«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց, որ կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումներ են գրանցվել: «Տեղամաս էին գալիս խմբերով` պայմանավորված կերպով: Չգիտես ինչու` այդ «լավ հարեւանությունը» լավ է արտահայտվում միայն ընտրությունների ժամանակ: Հանձնաժողովի անդամներն ուղղորդում էին մարդկանց: Մի տատիկ ընտրեց, դուրս եկավ, ապա նայեց հանձնաժողովի անդամին եւ ասաց, որ իր պարտքը կատարել է: Երեւի գումար էր վճարված, եկել էր ասելու, որ քվեարկել է, պետք չէ գումարը հետ վերցնել»,- ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով` քաղաքացիները ցնցոտիներով գալիս-ընտրում էին գործող քաղաքապետին. Հրազդանում ոչինչ չի փոխվել` նույն քանդված փողոցներն են եւ չաշխատող վերելակները. «14 հարկանի շենքում վերելակը միայն 14-րդ հարկ էր բարձրանում: Մարդիկ բարձրանում են 14-րդ հարկ, հետո իջնում…»:
Էդգար Առաքելյանը վստահեցրեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից ընտրակաշառք չի բաժանվել. «Ընտրակաշառքը ձեռնտու է միայն իշխանություններին, որովհետեւ իրենք են ցանկանում վերընտրվել: Մեր կողմից ոչ մի ընտրակաշառք չի եղել, բոլոր ընտրություններին մենք մաքուր ենք հավաքել մեր ձայները: Կարող եք հետաքննել եւ հարցումներ անել: Մեր թեկնածուի կողմից նման բան չի եղել: Գուցե չես կարող դա ապացուցել, բայց այդպես է»:
Առաքելյանի բնորոշմամբ` ՏԻՄ ընտրությունները չի կարելի ձեռքբերում համարել, քանի որ գրանցվել են հայկական իրականությանը բնորոշ ընտրակեղծարարության հիմնական դրսեւորումները. «Ընտրական գործընթացի առումով մենք ճահճային վիճակում ենք: Այսօր քննարկման է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, սակայն քննարկումներն արդյունք չտվեցին, իշխանությունները մերժեցին ընդդիմության հիմնական առաջարկները, հետեւաբար` իշխանությունը գործնական քայլերի առումով ոչինչ չի անում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ