Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամուն չպետք է թերագնահատել, և ոչ էլ, առավել ևս, «իմիջիայլոց» ծաղրել»

Ապրիլ 21,2016 14:30

 Ի՞նչ տարածքների վրա է գտնվում ներկայիս Ադրբեջանը եւ ինչո՞ւ են ադրբեջանցի գիտնականները երկար տարիներ զբաղված պատմության զեղծարարությամբ

Ադրբեջանցիներին «ոչխար» անվանելն այսպես կոչված ավանդույթ է, որը սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերն ավելի մեծ երեւակայությամբ ներկայացրեցին հատկապես ապրիլի 1-ից հետո: Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների մասին գրում էին անգամ «ֆեյսբուք»-ում աչքի չընկնող օգտատերերը, էլ չասած` ակտիվ, եւ հատկապես` հումորի զգացումով օգտատերերի մասին, որոնց գրառումների եւ մեկնաբանությունների մի մեծ խումբ արտացոլում էր «ադրբեջանցի-ոչխար» համեմատության տարբեր օրինակներ եւ բնորոշումներ: Իհարկե, ադրբեջանցուն ոչխարի հետ ասոցացնելու մասին օգտատերերի արձագանքը մեկն է` «որովհետեւ այդպես էլ կա, որովհետեւ…»: Իսկ թե իրականում ի՞նչ կապ ունեն ոչխարներն այդ երկրի պատմության հետ, շատերը, հավանաբար, չգիտեն:

«Առավոտը» իրանագետ Արտյոմ Տոնոյանից նախ հետաքրքրվեց, թե ո՞ր ցեղախմբին են ադրբեջանցիները համարում իրենց նախնիները: «Ադրբեջանցիների շրջանում իրենց էթնոգենեզի վերաբերյալ միահամուռ մոտեցում չկա: Ադրբեջանցի գիտնականներն արդեն երկար տարիներ զբաղված են պատմության զեղծարարությամբ եւ այդ ընթացքում հորինել են ամենազանազան կեղծ թեզեր` իրենց ծագման շուրջ: Գիտնականների մի խումբ գտնում է, որ ադրբեջանցիների նախնիները Աղվանքի տեղաբնիկ ցեղերն են, մի այլ խումբ համարում է, որ մարերն են, գիտնականների մի ուրիշ խումբ էլ իրենց ծագումը կապում է օղուզների հետ եւ այլն»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Կարա Կոյունլուների պետությունը պատմական եւ էթնիկ աղերս ունի ներկայիս Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ, որոնց մի մասն իրենց համարում է հենց այդ պետության հետնորդ. «Իրականում ադրբեջանցիները խառնակազմ ժողովուրդ են: Մինչիսլամական եւ իսլամական միջնադարից սկսած` Արեւելյան Այսրկովկասի տարածքը, հայտնվելով իրանական մշակույթի ուժեղ ազդեցության ոլորտում, դառնում է իրանախոս: Սակայն 11-րդ դարից օղուզական արշավանքներով սկսվում է տարածաշրջան թյուրքական ցեղերի ներթափանցումը, որը շարունակական ալիքներով ձգվում է մինչեւ 15-16-րդ դարեր: Սրա հետեւանքով տեղաբնիկ ժողովուրդները մասամբ ոչնչացվում են, մասամբ տեղաշարժվում հարթավայրային շրջաններից դեպի լեռնային գոտիներ, մասամբ էլ արդեն իսկ պարսկախոս դարձած լինելով` ձուլվում են թյուրքական տարրի հետ: Արդյունքում, 11-13-րդ դարերում արդեն տեղի է ունենում տեղական լեզուների` դրսեկ տարրի լեզվով փոխարինման գործընթացի սկզբնավորումը, որը որոշակի թափ է ստանում հատկապես 15-16-րդ դարերում, սակայն վերջնական ավարտին չի հասնում՝ ավելի ուժգնանալով 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին, եւ, ըստ էության, շարունակվում է մինչեւ այսօր: Արեւելյան Այսրկովկասում հայտնված թյուրքական տարրն իր մեջ ներառում է խայտաբղետ ցեղային պատկեր: Արեւելյան Այսրկովկասի թյուրքացման գործընթացում կարեւոր դերակատարություն են ունեցել նաեւ Կարակոյունլուների եւ Ակկոյունլուների ցեղային միությունները՝ 15-16-րդ դարերում»:

Իսկ թե ինչու են հայկական իրականության մեջ ադրբեջանցիներին ասոցացնում ոչխարների հետ, իրանագետն այսպես է մեկնաբանում. «Ասվածը գիտական շրջաններից դուրս զգացական մոտեցման արդյունք է, որը ինչ-որ առումով հակառակորդին թերագնահատելու տարրեր է պարունակում, ինչն, ըստ իս, անթույլատրելի է: Հավանաբար, դա կապ ունի «Ակկոյունլու» եւ «Կարակոյունլու» ցեղանունների հետ, որոնք թուրքերենից թարգմանվում են համապատասխանաբար որպես «սպիտակ ոչխարավոր» եւ «սեւ ոչխարավոր», բայց ոչ երբեք «սեւ եւ սպիտակ ոչխարներ»: Այլ բացատրություն թերեւս չկա: Միգուցե նաեւ այն պատճառով, որ մեր հարեւանները եղել են քոչվոր եւ ավանդաբար զբաղվել են անասնապահությամբ եւ այդ գործում մեծ տեղ են հատկացրել մանր եղջերավոր անասուններին: Համենայնդեպս, ավելի հավանական է թվում առաջին տարբերակը: Այլոց մոտ չեմ լսել եւ կարդացել, որ ադրբեջանցիներին անվանեն «ոչխար»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին եւ զինվորներին ոչխար անվանելու փաստերին, այդպիսիք ինձ հայտնի չեն` բացառությամբ համացանցում հայտնված հայտնի տեսանյութի, որում ադրբեջանցի սպան իրենց սպանված զինծառայողներին անվանում է «ոչխարներ»:

Արտյոմ Տոնոյանին հարցրեցինք, թե որքանով է անհրաժեշտ համարում ագրեսոր պետության հասարակությանը «ոչխար»-ի պիտակավորում տալու հանգամանքը, որը դրսեւորվում է քարոզչական տարբեր մեթոդներով, այդ թվում` սեւ հումորի միջոցով: «Ինձ համար անհայտ է այն հանգամանքը, թե ինչ հարց է լուծում ադրբեջանցիներին «ոչխար» անվանելը: Դա արվում է թշնամուն թույլ ներկայացելու՞, քոչվոր անցյալը հիշեցնելու՞, մեր զինվորներին դրանով ավելի ոգեւորելու՞ համար, թե կան այլ պատճառներ: Կրկնեմ` թշնամուն չպետք է թերագնահատել, եւ ոչ էլ, առավել եւս, «իմիջիայլոց» ծաղրել, եթե դա կոնկրետ խնդիր չի լուծում, հատկապես քանի դեռ վերջնականապես ծնկի չես բերել նրան, եւ այժմ էլ գտնվում ես պատերազմի մեջ: Թշնամուն պետք է վերաբերվել լուրջ, պատկերացնել նրա ամբողջական կերպարը օբյեկտիվ խորությամբ, այլ կերպ ասած` ճանաչել նրան իրենից լավ: «Ոչխար» անվանելով` չեմ կարծում, որ հենց այդ հարցն ենք լուծում»,-նկատեց Տոնոյանը: Մեր զրուցակցին խնդրեցինք նաեւ փաստել, թե պատմական ինչ տարածքների վրա է գտնվում ներկայիս Ադրբեջանը. «Ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքը մասամբ համընկնում է պատմական Աղվանքի հետ: Ավելի ուշ` Արեւելյան Այսրկովկասում, իսլամի տարածման շրջանից սկսած, Արաքսից հյուսիս ընկած տարածքները, որոնք համապատասխանում են այսօրվա Ադրբեջանական Հանրապետության տարածքին, անվանվում էին Առան եւ Շիրվան»,- եզրափակեց Արտյոմ Տոնոյանը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930