Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում

Ապրիլ 20,2016 14:18

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների և 2015թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանի, Գեորգ Բրուտյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Կարեն Պողոսյանի հիշատակը:

ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են` 58 ակադեմիկոս, 59 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների թիվը 4086 է, որոնցից 2451-ը գիտական աշխատողներ են:

ՀՀ ԳԱԱ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Կորեայի հետ:

2015թ-ին ՀՀ ԳԱԱ-ում իրականացվել է 70 դրամաշնորհային ծրագրեր՝ մոտ 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Հրատարակվել են՝ 180 մենագրություն, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 2628 գիտական հոդվածներ, զեկույցներ և թեզիսներ հանրապետական և արտասահմանյան հրատարակչություններում: Անցկացվել են 82 հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սիմպոզիումներ:

ՀՀ ԳԱԱ-ի 2015թ-ի գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«…Ֆիզիկայի բնագավառում մշակվել և իրականացվել է օպտիկական վեկտորական մագնիսաչափի հայեցակարգը: Սարքի զգայնությունը 5 միկրոգաուս է: Նրա հիմնական կիրառությունը երկրամագնիսական դաշտի քարտեզագրումն է: Այս ուղղությամբ արժեքավոր ներդրման համար աշխատանքների ղեկավար, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը 2015 թ. արժանացել է «ICO Galileo Galilei Award» մրցանակին:

…2015 թվականը համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: Լրացավ թուրքական իշխանությունների կողմից խաղաղ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության 100 տարին: Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի հայությունը համախմբված ու միասնական կամքով դատապարտեց կատարված բարբարոսությունը: Գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է եղել այս հիմնախնդիրը, հրատարակվել ու հասարակությանն են ներկայացվել գիտականորեն հիմնավորված մենագրություններ, փաստաթղթերի ժողովածուներ և այլ ուսումնասիրություններ:

…Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծվել է դյուրակիր ռադարային համակարգ, որը նախատեսված է կարճ հեռավորություններում (2-4 կմ) շարժվող մարդկանց և տեխնիկական միջոցների հայտնաբերման համար:

…Ստացվել են ամինաթթուների նոր ածանցյալներ, որոնք կարող են Ալցհեյմերի հիվանդության բուժման դեղամիջոցի ստեղծման հիմք հանդիսանալ:

…Սինթեզվել են հատուկ բաղադրության և կառուցվածքի կերամիկա­կան ջերմակայուն նյութեր, որոնք կիրառվում են էլեկտրոնիկայում և կիսահաղորդչային տեխնիկայում որպես տակդիրներ:

…Կատարվել է Հայաստանի տարածաշրջանի և Փոքր Կովկասի ժամանակակից երկրադինամիկայի և մայր­ցամաքային դեֆորմացիայի արագության գնահատում սեյսմիկ վտանգի որոշման համար:

…Արտադրվում և եվրոպական շուկայում իրացվում են ավելի քան 15 օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ:

…Արտադրվում է «Նարինե» կաթնաթթվային մթերքը կաթնաթթվային բակտերիայի հիման վրա:

…Հաստատվել է գալարմինի ազդեցությունը մի շարք վտանգավոր ինֆեկցիաների բուժման և կանխարգելման վրա:

…Մշակվել է «Իմունոմոդուլյատոր» կենսաակտիվ պատրաստուկը՝ որպես կենդանիների դաբաղի բուժման միջոց»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտությունների ազգային ակադեմիան համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների հետ միջազգային գիտական տարբեր ծրագրերով, այդ թվում են` ՆԱՏՕ–ի անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ծրագիրը, Եվրոպական Յոթերրորդ շրջանակային ծրագիրը (FP7), ՏԵՄՊՈՒՍ Համաեվրոպական շարունակական ծրագիրը համալսարանական կրթության համար, Սևծովյան տնտեսական համագործակցություն (BSEC) և այլ ծրագրեր: ԳԱԱ կառույցները ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ-ի տարբեր ծրագրերի` Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (NFSAT) և այլ ծրագրերի:

ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը: «2015 թվականին ՀՀ ԳԱԱ-ն պետական բյուջեից ստացել է 6.591.153.200 դրամ ֆինանսավորում: Պետական բյուջեից աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է 4.613.807.000 դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 70 տոկոսն է: Ամսական միջին աշխատավարձը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 96000 դրամ: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 1.884.756.100 դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

2015 թվականին համակարգի աշխատողների սոցիալական ոլորտի հարցերը եղել են ԳԱԱ նախագահության ուշադրության կենտրոնում: Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ լուծվել է գիտաշխատողների երկարացված արձակուրդի հարցը: 2015 թ. հունվարի 1-ից բոլոր գիտաշխատողները օգտվում են երկարացված արձակուրդից: Նույն ժամանակաշրջանում կրկնապատկվել է համակարգի գիտական աստիճան ունեցող աշխատողների հավելավճարը: Համակարգի աշխատողներին տրամադրվում է «սոցիալական փաթեթ»:

Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը», որի ֆոնդից ինստիտուտների 19 աշխատակիցներ ստացել են 3.400 000 դրամի նյութական օգնություն:

2015 թ. շահագործման է հանձնվել հիպոթեքային հիմունքներով կառուցված 200 բնակարանանոց շենքը: Ավարտվել են նոր՝ 164 բնակարան ունեցող շենքի նախագծային աշխատանքները, ընթանում են բնակարանների նախնական բաշխման աշխատանքները, և ապրիլին կսկսվեն շինարարական աշխատանքները:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930