Ռուսական մամուլում արդեն շրջանառվում է լավրովյան այցի բուն նպատակը՝ այն առաջարկությունների փաթեթը, որ դրվելու է մեր իշխանությունների առջեւ։ Ըստ այդմ, Լավրովի ձեռքով Մոսկվան առաջարկ է ուղարկում Երեւան, ըստ ռուսական հեղինակավոր պարբերականների, իրականում դա լինելու է Մադրիդյան սկզբունքների «արդիականացված տարբերակը», որը նաեւ «Կազանյան փաստաթուղթ» անունն է ստացել։ Դա իրենից ներկայացնում է Ադրբեջանին տալ բուֆերային գոտու 5 շրջան, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահ ուժերի տեղակայում։
«Իսկ ԼՂ կարգավիճակի մասին, ակնհայտ է, որ այս փուլում խոսք գնալ չի կարող, քանի՝ որ կողմերից մեկի օգտին յուրաքանչյուր որոշման պարագայում մյուս կողմը երես կթեքի Ռուսաստանից։ Իսկ դա Ռուսաստանի շահերից չի բխում»,- այսպիսի տեսակետ է հայտնել ռուսական «Независимая газета»-ն։
«Ժառանգության» նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ այս առումով ասաց. «Դա պարզապես Մադրիդյան սկզբունքներից վերցված մի քանի խնդիրներ եւ սկզբունքներ են, դրանք դասավորված են ըստ ցանկալի հերթականության, այն հերթականության, որով Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջ պլանը սա է։ Մադրիդյան այն 6 խնդիրներն ու 3 սկզբունքները, որ կան, դրանցից պարոն Լավրովն ընտրել է այն, ինչն ամրագրել են Ադրբեջանի հետ պայմանագրում։ Դա վերաբերում է տարածքների վերադարձին, փախստականների բնակեցմանը եւ խաղաղապահների տեղակայմանը»։
Իսկ որոշիչ կարո՞ղ է լինել Լավրովի այցը, թե՝ ոչ։ Սաֆարյանը թերահավատություն ցուցաբերեց. «Ըստ էության՝ մեր կողմից առաջինը դրվելու է Ղարաբաղի ճանաչման հարցը, բնականաբար, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի ընդունելու, հետեւաբար, այս այցի պլանն էլ դատապարտված է տապալման»։
Կարդացեք նաև
ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն էլ Լավրովի կապակցությամբ խնդրեց ամրագրել հետեւյալը. «Վտանգավորը եւ սպառնալիքը ոչ թե Լավրովի այցն է, այլ ռուսական ծրագիրը, որն իրականացվում է Ադրբեջանի հետ արդեն վաղուց։ Այսինքն՝ վտանգավորը ռուս-ադրբեջանական՝ վաղուց նախապատրաստված եւ արդեն գործողության մեջ դրված ծրագիրն է»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում