Մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը չի հասկանում
ՀՀ իշխանության դժգոհությունը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասով:
«Ինձ համար անակնկալ կամ զարմանալի չէին այդ հայտարարությունները: Բայց հիմա հարցն այն չէ, թե մի նացիստ, որն այդ գաղափարից բացի՝ այլ բան չունի, ինչ կամ ինչպես է ասել: Դրա համար վատ զգալ կամ դրանից նեղվել պետք չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չորսօրյա պատերազմից հետո ՌԴ վարչապետի եւ փոխվարչապետի այն հայտարարություններին, որ ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը, հիշեցնենք, բավական կոպիտ էր արտահայտվել: «Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»,- ասել էր Ռագոզինը: Արբակ Խաչատրյանը հիշեցնում է, որ դեռ 2008 թվականին, երբ կնքվեց ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության պայմանագիրը, արդեն իսկ ակնհայտ էին ՌԴ-ի աշխարհաքաղաքական նկրտումները, որոնք չէին կարող չշոշափել Հայաստանի շահը եւ բացասական հետք չթողնել: Նա չի հասկանում Հայաստանի իշխանական շրջանակում այդ առիթով առաջացած դժգոհությունները. «Այնպիսի դիրք ունենայիք, որ այդ զենքը չվաճառվեր Ադրբեջանին: Ժամանակին դիմեիք ՄԱԿ-ին` ասելով, որ պատերազմական իրավիճակ է, եւ իրավունք չկա զենք վաճառելու: Որեւէ մի դիվանագիտական կառույց ՌԴ-ի քայլերի դեմ որեւէ մի բան ձեռնարկե՞լ է: Համարձակությունները չի հերիքել: Հիմա ես չգիտեմ՝ համարձակությունները հերիքո՞ւմ է:
Տեսնենք»: Ըստ նրա՝ այժմ հարցն այն է, թե ինչպե՞ս կարելի է այս իրավիճակը շտկել` ովքե՞ր էին այս ամենի մեղավորները, ինչո՞ւ էին ժողովրդին խաբում: «Այս պատերազմը ցույց տվեց, թե պետականության եւ ժողովրդի համար ինչքան վտանգավոր են այն «քաղաքական դեմքերը», որոնք ամեն օր ասում էին` հարց չկա: Անձնական հարաբերությունները երբեք պետք չէ խառնել պետականի հետ: Մարդիկ ուրախանում էին` Պուտինը Սերժին լավ է ընդունել եւ այլն, բայց կյանքը ցույց տվեց, որ կան աշխարհաքաղաքական, ռազմավարական հարցեր: Ամբողջ աշխարհը կողմերին կոչ արեց հանդարտության, բայց բոլորն էլ շատ լավ գիտեին, թե ով է սկսել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ դեռ տասը տարի առաջ Ադրբեջանի հետ կնքված տարատեսակ տնտեսական պայմանագրերը աշխարհում բարձրացրեցին Ադրբեջանի դերը, եւ երբ այդ առիթով ահազանգեր էին հնչում, Հայաստանի իշխող վերնախավից որեւէ արձագանք չեղավ, ավելին՝ որեւէ պետական, քաղաքական, դիվանագիտական ինստիտուտ չաշխատեց այս ընթացքում: Արբակ Խաչատրյանը եւս զգուշացնում է` վտանգը դեռ առկախված է, չի բացառվում, որ կրոնական աստառ տրվի Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումներին, եւ եթե սկսեն Հայաստան պետության դեմ օգտագործվել առանձին անհատների կողմից պետությունից գողացված եւ արտասահմանյան բանկերում պահված կամ տարբեր երկրներում, տարբեր գործարքների մեջ դրված գումարները, առավել ծանր կացություն կստեղծվի: «Սխալներ, այդ թվում նաեւ՝ դիվանագիտական, լինում են, բայց ժամանակին ետ կանգնելը էլի լավ է: Պետք է գոնե հիմա այնպես աշխատել, որ աշխարհը սեպտեմբերի 3-ը` ԵԱՏՄ-ին անդամակցությունը, չհիշի»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նա ծիծաղելու աստիճան չնչին է համարում այն օգնությունը, որը պետությունը որոշել է տրամադրել չորսօրյա պատերազմում զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին, քանի որ ներկայիս իշխանավորները հենց պետական լծակներն օգտագործելով՝ 200-300 միլիոն դոլարներ են հանել երկրից: Նա չի հասկանում նաեւ աշխարհասփյուռ հայերին զենքի փող հավաքելու կոչով դիմելը. «Ձեր օգտին մի կոմերցիոն գործարքի համար հավաքվում եք, տասնյակ միլիոնների պայմանագրեր եք կնքում, նույն կերպ հավաքվեիք, այդ քայլը կատարեիք: Ոչ թե ամբողջ աշխարհի հայերին ասեիք` հավաքեք, որ հակահարված ստանայիք: Խնդիրը հակահարվածը չի, այլ այդ քայլի արդյունավետությունը: Այսինքն՝ բողոքի տեղ են ստեղծում»: Արբակ Խաչատրյանը կարծում է, որ հիմա Հայաստանում էլ պետք է շարժվեն Ռուսաստանի օրինակով եւ ետ բերեն այն գումարները, որոնք պետությանն են պատկանում. «Եթե Պուտինը Պրոխորովին կամ մյուսներին ասեր` հինգ տոկոսը բերեք ետ, չէին բերի, ուստի Ռուսաստանը փրկելու համար ամբողջն է ետ բերում. հիպոթեքի հիսուն տոկոսը ներում է, վարկերը սառեցնում է` փակելով բանկերը, հասկանալով, որ դա Ռուսաստանի ժողովրդին ջարդում է: Այն գումարները, որոնք 15-25 տարվա ընթացքում դուրս են բերվել Հայաստանից, եթե ետ բերվեն, երկրի 20-25 տարվա բյուջեն կապահովվի ու Ադրբեջանի` Ռուսաստանից գնված չորս միլիարդի զենքի դեմ զենք կհանվի: Նաեւ քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն այն մարդիկ, ովքեր հիմքեր ստեղծեցին, որպեսզի երիտասարդությունը հեռանա Հայաստանից, այլ տեղերում աշխատանք փնտրի»:
«Առավոտի» դիտարկմանը, որ այս ընթացքում Ռուսաստանի հայ համայնքն աչքի ընկավ իր պասիվությամբ, քաղաքացիական դիրքորոշման բացակայությամբ, Արբակ Խաչատրյանը նկատեց, որ Ռուսաստանի հայ համայնքը չէր էլ կարող ակտիվ լինել, քանի որ այս քսան տարիների ընթացքում համայնքը ձեւավորվել է մի սկզբունքի շուրջ` «այսինչը Պուտինի հետ մտերիմ է, այնինչը հարց լուծող է, մյուսն էլ ատկատների հարցով է զբաղվում»: Նրա կարծիքով՝ միասնության, ընդհանուր, հանուն ազգի ու պետության, շահի բացակայությունը նաեւ գիտակ երիտասարդներին ստիպեցին գնալ «տարգաշների» ճանապարհով: Այժմ, սակայն, չորսօրյա պատերազմից դասեր քաղած, ըստ մեր զրուցակցի, որոշակի հանդիպումներ, քննարկումներ են լինում. «Երիտասարդները սկսում են հասկանալ, որ կոռուպցիոն համակարգում աշխատած գումարները չեն կարող մարսվել, դու քո իրավունքի ու շահի համար պայքարել չես կարող, եթե հիմքը մաքուր չէ: Ինչո՞ւ որեւէ մեկը դատական գործընթաց չսկսեց Մոսկվայում, մետրոների շրջակայքում ջարդված կրպակների համար: Սեփականատերերի մեջ, ի դեպ, հայեր էլ կային: Որովհետեւ բոլորն էլ խոստովանեցին` փաստաթղթերը գումարով էին սարքված: Օրենքի խախտումով աշխատած փողերը, որտեղ էլ ուզում է լինի, վտանգի տակ են: Իսկ եթե այդ գումարները պետությունից են գողացված, դրանք ամեն պահի օգտագործվելու են տվյալ անձի եւ պետության դեմ»:
Չորսօրյա պատերազմից քաղած մեր հիմնական դասը եւ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու միակ ճանապարհն, ըստ Արբակ Խաչատրյանի, պետք է լինի հետեւյալը. «Ժողովուրդը պիտի հավատա` մեղավորները պատասխան են տալու: Չպետք է ստիպել ժողովրդին` միացեք, գումար հավաքեք: Հայ ժողովուրդը առանց այդ էլ դժվար պահերին միացած է»: Հարցին` ի՞նչ քայլերով է պետք արագ շտկել իրավիճակը, Հայաստանում իշխող վերնախա՞վը պիտի քայլեր անի, թեþ ինքնակամ պետք է հեռանա, մեր զրուցակիցը պատկերավոր պատասխանեց. «Ոչ թե թողնեն` հեռանան, նրանց պետք է մտցնել լվացքի մեքենան եւ լվանալ: Ես չեմ ասում` բոլորը վատն են, բայց կան շատերը, որոնք պիտի պատասխան տան»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.04.2016
Վերջապես ռուսաստանաբնակ հայի մի խելացի վերլուծություն: Իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները մսխում են տեղի հայ համայնքի ներուժը, հնարավորությունները, ինչը իրենց զբաղեցրած պաշտոնների բերումով ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ուղղել ի նպաստ հենց այդ նույն համայնքի և Հայաստանի: