«Այն, ինչ կա ռուսական եւ ադրբեջանական մամուլում, տեղավորվում է Մադրիդյան սկզբունքների նախագծի մեջ, որը լրամշակվեց Կազանում, 2011 թվականին: Դժվար է ասել, թե Լավրովն ի՞նչ փաստաթուղթ կբերի իր հետ, որովհետեւ չեմ կարծում, թե միայն դա կլինի: Հիմնականում խոսվում է դրա մասին, բայց ինձ թվում է մի քիչ տարբեր փաստաթուղթ է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին եւ այն առաջարկներին, որոնք կներկայացնի ռուսական կողմը:
Քառօրյա պատերազմից հետո, ԼՂՀ խաղաղ կարգավորման ինտենսիվ բանակցությունների հերթական ակտիվ փուլն է սկսվել` Մինսկի խմբի ձեւաչափում, բայց նախաձեռնությունը ՌԴ-ի ձեռքում է: Ռուսաստանյան մամուլը`ոչ պաշտոնապես, գրեց, որ բանակցային սեղանին դրվելու են ազատագրված տարածքների վերադարձի հարցը: Հայկական կողմն, իր հերթին, պնդում է, որ դրա դիմաց ճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը: Ռուսաստանի արտգործնախարարն արդեն Բաքվում է: Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը մամուլի ասուլիսում, Լավրովը տեղեկացրել է, թե կարգավորմանն ուղղված համաձայնության բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, թերեւս մնում է միայն հստակեցնել ձեւակերպումների հարցը:
Ռուբեն Հակոբյանը նկատում է, որ ադրբեջանական մամուլն այս օրերին առավել լոյալ է, մինչդեռ 2011-ին, երբ Մադրիդյան սկզբունքները դրվեցին շրջանառության մեջ, ադրբեջանական արձագանքները բացասական էին: Իսկ Կազանում, Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակն Ադրբեջանն առհասարակ մերժեց: «Դրա համար, ես հիմա մի քիչ ձեռնպահ կմնամ կանխատեսել, թե ի՞նչ փաստաթուղթ է բերելու Լավրովը: Սպասենք մեկ-երկու օր, բայց հնարավոր է դարձյալ հայտնի չլինի փաստաթուղթը, որովհետեւ դիվանագիտության 90 տոկոսն անդրկուլիսյան զրույցներ են:
Մի բան, որպես քաղաքացի եւ քաղաքականության մեջ եղած մարդ, ինձ համար հստակ է`թիվ մեկ խնդիրն Արցախի անվտանգությունն է, իսկ անվտանգությունը ոչ սմերչներով, ոչ իսկանդերներով, ոչ տոսերով, ոչ անօդաչու թռչող սարքերով չես ապահովելու: Դրան մեկ ձեւ կա`միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը: Արցախի ճանաչումը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ առավել եւս հիմա, երբ իմացանք, թե ո՞ւմ հետ գործ ունենք:
Կարդացեք նաև
Չորսօրյա պատերազմը Ռուբեն Հակոբյանին եւս լուրջ վերլուծությունների եւ որոշ մտահոգությունների տեղիք է տվել: Դրանցից առաջինն ու ամենակարեւորը նա համարում է հետեւյալը. «Չեմ ընդունում այս համատարած դժգոհությունը պետություններից`կլինի այն ռազմավարական դաշնակից, թե ոչ, չեմ ընդունում: Դա քաղաքականություն չի եւ քաղաքականության հետ կապ չունի: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր իշխանություն ու պետություն առաջնորդվում է իր պետական եւ ազգային շահով: Եթե սա հաշվի չենք առնում ու ասում ենք`ինչո՞ւ պիտի մեզ չպաշտպանեն, ուրեմն, իսկապես չենք հասկանում, թե ի՞նչ մարտահրավերներ կան այսօր»:
Լինելով ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, մեր զրուցակիցն ասում է, որ իր համար մշտապես տեսանելի է եղել այն իրողությունը, որ Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ, այս կառույցներում միշտ էլ մեծամասնություն է ունեցել: Մինչդեռ, մենք երկու կառույցում էլ փոքրամասնություն ենք.
«Չպիտի դժգոհենք, այլ հստակ հասկանանք, որ այդպես է եւ քայլեր անենք: ՌԴ-ն երբեք Ադրբեջանին այդքան չէր ասել ռազմավարական դաշնակից, որքան այս մի քանի օրերին: Այսինքն, մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ մեր հակառակորդը, եթե չասեմ թշնամին, ոչ միայն մեծամասնություն ունի այդ կառույցներում եւ մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը պահը չի կորցնում, որպեսզի ասի`իմ երկու ռազմավարական դաշնակիցներն այսօր թշնամիներ են: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ զենքի վաճառքը, եթե ասում ենք բիզնես, վտանգը փոքրացնում ենք, դրա ողջ վտանգավորությունը չենք զգում: Բիզնեսի տարր կա, բայց հիմնականում քաղաքական դիրքորոշում է`զենքի վաճառքով իր ազդեցության տակ է պահում պետություններին: Սա ընդունված բան է: Սա էլ պետք է հասկանանք: Եվ երրորդ`հայ զինվորն այսօր դարձավ քաղաքական գործոն: Բոլորն էլ գիտեն, թե ի՞նչ տեղի ունեցավ, ո՞վ էր նախահարձակ եղել, բայց որովհետեւ երկակի ստանդարտ է, ոչ ոք չցանկացավ զոհին դահիճից զատել: Իրենց պետական, տարածաշրջանային շահը դա է պահանջում»:
Այս ամենի համատեքստում, մեր զրուցակիցը Հայաստանի թիվ մեկ խնդիրը համարում է իր անվտանգության ապահովումը`Իսրայելի եւ Շվեյցարիայի օրինակներով, որոնք թեեւ բավական տարբեր են, բայց երկուսի փորձն էլ ուսանելի է:
«Մենք 25 տարի շարունակ չգիտակցեցինք, որ մեր անվտանգության երաշխիքը մեր պաշտպանվածությունը պետք է լինի: Դա ռոմանտիկայի ոլորտից չէ: Մենք կարող ենք մեր պաշտպանվածությունն ապահովել: Հիմա, օր առաջ պետք է դա անենք, մանավանդ, որ Ադրբեջանը ոչ 1994-ի զինադադարի պայմանագրին նայեց, որ Մինսկի խմբի կամ Արեւմուտքի ասելիքին: Հասկացավ, որ ռազմական հավասարակշռությունը խախտված է`մտավ: Ուղղակի, ստացավ եւ գնաց»,- ասում է Ռուբեն Հակոբյանը`փաստելով, որ գոնե հիմա ինքներս մեզ պետք է համոզենք` հայ-ռուսական բազմաշերտ հարաբերություններից որքան մենք ենք օգտվում, այդքան էլ ՌԴ-ն, քանի որ տարածաշրջանում իր միակ մշտական դաշնակիցը Հայաստանն է. «Ուղղակի, մենք գործընկերությունը եւ վասսալությունը երբեմն իրարից չենք տարբերում: Իսկ քաղաքականությունը նաեւ շահարկման դաշտ է. եթե դու քեզ չես կարողանում մատուցել այնպես, ինչպես պետք է, նրանք, բնական է, որ կշահարկեն»:
Այս համատեքստում, Ռուբեն Հակոբյանը հիշեցնում է ՀՀ խորհրդարանում ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ իր ելույթը, երբ հորդորում էր`դեմքը պահելու համար գոնե 30-40 պատգամավոր «դեմ» քվեարկի: Պատմում է, որ անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ է հանդիպել եւ հորդորել, որ չհամոզեն եւ չստիպեն ընդդիմադիրներին «կողմ» քվեարկել, որ դա նաեւ ՀՀ իշխանության ձեռքին դիվիդենտ կարող է լինել: Գալուստ Սահակյանն անկեղծորեն ասել է, որ որեւէ մեկին, որեւէ հորդոր չի ուղղվել: Ռուբեն Հակոբյանն իր համար արձանագրել է, որ որոշ ընդդիմադիրներ ՌԴ-ին պարզապես ցանկանում են ցույց տալ, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել, քան ներկայիս իշխանությունը: Ցավում է դրա համար ու այս ամենից ելնելով, համոզված է, որ այժմ ոչ միայն իշխանությունն, այլ նաեւ ընդդիմությունը շատ անելիք ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ