Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Մեր բռնցքամարտիկները Ռիոյում կարող են հաճելի անակնկալներ մատուցել»

Ապրիլ 21,2016 12:30

Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը օլիմպիական խաղերում չորս բռնցքամարտիկ ունեցել է Պեկինում՝ 2008 թվականին: Այն ժամանակ մեր բռնցքամարտիկները ուղեգրեր նվաճել էին երեք մրցաշարերում. մեկը՝ աշխարհի առաջնությունում, երկուսը՝ վարկանիշային մրցաշարերում: Հիմա էլ մենք չորս ուղեգիր ունենք, բայց բոլորը ձեռք բերվեցին օրերս Թուրքիայում անցկացված վարկանիշայինում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Երեւանում է: «Առավոտը» զրուցել է գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:

– Պարոն Աղամալյան: Անշուշտ, գոհ եք արդյունքից: Բայց մինչեւ մեկնելը ֆեդերացիան հայտարարություն տարածեց, թե մեր բռնցքամարտիկները չեն գնա Թուրքիա: Ինչո՞վ էր դա պայմանավորված եւ հետո ի՞նչ փոխվեց:

– Ես հավաքների ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին ասում էի, որ մեր մարզիկները երբեք այսքան լավ մարզավիճակում չեն եղել: Բայց Ադրբեջանի սանձազերծած դավադիր քառօրյա պատերազմը խառնեց ամեն ինչ: Առավել եւս, որ Թուրքիան բացահայտ հայտարարում էր, թե ինքը լիովին պաշտպանում է Ադրբեջանին եւ աջակցում: Բնականաբար, մենք մտահոգվեցինք բռնցքամարտիկների անվտանգությունով: Բայց ավելի ուշ մեր ֆեդերացիայի նախագահն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զրուցեցին ու անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո մեկնելու որոշում կայացվեց:

– Հայաստանի մարզիկները մինչեւ վերջերս Թուրքիայում տարբեր մրցումների մասնակցելու ժամանակ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, կարծես, չեն ունեցել: Իսկ այս անգամ, որքան տեղյակ եմ, ամեն բան չէ, որ հարթ է եղել:

– Մեր անվտանգությունը Սամսունում ապահովում էին անվտանգության ծառայությունների 4-5 աշխատակիցներ: Նրանք մեզ հորդորում էին, որ քաղաք դուրս գալիս մեր հագուստի վրա «Armenian Team» մակագրությունը չլինի: Նրանք այդ ժամանակ ավելի հանգիստ կլինեին: Ամեն օր մենք տղաներին ասում էինք. «մի մոռացեք, թե որտեղ ենք գտնվում»: Իսկ ընդհանուր առմամբ ամեն բան նորմալ էր: Իհարկե, նույնը չէի ասի մրցումների դահլիճի մասին, որտեղ մեզ ոչ-ոք, հասկանալի է, չէր երկրպագում:

– Մեզ լուրեր էին հասնում նաեւ որոշ դեպքերում մերոնց դեմ կողմնակալ մրցավարության մասին:

– Մրցումների ընթացքում մենք հասկացանք, որ այն մենամարտերում, որտեղ հաղթանակը մերն էր, հիմնականում տալիս էին: Իհարկե, եղան որոշ մենամարտեր, որտեղ, այնուամենայնիվ, մրցավարությունը դեր կատարեց: Օրինակ, Հովհաննես Բաչկովի պարագայում, երբ կիսաեզրափակչում լիտվացուն չպարտվելով՝ պարտվեց: Իսկ կիսաեզրափակչում նրան ավելի շատ խանգարեց հաղթելու չափից մեծ ցանկությունը: Ցավում եմ Հովհաննեսի համար: Շատ կցանկանայի մի որեւէ ձեւով նրան օլիմպիական խաղերին մասնակցելու տարբերակ գտնվեր: Թե ինչպե՞ս, չգիտեմ:

– Ինը տղա, մեկ աղջիկ՝ Անուշ Գրիգորյանը, եւ չորս վարկանիշ: Պետք է որ բավարարված լինեք:

– Միանշանակ գոհ եմ արդյունքից: Բոլորն էլ արեցին հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավելի: Ոմանց մոտ ստացվեց, մյուսների մոտ՝ ոչ: Սա է սպորտը:

– Անուշ Գրիգորյանի մասին ի՞նչ կասեք:

-Միայն գովեստի խոսքեր: Երկու հաղթանակ տարավ: Բայց Անուշը դեռ երիտասարդ է: Իսկ կանանց բռնցքամարտում այդ տարբերությունը շատ մեծ է: Դեռ Բուլղարիայում էր այդ տարբերությունն զգացվում: Անուշը դեռ զիջում է մարմնի կառուցվածքով, հարվածների ուժով: Բայց նա իսկական պայքարող է: Եվ նրա համար ամեն բան դեռ ավարտված չէ, թեեւ շատ դժվար է լինելու: Հույս ունեմ, որ նա կշարունակի լավ պատրաստվել եւ մայիսի կեսերին Աստանայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությունում կփորձի օլիմպիական վարկանիշ նվաճել: Դրա համար նա պետք է իր քաշում տեղ զբաղեցնի լավագույն քառյակում:

– Առջեւում օլիմպիական խաղերի նախապատրաստության վճռական փուլն է: Ինչպե՞ս եք պլանավորում այն անցկացնել:

– Վերադառնալուց անմիջապես հետո, հենց «Զվարթնոց» օդանավակայանում ես տղաներին ասացի. «Ձեր հանգիստն ավարտվեց: Վաղվանից հավաքվում ենք»: Հավաքներ ենք անցկացնելու, հնարավոր է ուղեգիր նվաճած բռնցքամարտիկները միջանկյալ մրցաշարի մասնակցեն: Մի քանի երկիր ուզում է մեր հետ ուսումնամարզական հավաք անցկացնել: Բայց դեռ պետք է կողմնորոշվել՝ դրանից մենք օգո՞ւտ կքաղենք, թե՞ կօգնենք մեր ապագա մրցակիցներին: Ցանկալի կլինի, որ համատեղ հավաք ունենանք ասիական երկրների հետ: Մեր անելիքները հիմնականում գիտենք, բայց վերջնական ճշգրտումներ, կարծում եմ, կլինեն ընթացքում:

– Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:

– Առաջիկա երկու օրերին առանձնացնելու եմ արդեն վարկանիշ նվաճած 22 բռնցքամարտիկների անունները եւ ուսումնասիրելու: Խաղերին յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցելու է 28 բռնցքամարտիկ: Հույս ունեմ, որ Ռիոյում մեր բռնցքամարտիկների մեջ կլինեն այնպիսիք, որոնք կկարողանան հաճելի անակնկալ մատուցել:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930