Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջինս դեռևս 2015 թ. սեպտեմբերի 1-ին զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասում իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու խնդրանքով, որի վերաբերյալ մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:
Նախ Ա. Գրիգորյանը, ապա՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ զեկուցագրին ընթացք տալու հարցով դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Պատասխան չստանալով՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին Կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու պահանջով: Վերոնշյալ գրությունը ևս անպատասխան է մնացել, որից հետո 2016 թ. հունվարի 16-ին Ա. Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու մասին՝ վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2016 թ. փետրվարի 29-ի հայցադիմումի պատասխանում նշել է, որ համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերում նշված և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը՝ Կառավարության սահմանած կարգով», հետևաբար՝ Ա. Գրիգորյանը ենթակա է զորացրման՝ սպայական դասընթացում ուսանելու հետ կապված փոխհատուցման ենթակա 2.632.912 դրամ գումարը վճարելու դեպքում: Համաձայն չլինելով ներկայացված գումարի չափի հետ՝ Ա. Գրիգորյանը, այնուամենայնիվ, վճարել է գումարը՝ հույս ունենալով, որ դրանով հարցը վերջնականապես կլուծվի:
Նշենք, որ Ա. Գրիգորյանը ՀՀ ՊՆ ներկայացրած գումարը ձեռք է բերել վարկային եղանակով 2016 թ. մարտի 21-ին, մի քանի օր անց արդեն նշանակված է վարկի առաջին մարման օրը, բայց Ա. Գրիգորյանը շարունակում է իր ծառայությունը, նրա զորացրման վերաբերյալ հրաման դեռևս չի տրվել: Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը խնդրի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն գերատեսչության համապատասխան բաժնում հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ