Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեզ աղետ է սպասվում». Պարույր Հայրիկյան

Ապրիլ 21,2016 12:27

«Հաշվի առնելով հայության անվտանգության հարցում մեր «ռազմավարական դաշնակից» համարվող ՌԴ թշնամական կեցվածքը, գիտակցելով, որ այն բխում է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական հակահայկական պայմանագրից, եւ ՀՀ անկախացումից հետո այդ պայմանագրին ՌԴ-ին հավատարիմ մնալու դիրքորոշումից, արձանագրելով՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագրից հրաժարվելով եւ ԵԱՏՄ-ին անդամակցելով, ՀՀ-ն ոչ միայն չհզորացավ, այլեւ ունեցավ տնտեսական, ընկերային եւ բարոյաքաղաքական անկում…

վստահ լինելով, որ օրվա հրամայականն է Հայաստանի հրաժարումը մեզ պարտադրված ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կեղծ միություններից, կազմակերպություններից՝ ազդարարում ենք, որ զարգացում եւ առաջընթաց ապրելու մերօրյա միակ գրավականը մեր ազգային արժեքներին հարազատ, մարդուն ելակետ, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը բարձրագույն արժեք համարող Արեւմուտքի երկրների, եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացումն է»,-սա քաղաքացիական հասարակության հայտարարությունն է, որը «Տեսակետ» ակումբում ընթերցեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ըստ նրա, իրենց հայտարարությանը կարող են միանալ թե քաղաքական ուժերից, թե սովորական քաղաքացիներ: Այժմ այս հայտարարությանը միացող քաղաքացիների ստորագրահավաք է սկսվել:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ ասաց, որ այդ հայտարարությանը միացել է՝ որպես անկախ քաղաքացի, ոչ թե կուսակցության առաջնորդ. «Նոր հոգեբանական եւ գիտակցական միջավայրում է հայտնվել մեր հասարակությունը, այդ միջավայրը տրամադրում է սպառնացող վտանգների պատճառով համախմբվել: Մեզ աղետ է սպասվում, եթե այս ընթացքով շարունակենք, մինչեւ հիմա աչք էինք փակում, որ ՀՀ-ն թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա ունենա մի պետություն, որը պայմանագիր ունի Հայաստանի դեմ ուղղված: Հայաստանում բոլորը կարող էին ռազմաբազա ունենալ, բացի այն պետությունից, որը հակահայկական պայմանագիր ունի»:

Տիգրան Խզմալյանն էլ ասաց, որ իրենց հայտարարությամբ ու դրա շուրջ համախմբմամբ սկսվում է ապագաղութացման գործընթացը:

«Քառօրյա պատերազմը օգնեց, որ վերադառնանք ճշմարտությանը, ՌԴ-ում հիմա որոշ ուժեր փորձում են ՀՀ իշխանություններին մեղավոր հանել կատարվածում՝ ասելով, որ Արեւմուտքի հետ հարաբերություններ պահպանելու համար սա եղավ: Քառօրյա պատերազմը հետեւանք է, որ թույլ ենք տվել Հայաստանում ռազմաբազա լինի: Մենք մոտ ենք մի պետության հետ, որը շարունակում է հայտարարել՝ մենք ձեր թշնամիներն են հայեր»:

Տիգրան Խզմալյանն էլ ասաց, թոր պատերազմը ուղիղ հետեւանք է սեպտեմբերի 3-ի խայտառակ պայմանագրի. «հենց այդ օրն էր դրվել քառօրյա պատերազմի հիմքը, քանզի մեզ շանտաժի ենթարկելով փորձում էին համոզել, որ մեր անվտանգությունն է պահանջում ԵՏՄ-ին անդամակցելը, բայց մենք տեսանք, որ այդ պատճառով կորցրինք մեր ազատությունը, անկախությունը, անվտանգությունն ու կանգնած ենք նաեւ պետականությունը կորցնելու վտանգի առջեւ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930