Երեկ ՀՀԿ-ի երկու կարկառուն ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրար հակասող հայտարարություններ են արել։ Գալուստ Սահակյանն ասել է հետեւյալը. «Երբ Սերժ Սարգսյանն ասում է 1980-ականների զենք, դա չի նշանակում փչացած, չաշխատող զենք։ Երբ նայում ենք մեր բյուջեն կամ երբ այն հաստատում ենք, շատ փոքր քանակ է գնում դեպի զենքը։ Այսինքն՝ մենք այդքան մեծ բյուջեներ չունենք։ Այն, ինչ ունենք, դա հստակ պահպանվում է եւ կարողանում ենք օգտագործել»։
Այսինքն, ԱԺ նախագահը հաստատում է, որ մեր զենքը հիմնականում 1980-ականների է, իսկ զենքի համար շատ քիչ գումարներ են հատկացվում։
Հիմա տեսնենք, ինչ է ասել Վահրամ Բաղդասարյանը. «Այն, ինչ ասվում է մեր բանակի ուժի, մեր ռազմատեխնիկայի իբր քիչ լինելու մասին՝ բամբասանքներ են։
Կարդացեք նաև
Կարծում եմ, դրանք ինչ-որ ակունքներից են սնվում ու նպատակ ունեն մեր ներքաղաքական իրավիճակը խաթարել։ Զարմացել են մեր ագգի միասնության վրա, ցանկանում են խարխլել այն։ Նմաններին կարելի էր շատ կոպիտ պատասխան տալ, բայց ես գերծ կմնամ դրանից ու բոլոր կասկածամիտներին ընդամենը կասեմ՝ նման լուրերը կեղծիք են, մենք ամեն ինչ ունենք, հայոց բանակը զենքի պակաս չունի»։
Որքան հասկանում ենք, այս դեպքում Գալուստ Սահակյանը զբաղվել է բամբասանքներով։ Երեւի փորձում է ներքաղաքական իրավիճակը խաթարել: Չգիտենք, Վահրամ Բաղդասարյանը ԱԺ նախագահին անձամբ տեսնելիս կոպիտ պատասխան կտա՞, բայց թող իրար հետ որոշեն, թե ի վերջո մեր զենք գնելու հնարավորությունները շա՞տ են, թե՞ քիչ, մեր բյուջեից զենքի համար հատկացվող միջոցները աղքատիկ ե՞ն, թե՞ հարուստիկ։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում