Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Ալիեւը տապալեց բանակցային հերթական ռաունդը

Ապրիլ 21,2016 15:30

Սկիզբը

Անցյալ շաբաթ կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում խոսել էր Կազանի փաստաթղթի մասին՝ նշելով, որ այն, ըստ էության, նույն Մադրիդյան փաստաթուղթն է՝ որոշ փոփոխություններով. «Քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ, ես կարող եմ ասել, որ այնտեղ կան ավելի շատ դրական փոփոխություններ Հայաստանի ու Ղարաբաղի համար, եթե համեմատենք Մադրիդի հետ, ավելին չեմ կարող ասել: Բայց մի բան կարող եմ արձանագրել, որ այն, ինչ հրապարակային տրված է համանախագահների հայտարարություններում, նույն տարրերն ու սկզբունքներն են»:

2011-ի գարնանից սկսած հունիսի 25-ին ծրագրված Կազանի հանդիպմանը լայնորեն անդրադառնում էր արեւմտյան մամուլը: Փորձագետները նշում էին, որ այդ հանդիպումը փակուղում հայտնված խնդիրը լուծելու լավագույն հնարավորությունն էր: The New York Times-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչն, օրինակ, ասել էր, որ բանակցություններին մեծամասամբ նոր ազդակ է հաղորդել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. «ՌԴ-ն նպատակ ունի Կազանում նախատեսված հանդիպման ընթացքում համոզել կողմերին համաձայնության գալ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան հինգ տարի»:

Կազանի հանդիպումից 10 օր առաջ` Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն լիահույս էին, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները թափ են հավաքում, եւ շատ հնարավոր է, որ Կազանում հանդիպմանը առաջընթաց արձանագրվի: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մանրամասնել էր, թե սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ՝ հիմնարար 14 դրույթներով. «Բանակցությունների տարբեր փուլերում Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են արտահայտվել ներկայացված սկզբունքներին, սակայն Սոչիում վերջին հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց, այսպես ասած՝ բանավոր համաձայնություն արձանագրել, եւ մենք հուսով ենք, որ այն կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում»,- նշել էր ֆրանսիացի համանախագահը։

ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպմանը որոշում պետք է ընդունեն ԼՂ հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի շուրջ՝ վստահեցնում էր ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը. «Մեծ սպասումներ կան։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ենթադրվում է, որ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ դիտարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների ամբողջական նախագիծը»։

Սերժ Սարգսյանը «լավ տրամադրությամբ» էր մեկնել Կազան

«Ես լավ տրամադրությամբ եւ կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով եմ գնում Կազան»,- բանակցություններից 2 օր առաջ Ստրասբուրգում լրագրողներին վստահեցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կազանում քննարկվելիք փաստաթուղթը, նրա խոսքերով՝ «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չի», բայց «հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրման, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»: «Այնպես որ՝ եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չկա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»,- նշել էր Հայաստանի նախագահը:

Կազանի հանդիպումից մեկ օր առաջ Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նկատել էր. «Միջազգային հանրությունը միշտ կոչ է արել Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին վերջնական պատասխան տալ` արդյոք մենք պատրա՞ստ ենք շարժվել դեպի լուծման՝ հիմք ընդունելով այս սկզբունքները։ Մեզ ասել են` պատասխանեք «այո» կամ «ոչ» անհապաղ: Ահա այս հարցին մենք պետք է պատասխանենք Կազանում»։

Հունիսի 23-ին Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահը կարեւորել էր Կազանում կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումը: Սերժ Սարգսյանը նշել էր, որ եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ: Սերժ Սարգսյանին ուղերձ էր հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` նշելով, որ «պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստության ու խաղաղության ճանապարհը»: Սարկոզիի համոզմամբ՝ «եկել էր այդ պահը»:

Կազանի հանդիպման նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ-ն: «Այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Մենք սպասում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական կարձագանքեն»,- նշում էր Մոսկվան` հույս հայտնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական կամք կցուցաբերեն եւ Կազանում կավարտեն ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը:

Կազանի բանակցությունների նախօրեին ռուսաստանյան «Կոմերսանտը» գրում էր «ազատագրված տարածքների վերադարձի եւ խաղաղության պայմանագրի» մասին: Ըստ թերթի՝ ստորագրվելու էր մի փաստաթուղթ, որը պարունակում էր արդեն 20 տարի չլուծված ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Թերթը նշում էր, որ միայն փաստաթղթի ստորագրումը կարող է կանխել ռազմական գործողությունների վերսկսումը բուն Ղարաբաղում։ ՌԴ ԱԳՆ-ում թերթի աղբյուրը նշել էր, թե` «հաջողությանն այսքան մոտ մենք դեռ երբեք չէինք եղել»: Դիվանագետներից մեկը, որը մասնակցել էր փաստաթղթի մշակմանը, «Կոմերսանտ»-ին ասել էր, որ նրանում Մադրիդյան սկզբունքներն են, որոնք նախատեսում են փուլային տարբերակ, իսկ ստորագրումից հետո երեք համանախագահող երկրների միջնորդությամբ մշակվելու է խաղաղության պայմանագիրը: Ըստ պարբերականի` փաստաթղթով հայկական կողմը պետք է վերադարձներ ԼՂ-ի հարակից 6 շրջանները, ինչպես նաեւ Լաչինի 13 գյուղեր, պահպանվելու էր կապը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, իսկ անվտանգությունն ապահովելու էին խաղաղապահ ուժերը: «Խաղաղությունը Անդրկովկասում համապատասխանում է ՌԴ-ի արմատական շահերին, այնպես որ՝ մենք շարունակելու ենք մեր միջնորդական գործունեությունն այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել էին Կրեմլից պարբերականին:
Հայաստանի եւ Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ են գործադրվում Կազանի հանդիպմանը բեկում գրանցելու նպատակով՝ գրում էր Reuters-ը՝ հավելելով, որ նախագահներ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը հուսով են, որ Կազանում կստորագրվի 14 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթը, որը հիմք կդնի խաղաղ կարգավորման բանակցություններին։

Երեւանը Կազանի ֆիասկոյի համար մեղադրեց Բաքվին

Հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեւել էր 3 ժամից ավելի: Սակայն հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում ասվում էր. «Պետության ղեկավարները հաստատել են մի շարք խնդիրների շուրջ փոխադարձ ըմբռնման կայացումը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծմանը»: Փաստաթղթում ասվում էր, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով անցկացրած աշխատանքների ընթացքը:

Այս հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Պարզվում էր՝ ադրբեջանական կողմը Կազանում մոտ մեկ տասնյակ փոփոխություններ էր առաջարկել:
Այսպես, չնայած բոլոր սպասումներին՝ Կազանում Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող հայ-ադրբեջանական գագաթնաժողովն ավարտվեց անարդյունք: Կազանում Ալիեւից ու Սարգսյանից ակնկալում էին ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող «Ճանապարհային քարտեզի» ընդունումը, սակայն արդյունքում այդ գագաթնաժողովը տապալվեց։ Կողմերը բավարարվեցին միայն «փոխըմբռնման» մասին հայտարարության ընդունմամբ։

Միջնորդները հիասթափված են Կազանի հանդիպման արդյունքներից՝ գրեց ամերիկյան The New York Times-ը. «Չարդարացան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բեկում գրանցելու հույսերը, երբ Կազանի հանդիպման նախաձեռնող ՌԴ-ն հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության չեն եկել գործարքի հիմքերի շուրջ»։

Հայաստանը Կազանի ֆիասկոյի համար մեղադրեց Ադրբեջանին: Կազանի հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը արհամարհում է երեք նախագահների դովիլյան հայտարարությունը: Բաքուն հերթական անգամ բանակցային գործընթացը փակուղի մտցրեց՝ ի ցույց դնելով ոչ կառուցողական տրամադրություն` բանակցություններով խնդիրը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Սակայն Բաքուն Կազանի բանակցություններից հետո մեղադրեց Հայաստանին: Էլմար Մամեդյարովը ափսոսանք էր հայտնել, որ Կազանում սկզբունքային հարցերի շուրջ փոխզիջում ձեռք չբերվեց. «Պատճառն այն է, որ Հայաստանը Ադրբեջանից մեծ զիջումներ պահանջեց՝ փորձելով վնասել բանակցային գործընթացը, որը սկսվել է յոթ տարի առաջ»:

Իսկ Մեդվեդեւը «նեղացել էր»

Կազանի տապալված բանակցություններից հետո թեմային լայնորեն անդրադարձել էր ռուսաստանյան «Կոմերսանտը»: Թերթի աղբյուրները նշել էին, որ բանակցությունների ժամանակ նորից վեր են հանվել խնդիրներ, որոնք միջնորդները վաղուց համարում էին արդեն համաձայնեցված. «Այնտեղ եղել են ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ էական հարցեր՝ կապված, օրինակ, ԼՂ-ի կարգավիճակի հետ»:

Արդեն Կազանի հանդիպումից հետո ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները պարբերականին կարծիք էին հայտնել, որ եթե մոտ ժամանակներում Ադրբեջանն ու Հայաստանը վճռականություն չցուցաբերեն՝ լուծելու կուտակված խնդիրները, ապա ռուսական կողմը կհամարի, որ այդ փուլի միջնորդական առաքելությունն ավարտված է: Կրեմլի աղբյուրը հայտնել էր, թե փաստացի Մեդվեդեւը կողմերին վերջնագիր էր ներկայացրել՝ եռակողմ գագաթնաժողով հնարավոր է միայն այն դեպքում, եթե այնտեղ ստորագրվի Ղարաբաղի հարցով նախապատրաստված ծրագիրը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ պարզաբանել էր. «Խնդիրը նույնիսկ տարաձայնությունները չեն, այլ այն իրողությունը, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, արդեն համաձայնեցված հարցերը: Նման բան չեն անում… Նախագահ Մեդվեդեւն այն աստիճան է հիասթափված Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել ղարաբաղյան ուղղությամբ բոլոր խաղաղարար ջանքերը»:

Ահա, այսպես Բաքուն ձախողեց նաեւ Կազանի հանդիպումը: Իսկ 2011-ից հետո Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին հետեւեցին կոնկրետ գործողությունները` շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, սադրանքները սկսեցին էլ ավելի ինտենսիվանալ ու առավել քրոնիկ բնույթ կրել: Ռուսաստանի հետ զենքի առեւտրի բազմամիլիարդանոց գործարքների արդյունքում օր օրի ավելի լկտիացած ու «ինքնավստահ» դարձած Ալիեւը ի վերջո նպատակ դրեց աշխարհին ցույց տալ, թե չի կատակում, երբ ասում է, որ մի օր ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով կարող է լուծել: Ապրիլին Ալիեւի սանձազերծած քառօրյա պատերազմը դա ապացուցելու փորձ էր:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930