Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմը Բաշ Քավրենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը:
Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետ Ստյոպա Չոբանյանն Aravot.am-ին ասաց, որ ապրիլի 5-ից անհետ կորած վաշտի հրամանատար, լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի հարազատները վերջնականապես համոզվել են, որ նրա մարմինն է: Հերոսին այսօր կտեղափոխեն իր ծննդավայր:
Արգիշտին ծնվել է 1991 թվականին, ամուսնացած չէ, ապրում էր հոր, մոր, քրոջ ու եղբոր հետ: Գյուղապետն ասաց, որ Արգիշտիի հայրը՝ պայմանագրային զինծառայող, ազատամարտիկ Արծվի Գաբոյանը պատերազմի օրերին որդուն հանդիպել է Արցախում. դա եղել է նրանց վերջին բաժանումը:
«Հայրը հայրենասեր մի անձ է, տղան էլ՝ հորից բեթար հայրենասեր: Զինվորականի գործը սիրում էր գժի պես, ուշքումիտքը զինվորական դառնալն էր: Կինս ուսուցչուհի է, միշտ խոսում էր Արգիշտիի՝ փոքր տարիքից հայրենիքը գժի պես սիրելուց, ոսկի երեխա է»,- ասաց գյուղապետը:
Կարդացեք նաև
Նա մղկտում է, որ իրենց փոքր գյուղից արդեն 3 հերոս են նահատակվել՝ Արման Անդրեասյանը, Արգիշտի Գաբոյանը, Բենիամին Եղոյանը, որը նույնպես Մեծ Մանթաշից է, բայց նրան հուղարկավորել են Եռաբլուրում:
Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ վաղը կլինի հերոսի հոգեհանգիստը, նրան կհուղարկավորեն շաբաթ օրը:
Նշենք, որ ծնողները մինչեւ վերջ չէին հավատում, որ իրենց որդին մահացած կլինի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ