Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը խորհրդարանը կքննարկի երկուշաբթի

Ապրիլ 20,2016 16:51

Երկուշաբթի օրը մեկնարկելիք խորհրդարանի հերթական քառօրյա նիստերում քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը`հավելելով, որ ուրբաթ օրը, հանձնաժողովի նիստում արդեն կքննարկվի ԸՕ-ի լրամշակված տարբերակը:

Մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ քառօրյա նիստերի ընթացքում պատգամավորները կհասցնեն առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը. «Առաջինից երկրորդ ընթերցում ընկած քննարկումները նույնպես շատ կարեւոր են, որպեսզի հստակեցվեն նախագծի հիմնական սկզբունքները: Նաեւ պետք է հասցնենք արդեն հաջորդ քառօրյայում նախագիծն ամբողջությամբ ընդունենք, որպեսզի Սահմանադրությամբ սահմանված ժամկետները չխախտենք»:

Երեկ ԸՕ-ի նախագծի «4+4+4» ձեւաչափի քննարկումների մասնակից ՀԱԿ եւ ՕԵԿ քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն էին տարածել, այդ քննարկումների անարդյունավետության մասին:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ձեւաչափի մյուս`հասարակական հատվածի կողմը, դարձյալ փաստելով այդ քննարկումներից սպասվելիք արդյունքի բացակայությունը: Ի՞նչն է պատճառը, որ անգամ քառօրյա պատերազմի արդյունքում հանրապետությունում առաջացած նոր իրավիճակից հետո, իշխանությունը չի ցանկանում իր դիրքերը զիջել`Aravot.am-ի հարցին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Զիջելը, բանակցելը ճիշտ տերմիններ չեն, մենք քննարկել ենք: Այնտեղ որեւէ որոշում չպիտի կայացվեր, այդ մասին տեղյակ են եղել բոլոր մասնակիցները եւ առնվազն տարօրինակ է, որ հիմա նման հռետորաբանությամբ են խոսում: Ինձ համար շատ կարեւոր եւ լավ էին այս քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն տվեցին ստուգել քո փաստարկների ամրությունը եւ կարողացար նոր մոտեցումներ գտնել, որոնք անպայման տեղ կգտնեն ԸՕ-ում:

Քննարկումները չէին սկսվում եւ չէին ավարտվում այդ հինգ կետերի շուրջ, թեեւ առանցքում հենց դրանք էին, որոնց հետ կապված մենք մեր փաստարկ-հակափաստարկները ներկայացրել ենք: Եթե որեւէ տեսակետ մեզ համար ընդունելի էլ չի եղել, ապա դա հրապարակային ներկայացվել եւ հիմնավորվել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930