Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Ոչինչ չի կարող 100 տոկոսով բացառել ընտրակեղծիքները». «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 21,2016 13:08

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը

– Քանի որ եւ դուք, եւ ընդդիմությունը հայտարարում եք քննարկումները շարունակելու ցանկության մասին, հիմա ի՞նչ եք անելու, ո՞նց եք դա անելու։

– Ես կարծում եմ՝ հերթական փուլն ԱԺ-ում ԸՕ նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելն է, եւ տեսնենք, թե ինչպես կընթանան այդ նախագծի վերաբերյալ քննարկումները։ Քննարկումների արդյունքը ցույց կտա՝ որքանով է հաջողվել կամ չի հաջողվել լուծել հիմնական խնդիրները։ Այդ ժամանակ պատկերն ավելի պարզ կդառնա, եւ միգուցե հնարավոր լինի մեկ անգամ եւս անդրադարձ կատարելու։

– Կարո՞ղ ենք ասել, որ ԸՕ ձեր ներկայացրած տարբերակն այս առաջարկներն ընդունելուց հետո կբացառի ընտրակեղծիքները։

– Ոչինչ չի կարող 100 տոկոսով բացառել ընտրակեղծիքները, բայց մենք ընտրել ենք հետեւյալ ճանապարհը՝ փորձել ենք պարզեցնել գործընթացը, վերհանել առավել կրիտիկական 3 կետերը, որ պահանջում են հատուկ ուշադրություն, ավելին՝ մենք փորձել ենք շեշտը դնել ոչ թե անձանց, այլ մեխանիզմի վրա։ Այսինքն՝ մեխանիզմը պետք է լինի այնպիսին, որ թույլ տա միարժեքորեն բացահայտել հնարավոր բոլոր ընտրակեղծիքները։

Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը կատարել ապօրինություն եւ ենթադրենք՝ առանց վերցնելու ընտրողի քվեարկության կտրոնը, ինքնասոսնձվող դրոշմապիտակ փակցնել քվեաթերթիկին։ Իհարկե՝ կարող է։ Բայց մեխանիզմն արված է այնպես, որ այդ դեպքը միանգամից բացահայտվի, եւ մարդը անձնական պատասխանատվություն կրի։ Բավական է տալ ընդամենը մեկ դրոշմապիտակի պակասորդ, եւ գործը կուղարկվի իրավապահ մարմիններին։ Սա ինքնին ունի լուրջ, կանխարգելող նշանակություն։

– Հանրաքվեի օրինակը բերեմ. մի շարք անձինք ընտրակեղծարարության համար դատապարտվեցին ընդամենը 500-600 հազար դրամ տուգանքի կամ առավելագույնը՝ պայմանական ազատազրկման։ Ու ստացվեց՝ մեծ չէր պատիժը, որ մարդը իմանալով այդ ամենը, խուսափեր ընտրակեղծիք կատարելուց։

– Առաջնահերթ կարեւորությունը ոչ թե պատժի մեծությունն է, այլ պատժի անխուսափելիությունը։ Մեխանիզմը, որ մենք ենք առաջարկում, ապահովում է պատժի անխուսափելիություն։

– Ի դեպ, հանրաքվեի ժամանակ ընտրակեղծարարություն կատարած եւ դատապարտված կամ դեռ քննվող գործերում որպես մեղադրյալ ներգրավված անձանց մեջ քիչ չէին ՀՀԿ-ականները։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Կարծում եմ՝ եթե մեխանիզմը լիներ այնպես, որ բոլորը գիտակցեին՝ միանշանակ բացահայտվելու է ցանկացած ընտրախախտում (այլ ոչ թե՝ կարող է ուշադրություն չդարձնեն եւ չբացահայտվի իրենց արարքը), ապա դա կլիներ ամենամեծ կանխարգելող գործիքը։ Մեր առաջարկած նախագծում ներդրված մեխանիզմը հնարավորություն է ընձեռում բացահայտել ցանկացած ընտրախախտում:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Բնականաբար ոչինչ չի կարող 100 տոկոսով բացառել ընտրակեղծիքները,բայց չի կարելի ամեն անգամ ապահովել գրեթե 100 տոկոսանոց ընտրակեղծիքներ: Տարեց տարի դա վեր է ածվում նողկալի ավանդույթի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930