Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին 4+4+4 պայմանական ձևաչափով մասնակցության վերաբերյալ

Ապրիլ 20,2016 13:28

Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ս.թ. մարտի 30-ին, ապրիլի 1-ին, 8-ին և 15-ին, մասնակցելով իշխանական կոալիցիայի` ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական երեք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 4+4+4 ձևաչափով քննարկումներին, արձանագրում ենք հետևյալը.

1. Հանդիպումներն ընթացել են առավելապես հարցուպատասխանի և դիրքորոշումների ներկայացման ֆորմատով և հիմնականում քննարկվել են մի խումբ հասարակական կազմակերպությունների և ոչ իշխանական կուսակցությունների կողմից համաձայնեցված 5 առաջնահերթ առաջարկներն՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրողների ցուցակների մաքրման, ընտրությունների համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով կազմակերպման, քվեարկության գործընթացի պարտադիր տեսանկարահանման ու առցանց հեռարձակման և մատնահետքերով նույնականացման վերաբերյալ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ մեկ միասնական փաստաթղթով քվեարկության և «Օրինաց երկիր» կուսակցության՝ քվեարկության արդյունքների նախնական հրապարակումը ընտրատարածքային հանձնաժողովների կողմից իրականացնելու վերաբերյալ առաջարկությունները: Բացի դրանից, իշխանության ներկայացուցիչների կողմից լրացուցիչ ներկայացվել են քվեարկության կարգում նախատեսվող փոփոխությունները:

2. Թեև քննարկումների ընթացքում ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ ոչ իշխանական կուսակցությունների կողմից ներկայացվել են բոլոր առաջարկների հիմնավորումներն, առաջարկվող լուծումները, որպես կանոն, չեն ընդունվել, իսկ որոշների համար առաջարկվել են այլ եղանակներ բարձրացված խնդիրները լուծելու ուղղությամբ: Թեև առաջարկվող «զիջումները» մասամբ անդրադառնում են բարձրացված խնդիրներին և ներկայացվում են որպես այլընտրանքային լուծումներ, դրանք իրականում չեն փոխում գործող կամ ընտրական օրենսգրքի հրապարակված նախագծում ներկայացվող հանրային վերահսկողության ներկայիս հնարավորությունները և չեն ստեղծում ընտրական գործընթացներում արմատացած արատավոր պրակտիկան վերացնելու երաշխիքներ: Այսպես.

ա. քվեարկությունը միասնական փաստաթղթով, մասնավորապես՝ նույնականացման քարտով կազմակերպելու վերաբերյալ առաջարկը համարվել է ներկայումս անիրատեսական՝ ելնելով տեխնիկական սահմանափակումներից և, այդպիսով, շարունակելի դարձնելով բազմիցս հնչող մտահոգությունները տարբեր փաստաթղթերի միջոցով բազմակի քվեարկություն կազմակերպելու հնարավորության վերաբերյալ.

բ. քվեարկության նախնական արդյունքների հրապարակումը ընտրատարածքային հանձնաժողովների կողմից իրականացնելու վերաբերյալ առաջարկը չի ընկալվել և ընդունվել իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իրականում ուժի մեջ թողնելով ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովների, այնպես էլ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակներում քվեարկության արդյունքների կեղծման հնարավորությունը և դրա պատասխանատվության անորոշությունը.

գ. քվեարկության համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով կազմակերպման առաջարկն ամբողջությամբ մերժվել է՝ փաստորեն շարունակելի դարձնելով թաղային/համայնքային/մարզային քրեական հեղինակությունների, ինչպես նաև քրեաօլիգարխիկ կլանների կողմից ընտրակաշառքների ու բռնաճնշումների միջոցով քաղաքացիների կամքի ձևավորման և արտահայտման վրա ազդելու և ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնում հայտնվելու պրակտիկան: Այսպիսի արատավոր պրակտիկայի վերջին դրսևորումը 2016թ. ապրիլի 17-ին կայացած Հրազդան և Թալին քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էին, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սոցիալապես անապահով ու վարչական և/կամ աշխատանքային կախվածության մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ անպատժելիորեն կիրառել են ընտրակաշառքը և ճնշումները ու զարմանալի չէ տվյալ առաջարկի ամբողջապես մերժումը:

դ. քվեարկության գործընթացը` պետական կառույցների պատասխանատվությամբ տեսանկարահանման վերաբերյալ առաջարկն ընդամենն արժանացել է իշխանության ներկայացուցիչների «համաձայնությանը»: Իշխանության ներկայացուցիչներն առաջարկել են ոչ իշխանական կուսակցություններին և դիտորդական կազմակերպություններին՝ համապատասխան ֆինանսների ինքնուրույն հայթայթման դեպքում աջակցել գնումների կազմակերպման և սարքավորումների տեղադրման գործում: Նաև առաջարկել են սահմանել ընտրված մատակարարի համար տեսանկարահանված նյութերի տրամադրման պարտականություն, սակայն այդպիսի գործառույթի ստանձնման կամ տեսանյութերը կամ դրանց բացակայությունը (կամ փչացումը կամ չտրամադրումը) որպես բողոքարկման համար ապացուցողական նշանակության փաստեր ընդունելու համար պետության պարտավորության բացառման պայմանով: Առցանց հեռարձակումը մերժվել է դրա տեխնիկական անհնարինության և լայն վերահսկողության հնարավորությունը չարաշահելու ռիսկերի պատճառաբանությամբ: Այդպիսով, պետությունը հրաժարվել է ստեղծել երաշխիքներ քվեարկության գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման համար՝ բացառելու ընտրատեղամասերում և դրանց մոտակայքում ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ ոտնձգությունները, կուտակումները, բռնությունները, ուղղորդումը, լցոնումները, արդյունքների կեղծումը ու այլ անօրինականությունները.

ե. մատների թանաքոտման վերաբերյալ առաջարկությունը մերժվել է՝ ներկայումս անձնագրերում դրվող կնիքներին առնչվող խնդիրների համանման մտահոգությունների հիմքով: Ընտրողների մատնահետքերով նույնականացման գաղափարն ընդհանուր առմամբ ընդունվել է, սակայն առանձին վերցված՝ առանց համակարգային լուրջ փոփոխությունների չի կարող բերել ընտրական գործընթացի թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարձրացման և հանրային վստահության վերականգնման: Հակառակը, ինչպես հավաստում են փորձագետները, էլեկտրոնային գրանցման տեխնոլոգիան ավելի քիչ տեսանելի և, դրանով, առավել անվերահսկելի է դարձնում քվեարկության գործընթացը, ինչը համընդհանուր անվստահության, ընտրախախտումների տարածվածության և անպատժելիության միջավայրում ծնում է լրացուցիչ կասկածներ գործընթացների օրինավորության վերաբերյալ.

զ. ընտրացուցակները պետական կառույցների, ոչ իշխանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ուժերով՝ տնետուն այցելությունների միջոցով «մաքրելու» և Հայաստանից բացակայող անձանց բացահայտելու վերաբերյալ առաջարկը մերժվել է՝ այդպիսի գործառույթի իրականացման հնարավորությունը վերապահելով միայն վերջին երկու խմբերին և, փաստորեն, բացառելով պետության կողմից պատասխանատվության ստանձնումը ցուցակների պատշաճության համար և հանրային վստահության ձևավորմանը միտված հնարավորության օգտագործումը.
է. ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ առաջարկությունը մերժվել է: Փոխարենն առաջարկվել է տրամադրել կուսակցություններին և դիտորդական կազմակերպություններին քվեարկությանը մասնակցած ընտրողների հերթական համարները՝ ոչ պաշտոնական տեղեկատվության եղանակով, ինչն արդեն իսկ հնարավոր է ստանալ վստահված անձանց և դիտորդների պատշաճ աշխատանքի միջոցով: Դրան զուգահեռ նախատեսվում է քվեարկության այնպիսի ընթացակարգ, որում ծրարները և քվեաթերթիկները այլևս չեն լինելու հատուկ հաշվառման փաստաթղթեր, չեն լինելու նաև ելունդներ: Բացի այդ, նախատեսվում է էլեկտրոնային համակարգով գրանցված անձանց ազատել ընտրողների ցուցակում ստորագրելու պարտականությունից (ընտրողների ստորագրած ցուցակներն ըստ էության վերացվում են):

3. Գտնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների «զիջումներն» առանձին-առանձին և բոլորը միասին ունակ չեն ապահովելու թափանցիկության և գործընթացի վերահսկելիության ավելի բարձր մակարդակ և որևէ կերպ բարձրացնելու հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Ավելին` էլեկտրոնային համակարգին զուգահեռ ներմուծվող հանրային վերահսկողության լրջագույն սահմանափակումները, մասնավորապես՝ դիտորդական կազմակերպությունների թվի սահմանափակումը ընտրատեղամասում, դիտորդների իրավասությունների շրջանակի նեղացումը, ընտրատեղամասի հանձնաժողովների անդամների 2/3-ի որոշմամբ դիտորդների կամ ԶԼՄ ներկայացուցիչների հեռացումը ընտրատեղամասից, քվեաթերթիկների/ ելունդների/ ծրարների/ ստորագրությունների թվի ստուգելիության սահմանափակումը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ դիտորդների ստուգարքների վերացման, նրանց բողոքարկման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև բողոքարկման համար նախատեսված ժամկետների վերանայման վերաբերյալ առաջարկությունների անտեսումը ստիպում են մեզ կասկածի տակ դնել առաջարկվող էլեկտրոնային և այլ նորարարությունների իրական նպատակն ու դրանց կիրարկման ազնվությունը:

4. Կարծում ենք, որ եթե նույնիսկ տեսականորեն էլեկտրոնային տեխնոլոգիաները նվազեցնում են մարդկային գործոնի ազդեցությունը և կարող են ծառայել ընտրախախտման հիմնականում մեկ տեսակի՝ բազմակի քվեարկության դեպքերի վերհանմանը, դրանք գործի են դրվելու իշխանության նկատմամբ վստահության իսպառ բացակայության պայմաններում և ծնում են հիմնավոր կասկածներ դրանց հնարավոր չարաշահումների մասին, ինչպես օրինակ՝ շրջիկ ընտրողների քվեարկություն տարբեր տեղամասերում, տարբեր մատների մատնահետքերի օգտագործում, մատնահետքերի անընթեռնելիության հանգամանքի/հնարավորության չարաշահում, և նույնիսկ բոլոր տեղամասերի արդյունքների համադրելիության արդյունքում կրկնաքվեարկության դեպքերի բացահայտման պարագայում՝ դրանց հավանական կոծկում: Առաջարկվող նորարարությունները հատկապես կասկածելի և անվստահելի են՝ հաշվի առնելով այն, որ դրանք չեն վերաբերում ո՛չ ոչ իշխանական կուսակցությունների, ո՛չ դիտորդական առաքելությունների և ո՛չ էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից բարձրացվող հարցերին ու հիմնախնդիրներին: Դրանք չեն բխում հիմնական պահանջներից, այլ ընդամենը նոր փոփոխականներ են, որոնց ներմուծման հիմնական նպատակն, ամենայն հավանականությամբ, պարզապես ընտրական գործընթացում նոր անորոշություններ ստեղծելու և ուշադրությունն ընտրախախտումներից շեղելու գնով ևս մեկ համապետական ընտրություն անցկացնելն է՝ ի նպաստ գործող իշխանության: Այդ առումով, նաև աննպատակահարմար ու անարդյունավետ ենք համարում էլեկտրոնային գրանցման տեխնոլոգիաների համար նախատեսվող հսկայական ներդրումները:

5. Քաղաքացիական հասարակության շրջանում ավելի ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ տվյալ պահին ընտրությունների օրինավորության ապահովման և հանրային առավել արդյունավետ ու քիչ ծախսատար վերահսկողության լավագույն միջոցն ընտրություններին մասնակցած անձանց ստորագրած ցուցակների հրապարակումն է, որը քվեարկության ավարտից հետո բոլոր քաղաքացիներին հնարավորություն կտա ստուգելու ինչպես հանրապետությունից բացակայող, այնպես էլ հանրապետությունում բնակվող, սակայն՝ քվեարկությանը չմասնակցած անձանց անվան դիմաց ստորագրության առկայությունը/բացակայությունը: ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի կողմից 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո հրապարակած զեկույցի համաձայն՝ «Թեև Վենետիկի հանձնաժողովը սա չի համարում որպես լավ գործառույթ, քանի որ քվեարկությունից ձեռնպահ մնալը կարող է լինել քաղաքական ընտրության ցուցանիշ, միաժամանակ պետք է նաև նշվի, որ նշումներ արված ընտրացուցակները հանրային ստուգմանը մատչելի դարձնելը արգելված չէ միջազգային իրավունքով: 2011թ. ՄԱԿ-ի No. 34 Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագրի Ընդհանուր Մեկնաբանության 19-րդ հոդվածը նախատեսում է, որ ազատ արտահայտվելու իրավունքն «ընդգրկում է տեղեկատվություն ստանալու իրավունք … հասարակական մարմնի կողմից, անկախ նրանից, թե այդ տեղեկատվությունն ինչպես է պահվում: Տեղեկատվության հանրամատչելիության իրավունքը ներառում է այն իրավունքը, որով լրատվամիջոցները իրավունք ունեն ստանալ տեղեկատվություն հասարակական գործերի վերաբերյալ և ընդհանուր հանրության իրավունքը հետամուտ լինել լրատվամիջոցների թողարկումներին»: Հարկ է նշել, որ ցուցակների հրապարակման պրակտիկան բարեհաջող կիրառվում է բազմաթիվ կայացած ժողովրդավարության պետություններում՝ առանց կասկածի տակ դնելու մասնակցության գաղտնիությունը և նույն պատճառաբանությամբ արգելվում է միայն հարևան Ադրբեջանում:

6. Մենք համարում ենք, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն ընտրական տեղամասերում, բոլորի համար տեսանելի վայրում, ինչպես նաև համացանցում՝ որոնման հնարավորությամբ: Ընտրողների ցուցակների պրոակտիվ հրապարակման պահանջը կատարելուն տարբեր առումներով պատրաստ չլինելու պարագայում՝ ՀՀ պետական կառույցները որպես զիջում քաղաքական և քաղաքացիական հիմնական պահանջին կարող են
ա. տրամադրել ընտրողների ստորագրված ցուցակները ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություններին՝ որոշակի խորհրդապահական պայմաններով, կամ
բ. թույլատրել վստահված անձանց և դիտորդներին լուսանկարահանել կամ պատճենահանել ընտրողների ստորագրված ցուցակները:
Ցուցակների հրապարակման պահանջը օրվա հիմնական հրամայականն է և իշխանության հիմնական հնարավորությունը՝ ապահովելու առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը:

7. Ցավով արձանագրում ենք, որ չնայած մեր ներդրած ջանքերին՝ ակնկալվող կոնսենսուսը չկայացավ. 4+4+4 պայմանական ձևաչափով քննարկումները ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների անզիջում դիրքորոշման պատճառով որևէ էական արդյունք չտվեցին, որը կարելի լիներ գնահատել որպես Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխման նախադրյալ: Ինչպես ընտրական օրենսգրքի առկա նախագիծը, այնպես էլ քննարկումների ընթացքում առաջարկված «զիջումները» չեն լուծում ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնման և ազատ ու արդար ընտրություններ ունենալու ավելի քան կարևոր խնդիրը՝ իրական սպառնալիքի տակ թողնելով առաջիկա բոլոր հնարավոր ընտրությունների գործընթացն ու ելքը, պետական և տեղական իշխանությունների ձևավորման օրինավորությունը:

Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Իոաննեսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930