Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքեն (լուսանկարում) հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտներից է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ևս Ադրբեջանի հասցեին լուրջ քննադատություններ հնչեցին: Օրինակ` ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան հայտարարեց, թե այլ բան Ալիևից ու նրա ռեժիմից սպասել չէր էլ կարելի:
Իսկ մեկ այլ ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքեն հայտարարեց, թե կրակի դադարեցումը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի ճնշման ներքո, դեռ բավարար չէ: Ու թվարկեց մի շարք խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Նա մասնավորապես հայտարարեց. «Այս հակամարտության լուծման խոչընդոտներից է այն, որ Ադրբեջանը, չհաշված կոսմետիկ բարեփոխումները, շարունակում է մնալ բռնապետություն, ժառանգաբար փոխանցվող միապետություն: Մյուս խոչընդոտը բխում է նրանից, որ մի կողմից գործ ունենք սահմանների անըմբռնելիության հարցի հետ, մյուս կողմից այն միջազգային իրավունքի դրույթի հետ, որ ազգերն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը»:
Այնուհետև պատվիրակը, վերջ դնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ազգային պատկանելության վերաբերյալ գոյություն ունեցող կասկածներին, նշեց. «Չեմ կարծում, որ որևէ խելամիտ մարդ կարող է կասկածի տակ դնել այն փաստը, որ դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը եղել են հայեր»:
Կարդացեք նաև
Ֆրանսիացի պատվիրակը չմոռացավ հիշատակել նաև, որ լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ի կողմից է ժամանակին հանձնվել Ադրբեջանին, ինչի պատճառով խաղացել են այդտեղ բնակվող հայերի ճակատագրի հետ:
Ուստի պարոն Ռուքեն կոչ արեց ևս մեկ անգամ այստեղ բնակվող անձանց ճակատագրի հետ խաղ չանել և սթափ նայել հակամարտությանը` հավակնությունները մի կողմ դնելով:
Ռենե Ռուքեն հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` բանակցություններ վարել երկու կողմերի միջև, իրենց արդյունքը կտան: Իսկ Վեհաժողովին կոչ արեց նպաստել այդ բանակցություններին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ