Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին իրադարձությունների մասին, հայտնելով, ապրիլի սկզբին հակամարտության շփման գոտում տեղի ունեցած ռազմական բախումներից հետո հետխորհրդային ամենահին կնճիռներից մեկը համարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջնային նշանակություն է ձեռք բերել ՌԴ համար։
Լրատվամիջոցը վկայակոչում է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներին մոտ կանգնած իր աղբյուրներից մեկին, որի խոսքերով՝ Ռուսաստանն առաջիկայում անելու է ամեն ինչ՝ հակամարտության կարգավորումը գտնելու համար, որը կայունություն և երկարատև խաղաղություն կապահովի Անդրկովկասում։
Լրատվամիջոցի հրապարակած ծավալուն վերլուծականի մեջ հիշեցվում է նաև, որ 2011թ. Կազանում՝ այդ ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ, որը նախատեսում էր ազատագրված 4 տարածքների ամբողջական ևս 2 տարածքների մասնակի վերադարձ Ադրբեջանին և Լաչինի միջանցքի ստեղծում, որը ցամաքային կապ կստեղծեր Հայաստանի և Արցախի միջև։ Բուն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվելու էր առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ հանրաքվեի միջոցով, այն բանից հետո, երբ կլուծվեր փախստականների խնդիրը։ Այդուամենայնիվ, լրատվամիջոցի փոխանցմամբ, վերջին պահին, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ այս առաջարկների շուրջ։
Ռուսական լրատվամիջոցի հրապարակած հոդվածում վկայակոչվում է նաև ՀՀ կառավարություն «Կոմերսանտի» հայազգի աղբյուրը, որի խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է վերադառնալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական լրատվամիջոցի վկայակոչած հայազգի աղբյուրի խոսքերով՝ ԼՂՀ-ի շուրջ տարածքները պահվում են, որպեսզի հետագայում դրանք փոխվեն անվտանգության երաշխիքների և ԼՂՀ անկախության հետ։ Հայազգի աղբյուրը ասել է նաև, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի ԼՂՀ անկախության մտքից։