Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճելի էր անցորդների խոսակցությունից որսալ ինչ-որ պատառիկներ՝ Սողոմո՞նն է: Հա, ոնց որ ինքն է…»

Ապրիլ 20,2016 22:20

Այս օրերին հյուրախաղերով Հայաստանում է գտնվում Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը:

Վերջին անգամ 2007 թվականին Հայաստանում եղած թատերախումբն այս անգամ հայ հանդիսատեսին է ներկայացրել Պերճ Զեյթունցյանի «Ոտքի´, դատարանն է գալիս» պիեսը:

Ապրիլի 13-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, այնուհետև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական, իսկ ապրիլի 16-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել:

Ներկայացման դերակատարներն են Հալեպում ծնված, ամերիկաբնակ Հարութ Պարսումյանը (Սողոմոն Թեհլերյան), Գառնիկ Ներսեսյանը (Թալեաթ փաշա), Հակոբ Վարդիվառյանը (Հովհաննես Լեփսիուս), Արմենակ Գուրուշյանը (Հենրի Մորգենթաու, Ֆայեզ Էլ Հուսեյն) և այլք:

Հարութ Պարսումյանը «Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Թեհլերյանի դերն հենց ինքն է առաջարկել վստահել իրեն։

«Ինձ համար մեծ պատիվ էր հայ հանդիսատեսին որպես Սողոմոն ներկայանալը: Հպարտ էի ու հուզված: Իսկ ներկայացմանը հաջորդած օրերին զբոսնելիս հաճելի էր տեսնել անցորդների ժպիտները, նրանց խոսակցությունից որսալ ինչ-որ պատառիկներ՝ Սողոմո՞նն է: Հա, ոնց որ ինքն է…

Նշանակում է՝ կարողացել ենք ներկայացմամբ տպավորություն գործել հայաստանցի հանդիսականի վրա»,- նշեց Հարութ Պարսումյանը:

Ներկայացման մեջ Լեփսիուսի կերպարը մարմնավորած Հակոբ Վարդիվառյանը երկարատև դադարից հետո կրկին բեմ բարձրանալու առաջարկն անմիջապես է ընդունել: Ասաց, որ անցյալը ներկային կապող այս ներկայացմանը չմասնակցել չէր կարող:

Հավելենք, որ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը հիմնվել է 1997 թվականին Նյու Յորքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Փափազյանն է, իսկ խմբի խաղացանկն ընդգրկում է շուրջ 20 ներկայացում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930