Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Լրագրողներ առանց սահմանների» գնահատականները համարժեք չեն մեզ համար

Ապրիլ 20,2016 17:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային աղյուսակում Հայաստանը առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 74-րդ տեղը:

Aravot.am-ը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Հայաստանը առաջընթաց գրանցել, երբ միայն 2015 թվականի հունիսի 23-ին հայտնի դեպքերի ընթացքում 20-ից ավելի լրագրողների իրավունքներ են խախտվել, այդ դեպքերի հիման վրա 21 քրեական գործ է հարուցվել:

Բորիս Նավասարդյանը նախ նշեց, որ բավականին մեծ տարբերություններ կան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային աղյուսակների եւ օրինակ՝ «Freedom house»-ի վարկանիշային աղյուսակների միջեւ. պատճառը մեթոդաբանությունների տարբերություններն են:

«Այն դժվարությունները, որոնց հանդիպում են Հայաստանի լրատվամիջոցները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հարցաշարի մեջ այն կշիռը չունեն, որպեսզի Հայաստանը ավելի ցածր տեղում գտնվի: Այնպիսի բացասական երեւույթներ, ինչպիսիք մենք տեսել ենք 2015 թվականին՝ ե՛ւ հունիսի 23-ի դեպքերն են, ե՛ւ դեկտեմբերին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք կարծում եմ՝ հիմնական բացասական զարգացումներն էին Հայաստանի մամուլի ոլորտում, նրանք համարժեք արձագանք չեն ստացել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս վարկանիշային ցուցակում»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ երկրորդ պատճառն այն է, որ իրավիճակն այլ երկրների լրատվամիջոցներում ավելի արագ է վատթարանում, քան Հայաստանում. «Ես ամեն դեպքում դա որպես մեծ նվաճում չէի դիտարկի»:

Նա հավելեց. «Մի քանի փորձագետների, ենթադրում եմ, որ Հայաստանի դեպքում հինգն էին, առաջարկել են 70-80 հարցերով հարցաշար: Եվ կապված նրանից, թե որ խնդրին ավելի շատ հարցեր են ուղղված գումարային գնահատումը կարող է փոխվել: Եթե դուք հինգ հարց եք տալիս, որտեղ կարող է արտահայտվել, օրինակ՝ հունիսի 23-ի զարգացումները, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, դրանք ընդհանուր գումարի վրա ավելի քիչ են ազդելու, քան եթե դրանց վերաբերող տաս հարց լինի: Քանի որ այդ հարցաշարը այդքան հարմարեցված չէ այնպիսի լրատվամիջոցների մոդել ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, պատկերը մի քիչ խեղաթյուրված է ստացվում, հիմնական պատճառը, թե ինչու ես հրաժարվում եմ ամեն տարի այդ հարցաշարին պատասխանել, որովհետեւ համարում եմ՝ նրանք համարժեք չեն մեզ նման երկրների համար եւ ավելի հարմարեցված են, ասենք, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի կամ ասիական որոշ երկրների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930