Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրական աղոթքի զորությունը

Ապրիլ 21,2016 11:30

Աստծո զորությունն ու ուժը վկայող բազմաթիվ օրինակներ կան, հատկապես, եթե Ամենակալին դիմում է սեփական մայրդ: Մայրական աղոթքի զորությունը նաեւ մեր հերոսներին է ուղեկցել Արցախյան հերոսամարտի ընթացքում, իսկ այդ մասին պատմություններն իր «Արցախյան վկայություններ» գրքում հավաքել է Մաքսիմ Ոսկանյանը: Դրանցից մեկը Եղնիկ Վաչոյի մասին է, ով ծնվել է 1965թ. փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը՝ ուղիղ 100 տարի անց: 23 տարեկանում կիսատ թողնելով Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտում ուսումը՝ շտապել է Երեւան, ադամագրվել «աֆղանցիների» ջոկատին՝ դառնալով ջոկատի գնդացրորդը: Մաքսիմ Ոսկանյանը գրում է.

«Եղնիկ Վաչոյին հանդիպեցի Դոսաֆի գարաժում: Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը: Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աֆղանստանում, թե՛ Արցախում:

Բանաստեղծի նման «երկինքոտ» մարդ էր Եղնիկ Վաչոն՝ արվեստ սիրող, գիրք ընթերցող, կյանքի խինդ ու սեր կար աչքերում: Եվ ասես միայն նրա հաղթ հասակն էր խոսում Վաչոյի ազատամարտիկ լինելու մասին: Շահումյանի գյուղերից մեկի երեխաներին հիշելիս հուզվում է. «Ինչ ակնածությամբ եւ հույսով էին նայում մեզ, որպես հերոսների պատվում. համերգներ էին պատրաստում մեզ համար, գյուղից դուրս ելնելիս ճանապարհում էին, ետ դառնալիս՝ գյուղի ծայրին դիմավորում, կուզենայի որոնել, գտնել նրանց, կարոտել եմ»:
-Ինչո՞ւ են քեզ Եղնիկ ասում,-հետաքրքրվեցի ես:

8-2
-Աֆղանստանում տղերքը երկու մեքենաներով ընկան հանկարծակի հայտնված եղնիկների մի մեծ խմբի ետեւից: Տղերքը շարունակ կրակում էին ու վրիպում: Գեղեցիկ արարածներ էին, ես խնդրում էի չկրակել, բայց ինձ վրա ուշադրություն չէին դարձնում, եւ հետապնդումը շարունակվում էր: Երեւի Աստծո կամոք չէր, որովհետեւ քիչ էր մնում մեր մեքենան ձորն ընկներ, ու բոլորս էլ զոհվեինք: Մի կերպ արգելակեցինք: Տղերքն էլի մոլեգնորեն կրակում էին ու վրիպում: Խղճում էի եղնիկներին, բայց իմ չկրակելու խնդրանքներն անտեսում էին ու կրկին վրաս ծիծաղում: Վտանգավոր այդ հետապնդմանը վերջ դնելու համար՝ ինքս կրակեցի: Ես լավ նշանառու եմ, եւ եղնիկներից մեկն ընկավ: Այս ի՞նչ արեցի, բայց այլեւս ճար չկար: Որպեսզի եղնիկներից շատերը փրկվեին, մեկը պիտի զոհվեր, որ հետապնդումն ավարտվեր: Սիրտս ասես լալիս էր, ասես հարազատ մեկի վրա կրակած լինեի եւ ոչ թե կենդանու: Եվ մեքենայից իջա, վազեցի եղնիկի մոտ, գրկեցի գեղեցիկ գլուխը, դեմքս հպեցի դեմքին: Եղնիկի աչքերից արցունքներ էին հոսում: Աստված իմ, ասես մարդկային արցունքներ լինեին: Մի կերպ էի զսպում ինձ, որ ինքս էլ չարտասվեմ, ծաղրանքի առարկա չդառնամ: Ողջ օրն անտրամադիր էի եւ եղնիկի մսից չկերա: Տղերքն այդ ամենը տեսնելով՝ այդ օրվանից ինձ անվանեցին Եղնիկ Վաչո:

… Արցախյան ազատամարտի ժամանակ Աֆղանստանում կռված հայերն առանձին ջոկատ ստեղծեցին ու մեկնեցին ճակատ: Եղնիկ Վաչոն այդ ջոկատում էր: Բազմաթիվ անգամներ վտանգների մեջ ընկավ, բազմաթիվ անգամներ մահից ազատվեց, այնքան, որ հասկացավ, թե մի ուժ պահպանում է իրեն:

– Ես գիտեի, որ մայրս աղոթում է ինձ համար,-պատմում է Եղնիկ Վաչոն,- բայց այն, որ մորաքույրս պատմեց, անսպասելի էր եւ ապշեցրեց ինձ:

– Շատ անգամներ մահից ազատվեցի, հրաշքի նման բաներ էին, թվում էր՝ տրամաբանությանը հակառակ իրավիճակներ, բայց ազատվում էի,-ասացի մորաքրոջս:

– Է՞լ չազատվեիր, որդի,- պատասխանեց մորաքույրս, որ ապրում է Երեւանի Ջրվեժ թաղամասում,- մայրդ քո կյանքը պահպանելու համար թե՛ Աֆղանստանում, թե՛ Արցախում կռված ողջ ժամանակամիջոցում հաճախակի ուխտագնացության էր գալիս Ջրվեժի եկեղեցի, աղոթքով, արտասուքով Տիրոջից խնդրում, որ պահպանի քեզ, ազատի վտանգների ժամանակ, փորձանքներից պահպանի: Քանի անգամներ ինքս էլ եմ ընկերակցել այդ ուխտագնացություններին:

– Ահա, թե որքան զորավոր է Աստծուն հուսադրած մայրական սերը, մայրական աղոթքն ու մայրական զոհաբերությունը, որ թիկունք է դառնում որդիներին,- եզրափակեց Եղնիկ Վաչոն»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930