Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ -ICMPD) պատվիրակությանը՝ արևելյան ուղղության տնօրեն Մարթայն Փլայմի գլխավորությամբ:
Հանդիպմանը Կարեն Նազարյանը նշել է, որ ծրագրի երկու բաղադրիչներն էլ` միգրացիան և սահմանային կառավարումը, կարևոր ուղղություններ են Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհագրական առումով մոտ է գտնվում Սիրիային և Մերձավոր Արևելքին, ուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Հանդիպմանը նաև ներկայացվել է ԵՄ հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների ընթացքը, անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցին:
Տեղեկանք. Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում իրականացնելու է «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագիրը, որի վերաբերյալ 2014թ. դեկտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել էր համապատասխան ֆինանսական համաձայնագիր: Ծրագիրը մեկնարկում է ս.թ. ապրիլից:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ