Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները նոր հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին

Ապրիլ 21,2016 13:33

Ապրիլի 19-ի երեկոյան Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին: Փաստորեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան և ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի ևս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն և Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը և Ռաուֆուտի բանաձևի դրույթների իրականացումը, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն և ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտումը և հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Առաջ քաշվեց նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորուստների անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։

Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:

Պետք է նաև նշել, որ այսօր Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին, պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

 

 «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930