Ապրիլի 19-ին մամուլը գրել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման ռուսաստանյան տարբերակը նախատեսում է վերադարձնել Ադրբեջանին որոշ տարածքներ եւ հակամարտության գոտի մտցնել խաղաղապահների:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բնորոշմամբ` սոցցանցը երեկ պայթեց այս տեղեկությունից. «Զարմանալիորեն, Հայաստանում այդ պայմանների հետ համաձայնողներ կան: Ուզում եք Հայաստանն արնաքամ լինի՞, որ այս մի կրնկի տեղն էլ չունենա՞նք…Մեր զինվորականները երբեք չեն համաձայնի դրան եւ գիտեն ինչ կանեն, որ ռուսի գլխում «փայլուն» գաղափարները բնի մեջ տրորվեն: Երբ թղթի կտորի վրա ռուսի ձեռքով Ադրբեջանին տրվեցին Արցախը եւ Նախիջեւանը, մի զոհ չեղավ, իսկ այսօր այսքան զոհ տալուց հետո հանկարծ պարզվում է, որ ռուսին բան չպետք է ասե՞նք: Ո՞նց չասենք, երբ Արցախն Ադրբեջանին տալուց չհարցրեց մեր կարծիքը»,-ապրիլի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ այսպես արձագանքեց. «Հարեւանների հետ չարանալու մեջ լավ բան չկա, այլ բան է, որ քո շահով պետք է ապրես այդ միջավայրում: Այսօր մենք մեր պատմության կրողը չենք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը տեղեկությունը չմեկնաբանեց: Փոխարենն անդրադարձավ այսօր ՀՀ նախագահի հնարավոր ելույթի մասին լուրերին` կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը կասի այն, ինչ բխում է ժողովրդի եւ պետության շահերից:
Կարդացեք նաև
«Ես շատ եմ դիմել տարբեր առիթներով, որպեսզի լսենք իր խոսքը, որպեսզի այսօրվա օրհասական իրավիճակի մասին իր քայլերն ու գնահատականներն ասի»,-իր հերթին ասաց Անահիտ Բախշյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ