Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վանքից մենք ենք գալիս, դուք եք ասում՝ մեղա, Աստված». Հովհաննես Սահակյանը՝ Արամ Մանուկյանին

Ապրիլ 20,2016 15:10

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով քննարկման ժամանակ հարցին՝ իշխանության կողմից ներկայացված զիջումները բավարար չէի՞ն, հնարավոր չէ՞ր դրանց հիմքի վրա ձեւավորել հետագա քննարկումները՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը պատասխանեց. «Իշխանության ներկայացրած առաջարկները, մեր կարծիքով, բավարար չէին: Թեեւ երկու զիջում արվեց՝ մատնահետքերով քվեարկումը եւ ընտրողների ցուցակների ոչ պաշտոնական փաստաթղթով տրամադրումը, բայց մենք չենք կարող դա համարել բավարար: Այդ էլեկտրոնային համակարգը, դրա հիմնական նպատակը տարբեր ընտրական խախտումներին լուծում տալն է, ինչպես ներկայացնում են, բայց դա ընդամենը մեկ խնդիր է լուծում:

Մասնագետները պնդում են, որ էլեկտրոնային համակարգն ավելի ոչ թափանցիկ եւ ոչ տեսանելի է դարձնում գործընթացը եւ դրա համար այն չի կարող ավելի վստահելի դարձնել այդ գործընթացը: Այդ պատճառով զուտ մատնահետքերի գաղափարը չենք կարող առանձին վերցրած ընդունելի համարել: Ընտրացուցակների այդ տվյալների՝ համարների տալն էլ զիջում չէ, որովհետեւ այսօր էլ լավ դիտորդները կարողանում են ունենալ այդ տվյալները: Դա մենք չենք կարող համարել, որ այն խնդիրները, որոնք կան, լուծվում են, հանրային վստահությունը չի բարձրացել, մնացել են նույն կասկածները»:

Ըստ Սոնա Այվազյանի, այն որ իշխանությունները չկատարեցին իրենց պահանջները, ապացուցեցին, որ իրենք օգտագործելու են այդ ռեսուրսները՝ կեղծիքներ անելու համար:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց: Ըստ նրա, իրենք անգամ համաձայնել են, որ եթե դոնոր գտնվի, կարող են ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, բայց տեխնիկայի զարգացման այս դարում յուրաքանչյուրն էլ կարող է տեսանկարահանում իրականացնել եւ վերահսկել ընտրությունների ողջ ընթացքը: Այս տեսաձայնագրության հիման վրա դատախազությունը գործ կարող է հարուցել. «Էլեկտրոնային տեխնիկային չեն վստահում: Երբ նույնականացման քարտն էինք քննարկում հանրաքվեի ժամանակ, թե ինչպես դնեինք շրջանառության մեջ, ՀԱԿ-ի Արամ Մանուկյանն ասաց՝ այս էլեկտրոնային մի փոքր սարքավորումն ի՞նչ է, որ չեք ներդնում, որ վերահսկվի: Հիմա մի փոքր սարք չենք դնում, մի ամբողջ համակարգ ենք դնում: Եթե այստեղ էլ են դեմ, պետությունը չի կարող չհիմնավորված չվստահել էլեկտրոնային համակարգերին»:

Արամ Մանուկյանն էլ արձագանքեց՝ եթե բոլորն ունենային նույնականացման քարտեր եւ միասնական փաստաթուղթ ու բոլորն այդպես քվեարկեին՝ լավ կլիներ. «Մենք գրել ենք՝ եթե դուք գալիս եք համաձայնության ցուցակները մաքրելու, ցուցակները հրապարակելու, մենք պատրաստ ենք միասին ստորագրել՝ ձեր էլեկտրոնային գրանցման համակարգը ներառելու: Սա շատ կոնստրուկտիվ է: Միասնական առաջարկները ներկայացնենք դոնորին՝ միասնական ստորագրությամբ: Բայց իշխանությունը որակական առումով չի գալիս ընդառաջ: Ասում են՝ ինչ ուզում եք արեք՝ մենք տեր չենք կանգնում էդ փաստերին»:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ 200-ից ավելի ՀԿ-ներ կան, այդ թիվը բազմապատկեք նրանց պարտադիր անդամների թվով՝ հսկայական բանակ է ստացվում, գնացեք տնետուն, ցուցակները ճշտեք. «Հսկայական ռեսուրսներ ունեք, գնացեք արեք: Միասական ID քարտերին էլ ենք կողմ մենք»:

Արամ Մանուկյանը հակադարձեց՝ Դավիթ Հարությունյանը մերժել է դա: Հովհաննես Սահակյան էլ պատասխանեց. «Ես չգիտեմ Դավիթ Հարությունյանն ինչ է մերժել, այստեղ կա փաստաթուղթ: Վանքից մենք ենք գալիս, դուք եք ասում՝ մեղա, Աստված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930