, որքան էլ մարտահրավերները լինեն վտանգավոր, ի վիճակի ենք մարտահրավերները կանխել»:

Անդրադառնալով Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակից, պարոն Մելքոնյանը նշեց. «Ռազմավարական դաշնակից է, բայց մարտավարական խնդիրներում մեր դաշնակիցը չէ: Դաշնակիցն է մեր հարեւանին, որին կոչել է ռազմավարական գործընկեր: Սա անհասկանալի բանաձեւ է, բայց իրողություն է»:

Ըստ նրա, ռազմավարական առումով ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է, դա է փաստում ռուսական զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի վերահսկումը. «Գուցեեւ սիմվոլիկ ձեւով, սահմանափակ զորքով ու դրոշով, բայց քանի որ գոյություն ունի քաղաքական խնդիր, Ադրբեջանին չեն կարող անտեսել, որովհետեւ Ադրբեջանը շուտով կհայտնվի Թուրքիայի գրկում ամբողջովին եւ իբրեւ թե դրանով ՆԱՏՕ-ն կգա, կհասնի մինչեւ Հյուսիսային Կովկաս, դրանով է պայմանավորված Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքը»:

Պարոն Մելքոնյանի խոսքով, մեր ռազմավարական դաշնակիցը 1920-ականներին հայկական տարածքների հաշվին փորձեց քեմալական Թուրքիայի հետ մերձենալ, որը, ի դեպ, մոռացավ այդ մասին ու նետվեց Արևմուտքի գիրկն ու դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, այսօր էլ մեր հողերի զիջման հաշվին ՌԴ-ն փորձում է Ադրբեջանին պահել իրեն ու դրանով հեռացնել Թուրքիայից ու ՆԱՏՕ-ից. «Մի բան հստակ է, որ Ադրբեջանը, ունենալով նավթային միջոցներ, երբևէ կախված չի կարող լինել ՌԴ-ից։ Այս պատճառով Ռուսաստանը միակ հարցը, որ կարող է օգտագործել, Ղարաբաղի հարցն է»:

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ Թուրքիային մեղադրեց քառօրյա պատերազմ հրահրելու մեջ. «Այս հարցում անպայման Անկարայի հրահրումը պետք է նկատել՝ հաշվի առնելով Միջին Արեւելքի թեժ կետերում, սիրիական պատերազմում եւ կովկասյան տարածաշրջանում ռուսական գործոնի ազդեցիկությունը… հրահրվեց Թուրքիայի կողմից, կասեցվեց Ռուսաստանի կողմից: Այս հարցում Ռուսաստանի ցուցաբերած չեզոքությունը ցուցադրական չեզոքություն էր ե՛ւ սպառազինելու, ե՛ւ քաղաքական հայտարարությունների առումով: Մեր դաշնակցի հայտարարությունները ոչնչով չէին տարբերվում Արեւմտյան երկրների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարություններից…

Այս չեզոքությունը նպաստում է բանակցային գործընթացին։ Ռուսաստանն, ի վերջո, բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն ունի, և չէր կարող որևէ կողմին առավել աջակցել: Միջինարևելյան երկրների հայեցակետերին, պետք է նշել, որ Լիբանանը միակն էր, որ վերապահ մոտեցում ունեցավ, սա հաջողություն էր հայ համայնքի համար»,-ասաց նա։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930