Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում եւ ԼՂ խնդիրը  (2008-2016)

Ապրիլ 20,2016 15:05

Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի

Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար

ՆԱԽԱԲԱՆ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան 4-օրյա պատերազմը լակմուսի թղթի դեր կատարեց ոչ միայն հակամարտության կողմերի ռազմական կարողությունների ու հնարավորությունների գնահատման, այլ նաև՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների, նրանց վարած քաղաքականության բազում շերտերի բացահայտման առումով:

Սույն վերլուծական շարքի ներքո առավելապես քննության կառնվեն մասնավորապես ռուս-ադրբեջանական ու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք, թվում է, թե հայտնվել են նոր իրողության մեջ:  Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն այլևս սկսել են ավելի սթափ ու իրատեսորեն նայել Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունու գործառնությանը: Վերջինիս ներսում տարիներ շարունակ հայկական երկու պետականությունների համար մեծագույն վտանգներ են հասունացել փաստացի նաև հայկական կողմերի վարած քաղաքականության ու դիվանագիտության թողտվությամբ ու հանդուրժողականությամբ:

Քառօրյա պատերազմն ընդամենն այդ ամենի հայելային արտացոլանքն էր, և ոչ մի նոր բան իրականում չկար: Պատերազմի լուսարձակների ներքո ավելի լավ երևացին հատկապես 2008թ-ից մեկնարկած գործընթացների հետևանքները, կուտակված խնդիրներն ու լարվածությունը: Իսկ այս ամենում միակ նորը, թերևս, հայաստանյան հասարակության ու հայ-ռուսական հարաբերությունների ուժգին ցնցակաթվածն էին, ինչը վերջին տարիների զարգացումներին կանոնավոր հետևողների համար միանգամայն սպասելի էր:

Մինչև քառօրյա պատերազմը պաշտոնական Երևանը կարծես թե չէր գիտակցում, որ Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերի սպառազինման՝ շատ որոշակի տրամաբանության ենթարկվող գործընթացը կամ գործիքը ռազմաքաղաքական ու ընդհուպ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում մի մեծ, բարդ ու տևական խաղում, որտեղ Արցախը Բաքվի համար սակարկության, իսկ Մոսկվայի համար Կովկասում մենիշխան դիրքերով վերահաստատվելու առարկա ու խողովակ է:

Ըստ այդմ՝ Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խորացումն ընդամենը մեկ դետալն է նրա, ինչը պետք է կոչել Ռուսաստանի կովկասյան նոր քաղաքականություն, որի մեկնարկը տրվեց 2008թ.: Հետևաբար, Հայաստանը պարտավոր էր ոչ միայն ավելի վաղ կանխած լինել Մոսկվայի կողմից Բաքվին սպառազինելը, այլ նաև ավելի վաղ ըմբռնած՝ ռուսական այդ մեծ խաղի բոլոր նրբերանգներն ու դրանում Հայաստանի և Արցախի հետ նրբորեն հյուսված թակարդը:

Իսկ դրա ակունքներից մինչ այժմ տեղի ունեցածի հետահայաց վերլուծությունը ոչ միայն ուսուցողական կամ հետազոտական նշանակություն ունի, այլև էական է խաղի հետագա ծավալման ուղղություններն ուրվագծելու համար:

Ներկայիս իրավիճակը մասամբ կրկնում է 2008թ.-ը՝ պարամետրիկ որոշ փոփոխություններով. փաստացի, 2016թ.-ի ապրիլին Կովկասում լսվեցին 2008թ. երեք հուժկու քաղաքական պայթյունների՝ Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի և 2014թ. Ղրիմի նախադեպերի դեգերող ալիքների արձագանքները: Բիֆուրկացիոն այս կետում մի կողմից մեծացել է արատավոր շրջանի կրկնության վտանգը, մյուս կողմից էլ պատուհան է բացվել զարգացման այլ հետագծերի համար …

Երբ հետազոտությունը գրեթե պատրաստ էր հրապարակման, ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրի վրա, հրապարակեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հանգույցը լուծելու Պուտինի “նոր” ծրագիրը[1]. «Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին»:

Դրանից օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, ՌԴ նախագահ Վ.Պուտինն ավանդական ուղիղ կապի ժամանակ էր հայտարարել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ թե՛ միջազգային կառույցերի շրջանակներում, թե՛ երկկողմ կարգով Մոսկվայի ջանքերը շարունակելու մտադրության մասին[2]: Ինչպես պարզ կդառնա վերլուծությունից, այժմ էլ կրկնվել են այն խոստումները, որոնք 2008թ. Մոսկվան գրավոր և բանավոր տվել է Բաքվին:

Ներկայիս իրավիճակը չափազանց նման է 2008թ., պարզապես տարբեր են այժմ և 8 տարի առաջ Մոսկվայի ջանքերը խթանող ելակետերը կամ առիթները, ինչպես նաև՝ տարածաշրջանային համատեքստն ու կոնֆիգուրացիաները, մինչդեռ Կրեմլի շահագրգռություններն ու ծրագրի հիմքը նույնն են:

Այն ժամանակ էլ Մեդվեդևը ղարաբաղյան խնդիրը կարգավորելու բացարձակ նույնական “ծրագիր” ուներ, ինչպես այժմ Պուտինը, որի տևական իրականացումն իր հերթին նպաստեց ապրիլի քառօրյա պատերազմի բռնկմանը: Սակայն տարածաշրջանային համատեքստի ու կոնֆիգուրացիաների էական տարբերություններից մեկը ոչ միայն ելակետերի ու առիթների տարբերությունն է, այլ նաև այն, որ նախկին ծրագիրն իրականացվում էր ռուս-թուրքական մերձեցման, իսկ այժմ՝ առճակատման պայմաններում:

Ուստի կենսականորեն անհրաժեշտ է համեմատական համատեքստում հայացք նետել քաղաքական այդ շրջափուլին ու նրա ակունքներին, որի կրկնությունն այժմ չափազանց հավանական է, ինչպես նաև՝ հասկանալու համար, թե ինչի՞ կհանգեցնի նույն ծրագրի՝ երկրորդ անգամ իրականացնելու փորձն այս անգամ տարբերվող տարածաշրջանային համատեքստի ու պարամետրերի դեպքում, և որո՞նք են այս անգամ Մոսկվայի հետապնդած հարակից ու չերևացող նպատակները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ. ԱԴՐԲԵՋԱՆ

2008թ. հուլիսի 3-ին՝ ռուս-վրացական 5-օրյա պատերազմի բռնկումից գրեթե մեկ ամիս առաջ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատկառելի պատվիրակությամբ պաշտոնական այց կատարեց Բաքու, որտեղ մի շարք երկկողմ պայմանագրեր ստորագրվեցին:

Դրանցից անկյունաքարայինը «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր» /Декларация о дружбе и стратегическом партнерстве между Азербайджанской Республикой и Российской Федерацией[3]/ վերտառությամբ միջպետական համաձայնագիրն էր, որը հիմք հանդիսացավ նույն օրը և հետագայում մի շարք բնագավառներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանագրերի կնքման համար: Խնդրո համատեքստում կանդրադառնանք Հռչակագրի սոսկ 2-րդ գլխին, որի դրույթներն առնչվում են Հայաստանի անվտանգության խնդիրներին, մասնավորապես՝ Արցախին, ու որոնք ամբողջովին նույնական են Մեդվեդևի 2008թ. և Պուտինի 2016թ. ծրագրերին, և միակ տարբերությունը դիվանագիտական բառապաշարով պարուրված լինելն է:

Հռչակագրի առաջին պարբերությունում ասված է. «Կողմերը, նշելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման կարևորությունը, վերահաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին»: / Стороны, отмечая важность обеспечения безопасности в Европе и в мире в целом, подтверждая неприемлемость насильственного изменения международно-признанных границ, заявляют о своей готовности укреплять сотрудничество в деле обеспечения безопасности на Южном Кавказе и в Каспийском регионе/:

Այս ձևակերպումը վկայությունն է նրա, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն իսկ 2008թ. իրեն ապահովագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հնարավորությունից՝ Արցախի 1991թ. ինքնորոշումը հռչակելով որպես Ադրբեջանի՝ “միջազգայնորեն ճանաչված” սահմանների “բռնի և ուժային խաթարում”:

Թերևս նման մեկնաբանությունը կհամարվեր շատ հիպոթետիկ կամ ոչ միարժեք, իսկ վերոհիշյալ պարբերության ձևակերպումներն էլ՝ պարզապես միջազգային իրավունքի հայտնի 10 սկզբունքներից մեկի ընտրողաբար ամրագրում՝ Ադրբեջանին սիրաշահելու նպատակով, եթե չլինեին հաջորդ պարբերությունները:

Մասնավորապես, երկրորդ պարբերության մեջ ավելի է հստակեցվել, որ «կողմերն ընդգծում են այն կարևորությունը, որը նրանք տալիս են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում և Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկելիք հետագա ջանքերին» / Стороны подчёркивают значение, которое они придают принятию сопредседателями Минской группы ОБСЕ, в том числе Российской Федерацией, дальнейших усилий по содействию скорейшему мирному урегулированию нагорно-карабахского конфликта/:

Ավելորդ է արձանագրել, որ Ռուսաստանն այստեղ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է պարտավորություն ստանձնում առաջիկայում ավելացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

Առավել լավատեսները միգուցե այս մի ձևակերպումն էլ համարեն հերթապահ և որևէ լուրջ վտանգ չպարունակող խոստում, եթե չլինեին հաջորդող որոշակիացումները:

Երրորդ պարբերությունն ամրագրում է. «Կողմերն ընդգծում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների հիման վրա և, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա» /Стороны подчёркивают важность скорейшего урегулирования нагорно-карабахского конфликта на основе общепризнанных норм и принципов международного права и прежде всего соблюдения и обеспечения суверенитета, территориальной целостности и нерушимости границ государств, а также соответствующих резолюций Совета Безопасности ООН и решений ОБСЕ/:

Նշված պարբերության մեջ չափազանց հստակ է, թե Բաքվի հետ բարեկամացող ու ռազմավարական գործընկեր դարձող Մոսկվան ինչ մոտեցում պետք է որդեգրի ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման “արագացված գործընթացում” ու ինչ նորմատիվ շրջանակներում ապահովի դրա լուծումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Սակայն Բաքուն այդքան միամիտ չէր, որպեսզի երաշխիքներ չպահանջեր նաև Մոսկվայի “առաջիկա ջանքերի” արդյունքում վերոնշյալ հիմքերի վրա ու շրջանակում՝ ԼՂ հակամարտության “շուտափույթ կարգավորման” կատարման ու կենսագործման կապակցությամբ:

Դրան էլ նվիրված է այս գլխի վերջին՝ չորրորդ պարբերությունը. «Կողմերը կաջակցեն հակամարտության արդյունքում տեղահանված ու փախստական դարձած անձանց շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձին» / Стороны будут способствовать скорейшему добровольному и безопасному возвращению беженцев и перемещенных вследствие конфликтов лиц/:

Այսպիսով, ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ու բարեկամության դիմաց Իլհամ Ալիևը Դմիտրի Մեդվեդևից պահանջել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության “շուտափույթ լուծում” ու “վերադարձ իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականություն”՝ ընդհուպ ապահովելով “ադրբեջանցի փախստականների վերադարձն” այնտեղ, իսկ Մոսկվան էլ հանձն էր առել դրանց ապահովումը: Դրա դիմաց Իլհամ Ալիևը պայմանագրի այլ հատվածներում խոստացել էր ամենատարբեր ոլորտներում իր երկիրը համագործակցության առումով բացել Ռուսաստանի առջև, ասել է թե՝ համաձայնել էր կախվածության մեջ հայտնվել Մոսկվայից՝ միջազգային քաղաքականության մեջ ճանաչելով վերջինիս դերն ու շահերը: Այս կտրվածքով առանձին բաժնի ներքո Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորվել էին թվարկված բոլոր հարցերում սերտորեն համագործակցել միջազգային կառույցներում՝ սկսած ՄԱԿ-ից, վերջացրած ԵԱՀԿ-ով:

2008թ. հուլիսի 3-ին ՌԴ նախագահի պաշտոնական այցի ժամանակ շատերի ուշադրության կենտրոնում առաջին հերթին հայտնվեց նրան ուղեկցողների թվում «Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլլերի ներկայությունը, ով բավական ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց ադրբեջանական գազի ողջ խմբաքանակը գնելու Ռուսաստանի ցանկության ու պատրաստակամության մասին և Բաքվում բանակցություններ վարեց այդ խնդրով[4]:

Այդ շրջանում Կրեմլի հետապնդած նպատակներից մեկն Արևմուտքի կողմից մտահղացված ու բուռն քննարկվող Նաբուկո նախագծի տապալումն էր՝ դրա տնտեսական աննպատակահարմարություն ստեղծելու, այն է՝ գազամուղին մատակարարվելիք գազի դեֆիցիտ ստեղծելու միջոցով, հատկապես, երբ անգամ ադրբեջանական գազի ամբողջ ծավալները բավարար չէին խողովակաշարը սպասարկելու ու իմաստավորված դարձնելու համար:

Դրան հավելյալ, Ռուսաստանի համար պատեհություն էր, որ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների ներքո, ու նախագծին նրա միանալը պաշտոնապես մերժվում/մերժվելու էր Արևմուտքի կողմից, իսկ Կենտրոնական Ասիայի գազը Կասպից ծովով Նաբուկոին միացնելու համար էլ լուրջ խոչընդոտ էին դառնում ծովի անորոշ կարգավիճակն ու այն ափամերձ պետությունների միջև բաժանելու հարցում շարունակվող տարաձայնությունները: Հենց դրա համար էլ Հռչակագրի խնդրո առարկա բաժնի առաջին մասում շեշտվել էր հավասարապես երկու՝ հարավկովկասյան ու կասպիական տարածաշրջաններում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակությունը խորացնելու, երկու երկրների քաղաքականությունները կոորդինացնելու ու միմյանց շահերը բավարարելու հանգամանքը:

Այս նպատակի ամրագրումն արդեն Բաքու-Մոսկվա տանդեմի կողմից հակաարևմտյան փոխգործակցության ազդանշան էր, ինչն Արևմուտքն զգում էր, փորձում էր ակտիվորեն խոչնդոտել ուրվագծվող Մոսկվա-Բաքու դաշինքի կայացմանը՝ իր հերթին ջանալով վերջինիս գայթակղել:

Սակայն Մոսկվային բացառապես պետք էր, որպեսզի իրական գործընթացները ծավալվեին եռանկյան ներսում. նրան չորրորդ խաղացող կամ քառանկյուն բացարձակապես պետք չէր ոչ միայն եռակողմ խաղի ընթացքին չխանգարելու համար, այլ որովհետև տարեսկզբին Կոսովոյի հարցով արձանագրված առճակատումը պետք է ավարտվեր վրաց-ռուսական պատերազմից հետո Արևմուտքին ավելի բացահայտ ու պաշտոնապես հակառակորդ հռչակումով: Ավելի ստույգ՝ քառանկյան պատրանք ստեղծելու համար Կրեմլին հարկավոր էր ֆորմալ Արևմուտքին ներկայացնող, սակայն փաստացի Արևմուտքի դեմ գործող Թուրքիան, դրան էլ գումարած՝ կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ մասնակցությունը, սակայն փաստացի՝ Ռուսաստանի հովանու ներքո Ադրբեջան-Հայաստան ձևաչափի գործառնությունը:

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 Կոսովո: Կանխել նախադեպի տարածումը ԼՂ հակամարտութան վրա 

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումն ու դրան հաջորդած միջազգային ճանաչման շքերթը պետությունների չափազանց հետաքրքրական դիրքավորում առաջ բերեցին ոչ միայն գլոբալ, այլ նաև տարածաշրջանի մակարդակով: Չհաշված նախկին բալթյան հանրապետութուններին՝ հետխորհրդային ոչ մի հանրապետություն, այդ թվում՝ Կովկասում, այն չճանաչեց:

Տեղի ունեցածից տարածաշրջանում ամենախանդավառվածը Հայաստանն էր, որը սակայն մի քանի պատճառներով չճանաչեց Կոսովոյի անկախությունը: Առաջինը պայմանավորված էր Ռուսաստանի գործոնով, ում կատաղության էին հասցրել այդ խնդրով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի միակողմանի քայլերը՝ ի հակառակ իր դիրքորոշումների: Երկրորդը, Երևանի կողմից նման քայլին ի պատասխան աշխարհի և ոչ մի երկիր չէր պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը. Արևմուտքից հնչող հայտարարությունները բավականին հստակ էին՝ Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ մասնավորապես Կովկասի հակամարտությունների համար:

Ուստի վերոնշալ հանգամանքներն ի նկատի ունենալով՝ պաշտոնական Երևանը խուսափեց գնալ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու քայլին՝ երկու անգամ տապալելով 2007թ. օգոստոսից Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը[5]:

Սրան ի հակառակ, Կոսովոյի խնդրով Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների նույնությունը Մոսկվայի համար հրաշալի հենք էր ստեղծում Բաքվին իր “ցանցը” գցելու համար, հատկապես, երբ վերջինս տևական գանգատվել էր հակամարտության լուծման՝ Մոսկվայի ցանկությունից կախված լինելու մասին: Ու թերևս այդ ամենն անուղղակիորեն արտացոլվեց հուլիսի 3-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի» 2-րդ գլխում, որը կարող է մեկնաբանվել իբրև Ռուսաստանի կողմից Կոսովոյի նախադեպը Հարավային Կովկասի հակամարտությունների վրա չտարածելու գրավոր պարտավորություն:

Կոսովոյի նախադեպից սպասելիորեն մեծապես անհանգստացավ նաև Վրաստանը, ով հասկանալիորեն նույնպես չճանաչեց այն, անգամ կարելի է ասել օգոստոսի 8-ին ներխուժելով Հարավային Օսիա՝ փորձեց հակառակ մոդելն ստեղծել, սակայն Ռուսաստանի բացահայտ ու ամբողջական ներխուժումը ինքնահռչակ հանրապետությունների տարածք դրանք ուղղակի վերածեցին “ռուսական Կոսովոյի”:

Թուրքիան որքան էլ ճանաչող երկրների շարքում էր, սակայն իր հերթին մտահոգված էր, որպեսի այն բացառիկ լինի ու չտարածվի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանի ու Վրաստանին առնչվող հակամարտությունների վրա, ինչպես նաև՝ շղթայական ռեակցիայի վտանգ չստեղծի իր սահմանների անմիջական հարևանությամբ: Անկարային մի կողմից հանգստացնում էր Բաքվի առջև Մոսկվայի ստանձնած գրավոր պարտավորությունն այդ մասով, սակայն մյուս կողմից անհանգստացնում էր Մոսկվայից Ադրբեջանի հետագա մեծ կախվածությունը: Բացի ընդդեմ Արևմուտքի իր նեղացվածությունն ու դեմարշը կամ նեոօսմանականության հայեցակարգով տարածաշրջանում ծավալվելու նկրտումները, Անկարայի կողմից իրավիճակի այսպիսի երկակի ընկալումը նրան էլ ավելի էին դրդում Մոսկվայի հետ համագործակցության: Թուրքիայի հեռավոր հաշվարկներով դա թույլ կտար մի կողմից ավելի կատարյալ ապահովագրել դաշնակցին ու իրեն Կոսովոյի նախադեպի կրկնությունից, մյուս կողմից՝ խոչընդոտելու Մոսկվայի կողմից Բաքվի ապագա խոր խնամակալությունը և, վերջապես, ավելի ներգրավվելու Կովկասի հակամարտություններից ամենաբարդի կարգավորման գործընթացում:

Հարավային Օսիա և Աբխազիա: Կանխել նախադեպերի տարածումը ԼՂ հակամարտության վրա

Ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից գրեթե մեկ ամիս անց՝ 2008թ. օգոստոսի 8-ին, բռնկվեց ռուս-վրացական 5-օրյա պատերազմը, որը աշխարհաքաղաքական շահերի հերթական լրջագույն տեկտոնական ցնցումն ու տեղաշարժն էր՝ այս անգամ, ի տարբերություն Կոսովոյի, ուղեկցված ռազմական ապակայունացմամբ: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի միակողմանի ճանաչումը շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ իրավամբ համարեցին Ռուսաստանի սիմետրիկ պատասխանն Արևմուտքին: Սակայն առաջին հերթին կարևոր է դիտարկել նրա ազդեցությունը հենց ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա:

Ռուս-վրացական պատերազմի առաջին պահին Հարավային Օսիան ուժով հետ վերադարձնելու Թբիլիսիի ռազմական գործողությունը վերին աստիճանի կարևոր էր դառնում Ադրբեջանի համար՝ Կոսովոյի հակամոդել ստեղծելու տեսանկյունից,   հույս փայփայելով, որ այն նախադեպ կծառայի Լեռնային Ղարաբաղը “վերանվաճելու” համար: Այդ ոգևորության ու ակնկալիքների տակ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը, օգոստոսի 8-ին մեկնաբանելով[6] Հարավային Օսիայում կատարվողը, հայտարարեց. «Միջազգային իրավունքի համաձայն Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավասություն ունի, և ՄԱԿ-ի կանոնադրությունը դրա ապացույցն է: Վրաստանի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին»:

Թերևս Ադրբեջանի համար տխրեցնող էր հաջորդ օրերին ու ամիսներին Հարավային Օսիայում ու Աբխազիայում արձանագրված շրջադարձը՝ Ռուսաստանի ներխուժումը չճանաչված հանրապետությունների տարածք, ապա և՝ դրանց ճանաչումը, որից հետո պաշտոնական Բաքուն ստիպված էր օգոստոսի 28-ին ընդամենը հուսահատ, հիասթափված և ավանդական-հերթապահ արձանագրումը կատարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը»[7]: Եվ ոչ ավելին:

Հետահայաց վերլուծությամբ առավել քան պարզ է դառնում, որ Վրաստանի “կապիտուլացիային” վաղօրոք նախապատրաստված ու Թբիլիսիին սադրանքի դրդած Մոսկվան կանխավ նաև ապահովագրել էր Ադրբեջանի ցանկալի վարքագիծը, ընդհուպ Թուրքիայի չեզոքությունն ի դեմս հուլիս 2-ի հռչակագրի: Ոչ միայն ագրեսիվ դարձած Մոսկվայից վախը, այլ նաև իր առջև հռչակագրով Կրեմլի ստանձնած գրավոր պարտավորությունները (խնդիրը շուտափույթ լուծել քաղաքական կարգավորման ճանապարհով ու Ադրբեջանին հաճո սկզբունքների շրջանակում) Բաքվին զսպում էին թե՛ ռազմական եղանակով Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, թե՛ նաև Վրաստանին ավելի մեծ սատարում ցուցաբերելու հեռանկարից:

Դրանով իսկ Մոսկվան լուծել էր նաև պաշտոնական Երևանին չգրգռելու ու չկորցնելու, Կովկասում իր համար ճակատ չբացելու հարցը, որտեղ ինքն ստիպված կլիներ կողմնորոշվել Հայաստանի օգտին: Մինչդեռ կողմերից որևէ մեկի օգտին կողմնորոշումը հակասում էր իր հեռահար ռազմավարական ծրագրերին: Մի խոսքով, Մոսկվայի կողմից Բաքվի, Անկարայի ու Երևանի զսպման քաղաքականությունը կատարյալ հաշվարկված էր:

Ուշադիր լինելու դեպքում կարելի է հստակ նկատել, որ ոչ միայն Ադրբեջանի ԱԳՆ-ի օգոստոսի 28-ի պաշտոնական մեկնաբանությունը, այլև ընդհուպ ոգևորության տարրեր պարունակող օգոստոս 8-ի դիրքորոշումը որևէ կերպ չէին կարող զայրացնել Մոսկվային. դրանցում գրեթե ասված էր այն, ինչ երկուսն ամրագրել էին հուլիսի 3-ի հռչակագրում, այն է՝ Հարավային Կովկասում հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Պարզապես Բաքուն դրանք վերաշարադրել էր որպես Վրաստանի միջազգային իրավունք և ոչ ավելին՝ ընդհուպ շրջանցելով “տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական եղանակով վերականգնելու իրավասությունը”: Իսկ այսպիսի բացերը պատահականություն չեն լինում ու չեն կարող լինել:

Նկատելի է, որ նշված և ոչ մի հայտարարության մեջ Ադրբեջանը որևէ պաշտոնական գնահատական չի տվել նաև Ռուսաստանի գործողություններին, որոնք, ըստ էության, հենց նույն հռչակագրում ամրագրված մեկ այլ ձևակերպման՝ Հարավային Կովկասում “միջազգայնորեն ճանաչված սահմանների” բռնի փոփոխության սկզբունքի խախտում էր: Արդյո՞ք դա Ռուսաստանից վախի հետևանք էր, թե պարզապես ռուս-ադրբեջանական գաղտնի պայմանավորվածություն, ինչը վերոնշյալ դիտարկումների համատեքստում ավելի հավանական է թվում, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստ է, որ նման ձևակերպումներով Բաքուն մի կողմից իր դեմքը պահեց Թբիլիսիի առաջ՝ “ֆորմալ աջակցելով” նրան, մյուս կողմից հայտնված երկու դիրքորոշումն էլ միանգամայն բավարարում էին Մոսկվային:

Պարադոքսալ է, բայց Հայաստանն իր դիրքորոշմամբ, թերևս, ավելի մեծ աջակցություն ցուցաբերեց Վրաստանին, քան տարիներ շարունակ վերջինիս ռազմավարական գործընկեր հռչակված Ադրբեջանն ու նրա խաղընկեր Թուրքիան: Կոսովոն, Հարավային Օսիան ու Աբխազիան չճանաչելու իր պաշտոնական դիրքորոշման մեջ Երևանը նշեց, որ դա չի անում այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ որ մինչև այժմ չի ճանաչել ԼՂՀ-ը[8]: Երևանի այսպիսի դիրքորոշումը, անշուշտ, կարևոր էր Թբիլիսիի համար ու հայ-վրացական հարաբերությունները չվտանգելու առումով:

Որքան էլ մի կողմից թվում է, թե Մոսկվան կցանկանար, որպեսզի Երևանն էլ ճանաչեր այդ միավորներին, հատկապես երբ ռուսական դիվանագիտությունը միջազգային մակարդակով այլ երկրների հետ աշխատում էր այդ ուղղությամբ, սակայն նկատենք, որ մյուս կողմից դա փրկօղակ էր հենց Կրեմլի համար. այն ապահովում էր Հարավային Օսիայի ու Աբխազիայի նախադեպերի չտարածումը ղարաբաղյան հակամարտության վրա, իրեն ազատում արցախյան խնդրով հօգուտ Հայաստանի դիրքավորվելու ու փոխադարձաբար այն ճանաչելու պարտավորությունից, հատկապես, երբ իր նախաձեռնած մեծ խաղը հակասության մեջ էր նման ելքի հետ:

Նշվածներից որ մեկն էլ որ լիներ Բաքվի վարքագծի պատճառը, միայն այն փաստը, որ տարիներով նախագծված Անկարա-Թբիլիսի-Բաքու առանցքը չգործեց այնպես, ինչպես ակնկալում էին Արևմուտքում, և Վրաստանը լիարժեք, իրական ռազմավարական պաշտպանություն չստացավ երկու հարևան դաշնակիցների կողմից, որպես արդյունք միանգամայն բավարար էր Մոսկվայի համար:

«Շատ բան է կախված Ադրբեջանից…»

Պաշտոնական Բաքվի դիրքորոշման՝ Ռուսաստանին միանգամայն հաճո լինելը նկատվեց ու արագ գնահատվեց Մոսկվայում, ինչը բարձրաձայնվեց նաև Կրեմլի քաղաքականությունը պաշտպանող փորձագետների կողմից: Մասնավորապես, Մայենդորֆյան դղյակում նոյեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի հովանու ներքո կայացած Ադրբեջան-Հայաստան նախագահական հանդիպման նախաշեմին ռուս հայտնի քաղաքագետ Ա.Դուգինը հայտարարեց[9], որ «Վրաստանում ճգնաժամից հետո իրավիճակը մի փոքր փոխվել է, Ալիևը Ռուսաստանի հանդեպ կառուցողական դիրք է բռնել և չպաշտպանեց վրացական կողմին, դա որոշակի դրական հետք է թողնում ղարաբաղյան խնդրի լուծման վրա»: Նրա բարձրաձայնմամբ՝ դա ռուսական քաղաքականությունը վերանայելու հիմքեր է ստեղծում, որը «մինչև որոշակի ժամանակ այսպես կամ այնպես ռազմավարական առումով պաշտպանում էր Հայաստանին», քանի որ վերջինս իրենց հետ «ռազմավարական գործընկերություն էր կնքել, իսկ Ադրբեջանը ձգվում էր դեպի ՎՈՒԱՄ-ը»:

Միով բանիվ, տարվա ընթացքում իրար հաջորդած այդ երեք նախադեպերից Բաքվի՝ երկրաչափական պրոգրեսիայով մեծացած վախերը նրան ավելի էին նետում Կրեմլի գիրկը: Վերջինս փաստացի այլևս դարձել էր միակ և ամենաուժեղ դերակատարը Հարավային Կովկասում և կարող էր կանխել երեք նախադեպերի տարածումն էլ ղարաբաղյան հակամարտության վրա: Եվ այդտեղ որոշիչ էր դառնում Բաքվի հետագա կողմնորոշումը. դեպի Արևմուտք շրջվելու դեպքում Մոսկվան կարող էր հրաժարվել հռչակագրում գրված իր պարտավորություններից ու պատժել Ադրբեջանին, իսկ դեպի Ռուսաստան ձգվելու դեպքում կխրախուսվեր ի դեմս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի հռչակագրում ամրագրված պարտավորություններին տեր կանգնելու:

Այս կապակցությամբ հավասարապես թե՛ պատժվելու, թե՛ նաև խրախուսվելու հնարավորության մասին Մոսկվան նույնպես զգուշացրեց Բաքվին: Դուգինը հայտարարեց, որ Ռուսաստանի համար այժմ «Ղարաբաղի ճանաչման հարցն ակտուալ չէ», և ռուսական աջակցությունը կարող է թեքվել դեպի Ադրբեջանի կողմը. «այժմ Ադրբեջանից ու Թուրքիայից շատ բան է կախված»՝ տարածաշրջանում «ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու հարցում» և այդ գործում Մոսկվան ակնկալում է «նվազագույնը Թուրքիայի ռազմավարական չեզոքությունը և Ադրբեջանի հետ դաշինքը»: Ըստ որում, հարաբերությունների այդպիսի նոր մոդելը Մոսկվայի համար «այժմ ավելի հեռանկարային է թվում, քան նախկինում», երբ «Ռուսաստանը պաշտպանում էր ստատուս-քվոն, խոսում էր խնդրի խաղաղ և իրավական կարգավորման մասին, սակայն, իհարկե, շեշտը դնելով հայկական կողմի վրա»:

Ինչ վերաբերում է Բաքվի սարսափեցմանը, Դուգինը միաժամանակ հիշեցրել էր, որ «միջազգային քաղաքականության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է “երկակի ստանդարտը”», այդ համատեքստում Ռուսաստանն էլ «իր նախապատվություններն ունի», և եթե այդ «ինչ-որ բանը (ի նկատի ունի և՛ ԼՂ անկախության ճանաչումը, և՛ չճանաչումը կամ վերադարձը Ադրբեջանի կազմ-Ս.Ս.) կհամապատասխանի իրենց շահերին և արժեքներին, ապա կընդունի այս կամ այն որոշումը»: Նա ավելորդ չէր համարել մի քանի անգամ շեշտել, որ «Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է սկսում մտածել ոչ թե միջազգային քաղաքականության վերացական սկզբունքների մասին, այլ իր սեփական ռազմավարական շահերի մասին»: Ասել է թե՝ օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվան կարող է և՛ հարգել հուլիսի 3-ի Հռչակագրում երկուստեք ամրագրած միջազգային քաղաքականության սկզբունքներն ու իր պարտավորությունները, բայց և՛ չհարգել՝ «այս իմաստով շատ բան է կախված Ադրբեջանից», քանիցս շեշտել էր նա:

Այդպիսով, ոչ միայն տարածաշրջանում ու նրանից դուրս ժայթքած միակողմանի ճանաչման նախադեպերի, այլ նաև Ռուսաստանի կողմից սարսափեցման ու քաջալերման նման մանիպուլյացիաների արդյունքում Մոսկվայից Ադրբեջանի անչափ մեծացած վախերն ու կախվածությունը հնարավորություն էին ընձեռում կարճաժամկետ կտրվածքով իրականացնել Արևմուտքի նախագծած հերթական էներգետիկ նախագիծը՝ Նաբուկոն տապալելու մասնակի խնդիրը, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու ռազմավարական խնդիրը:

Այդ բոլոր խնդիրներում ԼՂ հակամարտությանը կարևոր դեր էր վերապահված Կրեմլի ստրատեգիայում: Սակայն պարզունակ կլինի մտածել, թե ռուս-ադրբեջանա-թուրքական համագործակցության պայմաններում Մոսկվայի մտմտած ու իրականացրած խաղը վերաբերում էր Արցախն Ադրբեջանին հանձնելուն, կամ խաղն այդպիսին է նաև այժմ: Այն իրականում ավելի բազմաշերտ ու բազմաթիրախ է…

 

Շարունակելի

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

[1] Владимир Путин постарается ослабить карабахский узел, https://izvestia.ru/news/610417, 18 апреля 2016,

[2] Путин прокомментировал столкновения в Нагорном Карабахе, 14 апреля 2016, https://www.vz.ru/news/2016/4/14/805401.html

 

[3] Декларация о дружбе и стратегическом партнерстве между Азербайджанской Республикой и Российской Федерацией, 3 июля 2008, г. Баку, https://sngcom.ru/azerbaijan/legislation/declaration.html

[4] Газпром” договорился о переговорах по покупке азербайджанского газа, 03.07.2008 https://ria.ru/economy/20080703/112907118.html

 

[5]Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ Օրենքի նախագիծ https://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=2408&Reading=0

[6] МИД Азербайджана: «Действия Грузии соответствуют международному праву», https://news.day.az/politics/126979.html, 8.08.2008

[7] Khazar Ibrahim: “Azerbaijan’s position remains unchanged, we recognize Georgia’s territorial integrity” https://en.apa.az/print/87514

 

[8] ՀՀ նախագահը բացատրել է, թե ինչու Հայաստանը չի շտապում ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, 4 սեպտեմբերի 2008 https://www.panarmenian.net/arm/news/26803/

 

[9] Александр Дугин: У Медведева есть план по Нагорному Карабаху , https://www.nakanune.ru/articles/13696 31.10.2008

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930