«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն առաջարկում է վերանայել վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ տուգանքների չափը, իսկ տուգանքների գումարներն ուղղել Պաշտպանության նախարարությանը:
«Մեզ զենք է պետք»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանը:
Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների վերանայումից, նախաձեռնության անդամները պահանջում են անմիջապես դադարեցնել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի գործունեությունը. «Ի՞նչ է նշանակում՝ սահմանում պատերազմ է, և Երևան-Գորիս, Երևան-Ստեփանակերտ հատվածում աշխատում են արագությունը չափող սարքեր: Փաստորեն, մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմական վիճակում: Եվ այսօրվա վիճակով մենք անբարոյականություն ենք համարում մեր իսկ երկրում, մեր իսկ հողի վրա սահմանում կանգնած զինվորի, ազատամարտիկի, երկրապահի ընտանիքի անդամի՝ եղբոր, հարազատի նկատմամբ ուղղակի պատժիչ գործողություններ անել սեփական քաղաքում և երկրում, ինչը մեր սահմանին անում է ազերին մեր նկատմամբ»:
Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն էլ վկայակոչեց «Security dream» ընկերության ներկայացրած տվյալները, որոնց համաձայն՝ 2014թ. դրությամբ ընկերությունը ստացել է 4.4 մլրդ դրամ շահույթ: Ըստ Եփրեմյանի, այդ շահույթը կարող էր նպատակաուղղվել սպառազինությանը.
Կարդացեք նաև
«Եթե մենք վերցնենք միայն կարմիր գծերի և «Security dream»-ի մեկ տարվա համախառն եկամուտը, դա կազմելու է այնքան, որքան մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից գումար մուրալ, որպեսզի մեզ զենք տան»:
Նախաձեռնության անդամները սահմանային լարված միջադեպերի պատճառով որոշել են ակցիաներ չանել այս ընթացքում. «Եթե մենք մեր համառությամբ սրենք վիճակը… անշուշտ դա կանդրադառնա սահմանում կանգնած զինվորների վրա: Դրա համար «Դուրս մեր գրպանից»-ի ամբողջ խորհուրդը մարտավարական որոշում է ընդունել՝ «ավելի շատ փորձել նեղել իրավական դաշտում, և այդպես մեր հարցերն առաջ տանել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Նոյյան տապանի»