Արդեն քանի օր է՝ մամուլում, սոցցանցերում շրջանառվում է հոսպիտալում պառկած շարքային զինվոր Դավիթ Գրիգորյանի՝ ժպիտը դեմքին լուսանկարը եւ նրա պատմությունը, թե ինչպես է քառօրյա պատերազմում կորցրել երկու ոտքը. «Գնացել էի փշալար կապելու: Ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի, տեսա ական է»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում այս պատմության հետ կապված իր մտահոգություններն ու կասկածներն է հայտնել՝ լավ, բա զինվորը, դիրքի ավագը չգիտե՞ր, որ դիրքի շուրջն ականապատված է, ինչո՞ւ էր ականապատված դաշտում գնացել փշալար կապելու: Եթե դաշտը մերոնք էին ականապատել՝ մեր դիրքապահներն, անպայման, պետք է այդ մասին իմանային, ունենային ականապատման քարտեզը: Եթե չեն իմացել՝ մտածում ես, որ թուրքերը հասցրել են թաքուն ականապատել դաշտը եւ ետ գնա՞լ:
Aravot.am-ի հետ զրույցում Հրանուշ Խառատյանն իր մտահոգությունները կիսեց՝ զինվորների հակասական պատմությունների եւ առաջացած բազմաթիվ հարցադրումների հետ կապված: Մի կողմից զինվորները պատմում են, թե ինչ են արել, երբ վերջին փամփուշտն են օգտագործել, բահով կռվի են անցել, մյուս կողմից՝ իշխանությունները վստահեցնում են, որ մենք ամեն տեսակ զենք էլ ունենք, ոչ մի բանի կարիք չունենք:
Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ «Էդիկ Բաղդասարյանը արդեն որերորդ անգամ գրում է զինվորի ասածը՝ փամփուշտները վերջացան՝ էս եղավ,փամփուշտները վերջացան, լույսը բացվեց, տեսանք էսքան մարդ է զոհվել եւ այլն: Ի՞նչ է նշանակում առաջին գծում գտնվող դիրքապահի փամփուշտի վերջանալը: Այն տղամարդիկ, ովքեր լուրջ զինվորական ծառայություն են անցել, ասում են, որ այդ կարգի հրետակոծության դեպքում անհնար բան է, որ 1 գունդ ռազմական գործողությունների մեջ չմասնակցի: Բայց ասում են՝ մեր կողմից չի եղել գնդի մասնակցություն: Ես փնտրում եմ ու չեմ գտնում նման վկայություն, իսկապես, ամբողջը մեր դիրքապահների վրա է եղել՝ փոքր խմբերի վրա: Այդպիսի լայնածավալ գործողությունների դեմ անհամաչափ ռազմական տեխնիկա կիրառել, այսինքն՝ ստորաբաժանման ծավալը, մակարդակը, որը պետք է այդ ծավալի ռազմական գործողությունների ժամանակ կիրառվեր՝ չի կիրառվել:
Կարդացեք նաև
Ու հիմա իմ նման «անգրագետ» մարդկանց մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ: Դա համաձայնեցվա՞ծ գործողություն է եղել, թե՞ դա ռազմական հատուկ ստրատեգիա է: Բայց փաստն այն է, որ այդ խնդիրը հրապարակում կա եւ որեւէ մեկը պաշտոնական դիրքորոշմամբ դրան չի անդրադառնում: Որեւէ մեկը չի պատասխանում, միայն ասում են՝ մեր զինվորները ամեն ինչով ապահով են: Էդ ապահով զինվորներն ինչո՞ւ զոհվեցին փամփուշտի բացակայության պատճառով»:
Ըստ տիկին Խառատյանի, հնարավոր է, որ այդ դիրքն այնքան արագ էր կտրվել պահեստազորից, որ հնարավոր չի եղել փամփուշտ հասցնել. «Ակնհայտ է, որ կյանքի գնով են տղաները սահմանը պահել, ոչ թե զենքի գնով: Այդ տղաներն անընդհատ ասում են՝ եթե մենք ունենայինք այս տեխնիկան՝ այդպես չէր լինի, իշխանություններն էլ ասում են, թե մենք ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս յարգելի Տիկինը վստահաբար շա՜տ բաներ է, բազմաթիւ շողշողուն տիտղոսներ ունենալու է (անոնց պակասը չկայ, Հայաստանում…), սակայն պարզ է թէ ան ռազմագիտութեան մասնագէտ չէ – այլապէս, այդ հեղինակութիւնը նշվելու էր յօդվածում – :
Հետեւաբար, ի՞նչ արժէք ունին ռազմական իրականութեան վերաբերեալ իր – վարկաբեկիչ – մեկնաբանութիւնները:
Որ այսպիսի հանրային ելոյթներ շարունակվին, զինվորները պարզապէս պիտի դադրին պատմելէ այդ նվազագոյնը անգամ որ հազիւ լսում ենք արդէն ռազմաճակատում տեղի ունեցած դէպքերի մասին, որպէսզի առիթ չտան այսպիսի, ներքաղաքական շեշտակի գունաւորումով, աժան, ենթադրական, անպատասխանատու եւ պարտվողական «վերլուծումների»:
Ահա մասնագէտին բացատրութիւնները՝
https://www.aravot.am/2016/04/14/680062/
https://www.aravot.am/2016/04/20/682356/
https://www.aravot.am/2016/04/04/675097/
https://www.aravot.am/2016/04/16/680916/
Այ եթե Ձեր որդուն անփութությամբ ուղղարկեին ականապատված դաշտ, ուրիշ ձևով կխոսայիք
Ավելի լավ կլինի մարդ մնա իր մասնագիտական շրաջանակում ու այսպիսի խայտառակ անհեթեթ մեկնաբանություններով չզբաղվի:
Ոչ ոք իրավունք չունի բանակի հետ կապված նման հետևություններ անի ու այն հրապարակի համացանցում ու տեղիք տա, որ ադրբեջանցիները, հղում անելով այդ հոդվածին, պարծենան:
Ես չգիտեմ, ով ինչ է գրում, բայց որ մի կատեգորիայի մարդիկ կան, որոնք այս իրադարձությունները անամոթաբար օգտագործում են սեփական եսը առաջ տանելու նպատակով՝ դա հաստատ է:
Միայն մի բան կասեմ, որ մեր հայկական կայքերում շատ եմ հանդիպում ադրբեջանամետ հոդվածներ, իսկ հակառակ կողմում ինչքան փնտրում եմ մի հատ հայամետ հոդված չեմ գտնում:
Ամոթ է, ամոթ:
Թեկուզ ասենք թե կան թերություններ, այդ թերությունները ներկայացնելու ձև գոյություն ունի, ոչ թե ափսեի վրա պատրաստ մատուցեք թշնամուն