Ամերիկյան The Weekly Standard հանդեսում ծավալուն հոդված է հրապարակվել Հայաստանի Հանրապետության, մեր հարևանների և ընդհանրապես մեր տարածաշրջանի մասին։
Հոդվածի սկզբում նշվում է, որ հարևանների պարագայում Հայաստանի Հանրապետությանը բաժին են հասել բավականին կոշտ հարևաններ, որոնցից 3-ը իսլամադավան երկրներ են։ Հոդվածի սկզբում նշվում է նաև, որ Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, իսկ հայ-ռուսական համագործակցությունը Թուրքիայում ընկալվում է, որպես այդ երկրի անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիք։ Նշվում է նաև, որ Թուրքիան ցեղասպանության է ենթարկել շուրջ 1,5 միլիոն հայի։
Սկզբի հատվածից հետո հոդվածում պատմական ակնարկ է կատարվում Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Նշվում է, որ դարեր շարունակ հայերը եղել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ, դրանից հետո, որոշակի կարճ ժամանակ անց, Հայաստանը խորհրդայնացվել է։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Թուրքիան մեծ վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, շրջափակման մեջ պահելով մեր երկիրը։
Պատմական ակնարկից հետո հոդվածում անդրադարձ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններին, որտեղ նշվում է, որ Պուտինի վարչակարգը վերաբերվում է Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինային՝ որպես Խորհրդային նախկին կայսրության երկրամաս։ Բացի սրանից, քրիստոնյա Ռուսաստանն ինքն իրեն ընկալում է որպես իր հավատակից քրիստոնյաների պաշտպան։
Կարդացեք նաև
Հոդվածագիրը վերջում հանգում է հետևյալ եզրակացությանը. «Հայաստանը, որը իր պատմությամբ և մշակույթով նայում է դեպի Արևմուտքը, ինքն իրեն գտնում է Հայաստանի գոյությունը արմատախիլ անել ցանկացող Թուրքիայի երազանքների և Ռուսաստանի ազդեցությունը երկարաձգել փորձող Մոսկվայի հավակնությունների միջև»։
Հոդվածի վերջին մասում անդրադարձ է կատարվում նաև փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որի բռնատիրական վարչակարգի հրամանով այն կիրառվում է հայկական գյուղերի քաղաքացիականների և զինվորականների դեմ։