Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Դամասկոսում «աշ-Շարկ» հրատարակչությունը լույս է ընծայել Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» խորագրով Հայոց ցեղասպանության թեմային նվիրված արաբերեն լեզվով նոր գիրքը:
Բազմալեզու աղբյուրագիտական լայն հենքի վրա դեսպան Փոլադյանը գիտական խորը վերլուծության է ենթարկել Հայկական հարցը պատմական երեք տարբեր փուլերում՝ համիդյան, երիտթուրքական և քեմալական ժամանակաշրջաններում: Ապա՝ հավուր պատշաճի արաբ ընթերցողին է ներկայացրել Հայոց այդ մեծ ողբերգության մանրամասները, Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման թուրանական հրեշավոր ծրագրի քաղաքական և տնտեսական նպատակները, պատմական զարհուրելի եղելությունները, սուր քննադատության ենթարկվելով թուրքական վարչակարգերի ժխտողական քաղաքականությունը:
Բաց այդ, «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքում Արշակ Փոլադյանը փորձ է արել արաբ ընթերցողներին ներկայացրել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վայրագ ու անմարդկային ոճրագործությունը ոչ թե հայկական աղբյուրների տվյալներով, այլ օտարազգի՝ արևմտյան ականատեսների հուշերով, արխիվային նյութերով և պատմական զեկույցներով, կարևոր տեղ հատկացնելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան, իրավաբան Հենրի Մորգենթաուի հուշերին, 1915թ. հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում անգլիացի պատմաբան Վիսկոնտ Ջեյմս Բրայսի ելույթից քաղվածքներին, «1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին» անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմական ամփոփագրին, պատմության ամենասեվ էջերից մեկի մասին ամերիկացի թղթակից Հերբերտ Ադամս Գիբբոնսի և «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» գրքում տեղ գտած նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի վկայություններին:
Կարդացեք նաև
Դեսպան Փոլադյանի գրքի հավելվածում ընդգրկվել են 2015թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասանած ճառերը, 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, 2015թ. ապրիլի 22-ին Երևանում «Գլոբալ ֆորում»-ի մասնակից, Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ելութը:
Արաբական աշխարհում «Հայկական Հարցը» ներկայացնելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու նպատակով, հեղինակը գրքում զետեղել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի հայտարարությունը, 1946թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի բանաձևը, 1948թ. դեկտեմբեր 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և 1968թ. նոյեմբերի 26-ին «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Գրքի առաջաբանը գրել է սիրիացի ականավոր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի կողմից 2015թ. «Երախտագիտության» մեդալակիր, դոկտոր Նաբիլ Տոոմեն: Վերջինս բարձր է գնահատել դեսպան Փոլադյանի գրքի գիտա-ճանաչողական հույժ կարևոր նշանակությունը և նրանում ամփոփված արևմտյան ականատեսների չափազանց ուշագրավ վկայություններով Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու ուղղությամբ:
Գիրքը լույս է տեսել ճաշակով ձևավորված և գեղեցիկ կազմով: Այն արաբ ընթերցասեր հասարակայնությանը հսկայական նյութ է տալիս Հայոց ցեղասպանության մասին:
ՀՀ ԱԳՆ