Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում կկայանա հայ ռեժիսորի ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)

Ապրիլ 21,2016 12:19

«Լոս Անջելես թայմս» հայտնի պարբերականը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին Լոս Անջելեսում, Գլենդելում, MGN Five Star Cinema-ում կայանալու է հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Ռեժիսոր Նարե Մկրտչյանը ծնվել է Երևանում, հայտնի մտավորականներ՝ կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանի և հեռուստալրագրող Հրաչուհի Տատուրյանի ընտանիքում: Նարեն Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ, սովորել է համաշխարհային կինոյի լավագույն դարբնոցներից մեկում՝ հանրահայտ USC School of Cinematic Arts-ում: Նարե Մկրտչյանը ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, աշխատել է այսօր ժամանակակից կինոյում հայտնի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Քլորիս Լիչմենը, Լոկլին Մունրոն, Մարկ Բոոնեն, Էդ Անսերը, Ֆլորենս Հենդերսոնը, Քևին Սորբոն և այլն:

film3 film4 film2

Ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի պրոդյուսերն է օսկարակիր Ռոբ Ֆրիդը: Ֆիլմը մարդկային մի պատմություն է հայ ռեժիսորի և թուրք կնոջ ճանապարհորդությունների մասին: Նրանք մարդիկ են, որոնց կյանքի վրա իր խորը ազդեցությունն է ունեցել և իր հետքն է թողել Ցեղասպանությունը։

«Ինձ համար կարևոր էր ստեղծել փաստագրական մի ֆիլմ, որը մարդկային կյանքի ընթացքի միջոցով կբացահայտեր, թե ինչպես է պատմության ընթացք փոխած այդ իրադարձությունը՝ Ցեղասպանությունն առայսօր իր ազդեցությունը թողնում մեզ վրա: Ֆիլմը պատրաստելով ես ըմբռնեցի այն տխուր իրողությունը, որ Ցեղասպանությունը չի ավարտվել սպանությունների ավարտով։ Ազդեցություններն իրականում շարունակվում են և անցնում սերնդեսերունդ »,- ասել է Նարե Մկրտչյանը։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած ամիսներին Թուրքիայում, որտեղ տաբու է դրված Ցեղասպանության վրա և Ցեղասպանության մասին խոսելը վտանգավոր է, ինչպես նաև Հայաստանում, նրա մայրաքաղաք Երևանում, որտեղ ինչպես միշտ, այնպես էլ Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվում՝ հիշելու իրենց նախնիներին և գլուխ խոնարհելու նրանց հիշատակի առաջ:

Նարե Մկրտչյանի մի հերոսուհին թրքուհի է: Նա իր ողջ գիտակցական կյանքն ապրել է որպես թրքուհի, մինչ այն պահը, երբ իմացել է, որ իր մեծ մայրը հայուհի է: Նա թաքցրել է իր ինքնությունը՝ անվտանգ ապրելու համար, բայց նրա ներսում կռվել են մի կողմից Ցեղասպանություն ապրածն ու մյուս կողմից՝ Ցեղասպանություն ժխտողը: Եվ, այնուամենայնիվ, նա համարձակություն է ունենում գալ Երևան, բարձրանալ Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին՝ իր մեջ շարունակելով ունենալ նույն կռիվը: Իսկ թրքուհուն հետևում է հայ ռեժիսորը, որը ծնվել է Ցեղասպանությունից շատ հետո, Ցեղասպանությունը վերապրածների շառավիղում և նրա հոգեկերտվածքում առկա են Ցեղասպանության ազդեցությունները:

Ֆիլմը, որի հիմքերը վավերագրական են, ցույց է տալիս, թե ինչպես է Ցեղասպանությունն ազդում մարդու ինքնության, նրա հոգեկերտվածքի, նրա ընկալումների վրա անգամ սերունդներ հետո և ինչպես է այն անընդհատ ապրում սերունդների հետ:

Ֆիլմի ցուցադրությունը MGN Five Star Cinema-ում շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը: Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ներկայացված է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին և հնարավոր է ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայանա ամռանը:

Աննա ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930