Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի պլանին սպասելիս

Ապրիլ 20,2016 23:30

«Կոմերսանտը» գրում է` «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջանների» մասին

Ռուսաստանյան մամուլը վաղը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախօրեին ինտենսիվ կերպով հանդես է գալիս ղարաբաղյան թեմայի առնչությամբ հրապարակումներով:

Մոսկվան փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու պատրաստակամություն է հայտնել, գրել է «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ ակտիվորեն քննարկվում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ինչը, ըստ հրապարակման` նախատեսում է բուֆերային գոտու հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահ ուժերի տեղակայում, իսկ ԼՂ-ի կարգավիճակը, այս փուլում չի կարող որոշվել, քանի որ կողմերից մեկի օգտին որեւէ որոշման պարագայում` մյուս կողմը երես կթեքի Ռուսաստանից:

Պարբերականը նաեւ նկատել է, որ ԼՂ հակամարտության թեժացման պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները խրթին փուլում են: «Սրվել են Ադրբեջանին զենք վաճառելու եւ Երեւան-Մոսկվա հարաբերությունների հարցերը: Երեւանը հիասթափված է քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի արձագանքից՝ համարելով, որ որպես ռազմավարական դաշնակից` ՌԴ-ն կարող էր շատ ավելի հայամետ դիրքերից հանդես գալ: Նախ, մտահոգությունները կապված էին ռուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե Ադրբեջան զենքի մատակարարումը շարունակվելու է: Ապա՝ պակաս հիասթափեցնող չէր ԵԱՏՄ գագաթնաժողովի տեղափոխումը Երեւանից Մոսկվա՝ հօգուտ Ղազախստանի»,-ասվում է հոդվածում:

Հոդվածագիրը կարծում է, որ Ռուսաստանին չի կարող չհետաքրքրել գործընկեր երկրում արթնացած հակառուսական տրամադրությունները, որոնց արդյունքում Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ անցկացվեցին:

Իսկ ռուսաստանյան մեկ այլ պարբերականին` «Կոմերսանտին», Կրեմլի զրուցակիցը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարեւորություն է տալիս: «Կարողանալով համոզել Երեւանին եւ Բաքվին՝ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքի ամենահին խնդիրներից մեկը կարգավորելու համար: Եվ եթե Բաքվի ու Երեւանի միջեւ երկխոսությունը վերսկսվի, ԼՂ բանակցային գործընթացում նախաձեռնությունը Արեւմուտքից կանցնի Ռուսաստանին»:

Պարբերականի փոխանցմամբ՝ Կազանում տապալված ճանապարհային քարտեզը նախատեսում էր ԼՂ-ի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք «Կոմերսանտը» որակել է որպես` «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի եւ Քելբաջարի, ինչպես նաեւ մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի եւ Լաչինի շրջանների մասին է: Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները:

«Կոմերսանտն» այնուհետեւ մեջբերել է Հայաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրի խոսքերն այն մասին, թե հայկական կողմը պատրաստ է վերադառնալ Դմիտրի Մեդվեդեւի՝ որպես ՌԴ նախագահ պաշտոնավարման օրոք ձեռք բերված համաձայնագրերին: Ըստ նույն աղբյուրի` Հայաստանի կառավարությունում ասել են, թե` ԼՂ-ի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որպեսզի հետո վերադարձնեն դրանք Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխիքների եւ անկախության ճանաչման դիմաց:

Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ ապրիլի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930