Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում ֆուտբոլի խաղադաշտի խնդրի մասին: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը եւ Մովսեսի բնակիչները չէին ցանկանում, որ դպրոցին պատկանող տարածքում արհեստական խոտածածկով, չափերով ավելի փոքր խաղադաշտ կառուցվի: Արհեստական խոտածածկով այդ խաղադաշտի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է տրամադրեր 22,5 միլիոն դրամ:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանին հարցրինք, թե ինչ լուծում գտավ խաղադաշտի խնդիրը: Նա ասաց, որ մոսկվայաբնակ մովսեսցիների ֆինանսական աջակցությամբ, գյուղի բնակիչների մասնակցությամբ, ընթացքի մեջ է բնական խոտածածկով խաղադաշտի կառուցապատումը: Մովսեսի բնակիչներն աշխատում են անվարձահատույց, մասնագիտական հմտություններ պահանջող որոշ աշխատանքների համար, օրինակ՝ եռակցման, վարձատրություն կլինի: Կլուծվի նաեւ տարածքի ցանկապատման հարցը: Գյուղապետն ասաց, որ խաղադաշտը մինչեւ մայիսի կեսերը պատրաստ կլինի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ