ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ ցավով փաստեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ռազմաարդյունաբերական համալիրը 90-ականներին փոշիացել է ու շուտափույթ պետք է այդ հարցին լուծում տալ:
Նա կոչով դիմեց միջոցառմանը ներկա վարչապետին, նախարարներին ու գիտական հանրությանը, ասելով, որ այդպես կխնայենք մեր զինվորի կյանքը, որը մեր միակ ռազմավարական դաշնակիցն է:
Խոսելով ՀՀ եւ ՌԴ հարաբերությունների մասին, պարոն Մելքոնյանը նշեց. «Ես գտնում եմ, որ ռազմավարական դաշնակիցը մարտավարական դաշնակից չէ, այն, որ մեր մարտավարական դաշնակիցը զենքերի հզոր քանակությունը վաճառեց մեր հարեւանին, հենց դա է փաստում: Եկել է ժամանակը, որ ունենանք հզոր ռազմաարդյունաբերական համալիր, որը մեզ հնարավորություն կտա դիմակայել առաջիկա մարտահրավերներին: Մինչև երկրորդական, երրորդական, նեղ փողոցներում արագաչափեր տեղադրող ազգից չփոխվենք ու չդառնանք զենք արտադրող, վաճառող, մենք շատ բան կկորցնենք»:
Կարդացեք նաև
Պատմության ինստիտուտի տնօրենը նաեւ կոչ արեց բարձր պահել զինվորի ոգին եւ տեր լինել ժողովրդի հայրենասիրական պաթոսին: Նշենք, որ ելույթի ժամանակ դահլիճից դիտողություն հնչեց, թե չպետք է այդ ամենը անել հակառուսական քարոզչության համատեքստում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ