ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում մեկնաբանեց մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ՀՀԿ-ականները զոհված զինծառայողի ծնողներին ընտրակաշառք են առաջարկել: «Ոչինչ չեմ բացառում: Չեմ տեսել նման բան, բայց ընդունում եմ, որ նման փաստեր կարող են լինել: Բայց այն, որ հանրապետականները ցանկանում են վերացնել այդ խնդիրը, համոզված եմ դրանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին ահազանգերին, Ալեքսանյանը հորդորեց տարանջատել` ընտրակաշառք ասելով նկատի ունեն գումա՞ր, թե ինչ-որ խոստում. «Մեկ-մեկ կարող է «մաղարիչ» լինել, բարեգործություն կամ մեծ եղբոր խնդրանք: «Կաշառք»-ը բազմագույն բառ է, եւ դժվար է եղածը կաշառք անվանել: Մի փոքրիկ գյուղում 90-ականներին գյուղապետ ընտրվեց 8-րդ դասարանցի մի տղա: Դա ճիշտ չէր, բայց արդար էին ընտրությունները: Ուստի, ՏԻՄ ընտրություններում բարեկամ-հարեւան-ընկեր հարաբերությունները կան եւ պետք չէ դրանց «կաշառք» անվանել»:
ՀՀԿ-ական պատգամավորը Հրազդանի գործող քաղաքապետի վերընտրվելն այսպես մեկնաբանեց. «Խելոք իշխանությունը նայում է` եթե տվյալ գյուղում մինչ այդ ինչ-մեկը չի ընդունվում համայնքի կողմից, երբեք չի առաջադրում նրա թեկնածությունը: Նույնը Հրազդանի քաղաքապետի դեպքում է»:
Լրագրողների առարկությանը, թե Հրազդանը գյուղ չէ, պարոն Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Դե, կարելի է ասել, գյուղաքաղաք է…»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հրազդանի` ոչ բարվոք վիճակում գտնվող ենթակառուցվածքներին, պատգամավորի խոսքով. «Կարեւոր իրողությունները թողած` չպետք է քաղաքապետին դատել չաշխատող վերելակներով, քանդված փողոցներով: Գնահատականը այգին եւ ասֆալտը չեն: Պետք է, օրինակ, մշակույթի տուն մտնես»:
Իսկ կա՞ արդյոք Հրազդանում մշակույթի տուն, Ալեքսանյանը դժվարացավ պատասխանել եւ կրկին վկայակոչեց համայնքային օրինակ. «Ես որ գյուղ եմ մտնում, նայում եմ` դպրոց տանող ճանապարհն ու գերեզմանատունն ինչ վիճակում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ