Մինչ միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ մասնավորապես Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, իրենց վերջին զեկույցներում նվազեցրին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները, տնտեսական ակտիվության ցուցանիշը դարձյալ բարելավվել է։ Վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին եռամսյակում գրանցվել է 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։
Հիշեցնենք, որ 2015թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 2,5 տոկոս էր։
Փետրվարին արձանագրված նահանջից հետո տնտեսական ակտիվությունը կրկին վերադարձել է հունվարի մակարդակին։ Նշենք, որ տարեսկզբի երկու ամիսներին ակտիվությունը 4,7 տոկոս էր։ Մարտին տնտեսական ակտիվությունը 6,6 տոկոս էր։
Տնտեսական գործընթացների աշխուժացմանը շարունակել են նպաստել արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները։ Եթե առաջինում տարեսկզբի երեք ամիսներին գրանցվել է 8,9, ապա երկրորդում՝ 9,6 տոկոս աճ։
Արդյունաբերության ոլորտում եռամսյակի ցուցանիշների վրա դրական ազդեցություն է ունեցել հատկապես հունվարին գրանցված աճը։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվա համեմատ այն կազմեց գրեթե 16 տոկոս։ Հետագա երկու ամիսներին տնտեսության այս ճյուղում թեեւ շարունակեց պահպանվել աճի տեմպը, այնուհանդերձ այն զգալիորեն զիջեց հունվարի մակարդակը։ Եթե փետրվարին արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նկատմամբ արտադրության ծավալները ավելացան 4,8 տոկոսով, ապա մարտին արդեն 7,2 տոկոս էր։
Տնտեսական ակտիվությանը նպաստած մյուս կարեւոր ոլորտը էներգետիկան է։ Առաջին եռամսյակում գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների 5 տոկոս ավելացում։ Տնտեսության այս ճյուղում արձանագրված աճը պայմանավորված է առաջին հերթին արտահանման ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխություններով։ Խոսքը Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող գործակցության մասին է։
Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը դեպի Իրան ավելացել է 3,1 անգամ։ Եռամսյակի տվյալները դեռեւս չեն հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ նույն միտումները պահպանվել են նաեւ մարտին։
Առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 3,3 տոկոս աճ։ Տարեսկզբի երկու ամիսների համեմատ այն մի փոքր բարելավվել է, թեեւ դեռ վաղ է խոսել աճի նախորդ տարվա մակարդակի վերականգնման մասին։
Ինչպես հայտնի է, անցած տարի գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները ավելացան 11 տոկոսով։ Սակայն գյուղատնտեսական տարվա մեկնարկն այս անգամ լավ չդասավորվեց տնտեսության այդ ճյուղի համար։ Արձանագրված ցրտահարությունները զգալի վնաս հասցրին որոշ մշակաբույսերի։ Ուստի այս տարի աճի մեծ ակնկալիքներ գյուղատնտեսության ոլորտից դժվար է ունենալ։
Կարդացեք նաև
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում