Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ չի կարծում, որ սահմանին տիրող իրավիճակի պայմաններում կառավարությունը իրավունք չունի շռայլ ծախսեր անելու, երբ սպառազինության խնդիր ունենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
պատասխանեց. «Կառավարությունը որեւէ տեղ առաջարկ չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար, մենք ունենք այդ գումարները, գործընթացը գնում է առաջ, եւ շատ շուտով այն զենքը, որ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
Իսկ եթե մարդիկ ինքնակամ ցանկություն ունեն աջակցելու զոհվածների ընտանիքներին, դա ընդունելի է: Մենք որեւէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, մենք ունենք համապատասխան ֆինանսական հնարավորությունները եւ կարող ենք իրականացնել ու իրականացնում ենք այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը, նույնիսկ ժամկետների կրճատում է լինելու»,-ասաց վարչապետը:
Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է Արցախի կառավարությունը դիմում համայն հայությանը, որտեղից հաճախ արձագանքում են, թե հարուստները պետք է իրենց ունեցվածքը վաճառեն ու այդ գումարն ուղղեն սպառազինությանը, որովհետեւ պետական միջոցների հաշվին են հարստություն կուտակել:
Կարդացեք նաև
Ի պատասխան էլ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես խոսում եմ ՀՀ կառավարության անունից, Լեռնային Ղարաբաղի որոշումն իր լիազորությունն ու գործն է: Ինչ վերաբերում է հարուստներին, այո՛, այն մարդիկ, որոնք ապօրինի ճանապարհով են հարստացել, պետությունը, համապատասխան մարմինները կհետեւեն ու համապատասխան լուծում կտան, կփորձենք պարզել, եթե օրինական ճանապարհով չեն հարստություն դիզել, հարկեր վճարել, դա երկրի հանդեպ դավաճանություն է: Կարծում եմ, որ ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, այդ մտահոգությունը պետք է վերաբերի այդ մարդկանց, ոչ թե նրանց, որոնք օրինական ճանապարհով այս երկրում բիզնես են ծավալել, աշխատում են հարկերը վճարելով ունենալ շահ:
Դա նորմալ եմ համարում:
Նաեւ հորդորում եմ, որ որոշ մարդիկ չփորձեն այդ ճանապարհով պառակտում ստեղծել երկրի որոշ խավերի մեջ, որովհետեւ դա սխալ բան է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ