Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղսրտելու ժամանակն անցել է

Ապրիլ 21,2016 10:08

Ինչ-որ մենք՝ հայերս, վերջերս շատ ենք ամբողջ աշխարհից նեղանում: Տեղ ունենք, իհարկե, բայց 10 օր հույզերով ապրելուց եւ փրփրելուց հետո արժե, թերեւս, փոքր-ինչ «սառչել» եւ սթափ գնահատել իրավիճակը:

Այո, Ռուսաստանի քաղաքականությունն այսպիսին է` այդ երկիրն իրար վրա «քսի է տալիս» ժողովուրդներին, երկուսին էլ զինում է, կռվացնում է, որպեսզի երկուսի նկատմամբ էլ պահպանի իր ազդեցությունը: Այդպես են դարերի ընթացքում վարվում բոլոր կայսրությունները: Մեր նեղանալուց այդ քաղաքականությունը կփոխվի՞: Իհարկե, մենք պետք է հասկացնենք, որ գիտենք այդ քաղաքականության մասին, բայց վիրավորված երեխայի կեցվածքը ոչ մի օգուտ չի բերի: Մեր պետությունն ու հասարակությունը պետք է կառուցեն իրենց վարքը` այդ քաղաքականության փաստից ելնելով եւ «դաշնակցային» առանձին փութաջանություն չսպասելով այդ երկրից: Նազարբաեւն, այո, չպետք է ԵԱՏՄ-ի (իբր զուտ տնտեսական միության) հաշվին ցուցադրեր իր թուրքական կամ իսլամական համերաշխությունը: Դրա մասին արժեր ասել, բայց այդ հիմքով պետք չէ հեռուն գնացող հետեւություններ անել Ղազախստանի եւ առավել եւս՝ ԵԱՏՄ-ի մասին: Եթե տարբերակ կա, լավ կլինի այդ կազմակերպությունից ընդհանրապես դուրս գալ, բայց Նազարբաեւն այստեղ կապ չունի:

Նույն ձեւով մենք դժգոհ ենք նաեւ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Իսրայելից եւ այլն: Աշխարհից նեղանալով՝ մեր ո՞ր գործերն ենք առաջ գցում: Առավել արդյունավետ է, կարծում եմ, այս բոլոր արտաքին իրողությունները հաշվի առնելով՝ հայացքն ուղղել ներքին խնդիրներին:

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության այս տարվա զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության առումով մենք (74-րդ տեղ) նույնիսկ Իտալիայից ենք առաջ (77-րդ տեղ)` էլ չասած տարբեր սուլթանությունները: Ճիշտն ասած, Իտալիայից կամ Հունաստանից (89-րդ տեղ) ավելի ազատ լինելու հարցում ես փոքր-ինչ կասկածում եմ (ասիական պետությունների, այդ թվում հարեւան «սուլթանությունների» հարցում վստահ եմ), բայց բոլոր դեպքերում հաճելի է: Եկեք, սակայն, այս դեպքում համեմատվենք ոչ թե այլ պետությունների, այլ մեր իսկ` այլ ոլորտներում ցուցանիշների հետ: Ո՞ր տեղում է Հայաստանը կոռուպցիայի մակարդակով, տնտեսությունում մենաշնորհների ծավալով, ամեն տարի արտագաղթողների տոկոսով, աղքատների տոկոսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահության առումով: Այդ ցուցանիշների մի մասը չափվում է, մյուսը, հավանաբար, գիտական չափանիշներով որոշելը դժվար է, բայց այս հարցերում մենք հաստատ չենք կարող ոտք գցել ԵՄ պետությունների հետ, ինչպես որ, ըստ RSF-ի, դա անում ենք մամուլի ազատության առումով:

Թվում է, թե ես շեղվել եմ թեմայից, բայց իրականում թեմայի մեջ եմ: Որովհետեւ ռազմի դաշտում եւ դիվանագիտության մեջ դիմադրությունը շարունակելու համար մեզ պինդ թիկունք է պետք: Իսկ «պինդը» մեր դեպքում թե՛ տնտեսական զարգացման տեմպերով եւ թե՛ ժողովրդավարությամբ հարեւաններից մի քանի գլուխ բարձր լինելն է:
Այս առիթով նույնպես կարելի է արտասանել բազմաթիվ ամպագոռգոռ, ամբոխահաճո եւ սրտաճմլիկ բառեր: Բայց դրանց ժամանակն էլ է, կարծես թե, անցել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Իսկ եղե՞լ է կամ լինելո՞ւ է նեղանալու ժամանակ:ե՞րբ
    Օվբաթ բաներ են գրում մեկ մեկ-
    իբր շատ բաների ժամանակն է անցել-ցույցերի, ցեղասպանություների, չգիտեմ ինչերի,,,
    բայց ով ա որոշում էդ ժամանակը????

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Որ «ամպագոռգոռն» ավելացել է՝ փաստ է: Նաև անելիքի իմաստով, ինչը ոգևորության արդյունք է: Իրականում ներքին կյանքի կազմակերպման հարցը մնում է ամենակարևորը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել այս պայմաններում: Մեր իշխանությունների և ընդդիմության միասնական ջանքերով դա կարելի անել: Իսկ Հայաստանում աշխատանքի առկայությունը շատ արագ ներգաղթը կմեծացնի: Այսօր հարմար ժամանակ է: Մեր ժողովուրդի վիճակը Ռուսաստանում ճգնաժամի և տնտեսական քաղաքականության պատճառով, մեղմ ասած, լավ չէ: Շատերը առանց երկմտելու կվերադառնան:

  3. henri says:

    Յաճախ լուսամիտ գաղափարներ կ`անցնին մտքովս ծնած մեր ներկայ իրավիճակէն ; Օրինակ `
    ձեր հաղորդումներուն յաճախ կը հրաւիրէք այնպիսի հասուն քաղաքագէտներ-տնտեսագէտներ- զինուորականներ եւ արուեստի մարդիկ որոնց հետ կ`ունենաք վերլուծական հարցազրոյցներ /ինծի համար յայտնութիւններ են/ վերջապէս նոր դէմքեր ,որ ուրախութիւն կը պատճառեն բայց ինչ է պատճառը որ մեր երկրին ղեկավարութիւնը կը շարունակէ մնալ Մականունաւոր նոյն անձերու և կուսակցութիւններու ձեռքը , որ ամենալաւ պարագային անուն միայն կը փոխեն ,կարծելով որ մեր յիշողութիւնը կարճ է;Ես հակուած եմ իրաւունք տալու նոր սերունդի երիտասարդներուն որ կը պայքարին ամենամաքուր զգացումներով, ցնցելու այս իրավիճակը `օգտագործելու համար այդ նորայայտ ուժերը;

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/04/21/682443/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Հ.Շ. says:

    Մեծ հաճոյքով եւ ուրախութեամբ պիտի խօսէինք բացառապէս այլ նիւթերի մասին, եթէ, գրեթէ ամէն օր, նոր մահացած զինվորի մը բոթը չիմանայինք: Ամէն առաւօտ դողալով մօտենում եմ Համակարքիչին…

    Սակայն Խմբագրի նման ճիգ թափելով որ նորմալ կացութեան վերադառնանք (եթէ այդպիսի բան կայ մեզի համար…), այլ երկիրների հետ բաղդատականների կարգին, որպէս մի էական ոլորտում շատ կարեւոր ու դրական ցուցանիշ, կ’արժէ նշել՝ բիրտ ոճրագործական արարքների համեմատական սակավաթվութիւնը Հայաստանում (ամէն անգամ հարկաւոր չէ նշել՝ Արցախի նահանգը ներառեալ): Եւ այդ, հակառակ տնտեսական արտակարգօրէն դժնդակ պայմաններին:

    Գիտեմ որ վերջերս շատ ցաւ պատճառող մարդասպանութիւն մը տեղի ունեցաւ, սակայն թվաբանականօրէն եւ առարկայականօրէն, բիրտ ոճիրների ոլորտում, համեմատական կարգով, աշխարհի տարածքին նախանձելի տեղ ենք դասվում, ապահովաբար: Տուեալ մը, որու արժէքը մասնաւորապէս բարձր է, եթէ նկատի ունենանք երեխաների եւ պատանիների նկատմամբ այլազան եւ աներեւակելի վայրագութիւնների թիւն ու տեսակը, այլ երկիրներում – յատկապէս Արեւմուտքի մէջ – :

    Իսկապէս շատ բաներ ունինք, զուտ մարդկային մակարդակի վրայ, որոնցմով պէտք է որ իրաւացիօրէն հպարտանանք:

  5. ominac says:

    Ինչքան ալ աշխարհէն նեղանանք, բան մը չի փոխուիր․ Մենք մեզէն պէտք է նեղանանք որ փոխուինք։
    Ցուցադրականէն շատ համ կառնենք։ Մշակոյթով յետամնաց ազգ ենք։ Մէկը չի կրնար Հարիւր տարի զարնուիլ եւ դեր կարծէ որ ինչ որ խելօք կողմ ունի։ Երկու կողմներիս թուրքով լեցուն է, եւ 30 տարուայ մէջ մէկ հատ ընտրութիւն չի կրցանք ընել առանց զեղծարարութեան։ Ուրիշ պետութիւններ երբ նեղը իննան, իրենց բացթողումները կը փակէն պարտքով, իսկ մենք քանի պարտք չենք կրնար առնել , մեր 18 տարեկաններու արիւնով կը փակենք մեր սխալները։ Միայն եթէ երեխեկը գիտնան որ իրենց հայրը ու մայրը բան մը կընէ։ օրինակ ընտրութեան զեղծարարութեան դէմ չեն պայքարիր։ կաշառակերութիւնը ընդունուած է։ ատոր համար ալ կը մեռնին։ Ան որ շատ կը սիրեն, այդ է իրենց մեռցնողը։

  6. henri says:

    Շատ ճիշդ էք-Այդ մէկը կը պարտինք մեր քրիստոնեայ մշակոյթին հիմնականօրէն որ երկու հազար տարիներու պատմութիւն ունի -միաձոյլ ժողովուրդ ենք -կ`ապրինք մարդկային սկզբունքներով, գիտակից և նախանձախնդիր ենք մեր արժանապատւութեան ;մեր գլխուն եկած անվերջ պատերազմները /հայրենական- կոմունիստական անմեղ զոհերը -գնդակահարութիւններն ու կացինահարութիւնները մեր մտաւորական ընտրանիին մեզ խանգարած են վերջին հարիւրամեակներուն,այնուհանդերձ հիմնականօրէն շատ քիչ շեղած ենք մեր մարդկային ապրելակերպէն որ տրուած չէ ներկայ բազմաթիւ խառնապուր պետութիւններուն /բաւ է ակնարկ մը տալ մեր շուրջը/ ;

  7. Анаит says:

    МОСКВА, 21 апр — РИА Новости. Гигантские плакаты провокационного содержания появились в центре Нью-Йорка, на Таймс-сквер, и в Бостоне. Кроме того, реклама той же кампании вышла на страницах деловой газеты The Wall Street Journal.

    РИА Новости https://ria.ru/world/20160421/1416397871.html#ixzz46TRS2vCX Интересно,а Ваша газета напечатает про это или похожие статьи? почитайте,очень интересно!

  8. Լավատես says:

    Մարդ պետք է սիրի ամեն ինչ, ինչն իրենն է՝ առանց խտրականանություն դնելու իրեն պատկանող լավի ու իրեն պատկանող վատի միջեւ: Լավին սիրելը հասկանալի է, բայց վատին ո՞նց սիրես: Քանի դեռ էդ վատը քոնն է՝ պետք է սիրես, հենց էդ վատին սիրելով ոչնչացնես, դա արդեն քոնը չի լինի, քանի որ էդ վատն այլեւս գոյություն չի ունենա: Էլ սիրելս ո՞րն էր, որ պետք է ոչնչացնես: Լավ խնդիրը՝ լուծված խնդիրն է, վատ խնդիրը՝ չլուծված խնդիրն է, մարդ պետք է սիրի խնդիր լուծել, այսինքն՝ սերը պայքարի ու հաջող արդյունքի մեջ է եւ որպես մրցանակ ստանում լուծված խնդիր: Կարճ ասած, մենք պետք է սիրենք պայքարել, դրա համար որպես պայքարի թիրախ անհրաժեշտ են ոչ միայն արտաքին թշնամիներ, այլեւ ներքին կաշառակերներ, անգրագետ ղեկավարներ ու այլ նման փորձանյութեր:

Պատասխանել