«Փառք ու պատիվ մեր բանակին եւ երիտասարդությանը: Մեր ժողովրդի շրջանում հայրենիքին նվիրվելը ընտանիքում է ամրապնդված: Բայց անցել են ֆիդայական ժամանակները, երբ ապավինում էինք մարդկանց տարերային միասնությանը: Հիմա պետականորեն պետք է կարողանանք մեր ժողովրդին պաշտպանել»,-«Հայելի» մամուլի ակումբում ապրիլի 20-ին նման կարծիք հայտնեց նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նրան ոգեւորել է Արցախի բնակիչների արձագանքը քառօրյա պատերազմին. «Նրանք գիտեն թուրքին, հարյուրավոր տարիներ ապրել են նրա կողքին: Ցավալի է, որ դասեր չքաղեցինք ուրիշների օրինակից: Հիշենք, թե հրեաները ինչպես կարողացան չարաբաստիկ ժամանակահատվածն օգտագործել իրենց ժողովրդի համար: Նրանք դեռ դասեր են քաղում Երկրորդ համաշխարհային պատերազմից: Իսկ Ադրբեջանը հեղինակազրկվել է միջազգային ասպարեզում, ուստի մեր դիվանագիտությունը պետք է կարողանա դա օգտագործել: Ցավոք, լուրջ դիվանագիտական ուժեր չունենք, բայց ունենք Սփյուռք, որտեղ համաշխարհային մակարդակի փորձված դիվանագետներ կան»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանն էլ անդրադարձավ բռնապետական Ադրբեջանի քաղաքականությանը. «Ադրբեջանի կողմից հերթական ոճրագործությունը տեղի ունեցավ: Ուզում եմ հասկանալ, թե միջազգային կառույցներն ինչո՞ւ համապատասխան գնահատական չտվեցին Ադրբեջանի գործողություններին: Սաֆարովի հերոսացման ժամանակ էլ միջազգային կառույցների կողմից օբյեկտիվ գնահատական չեղավ: Եթե Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ հստակ գնահատականներ լինեին, չէինք ունենա այն, ինչ ունեցանք: Ցավում եմ, որ այսքան զոհեր ունեցանք: Սա դաս էր, որ կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ