Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ

Ապրիլ 20,2016 11:14

Երբ 1911 թվականին մահացավ հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը, նա կմտածե՞ր արդյոք, որ 1917 թվականին իր թողած ժառանգությունից ձևավորված մրցանակին ճիշտ 100 տարի անց կարժանանա հայազգի հանճարեղ բանաստեղծ, արձակագիր և բազմաթիվ այլ ժանրերում ստեղծագործող Փիթեր Բալաքյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար` Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:
«Ականավոր մի բանաստեղծի գրչից` արձակ մի գլուխգործոց»՝ այսպես բնորոշեց «Փըբլիշըրզ Ուիքլի» շաբաթաթերթը «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրության ծնունդը:

Բալաքյանի գործերի մասին շատ է խոսվել: Նա ամերիկյան գրականության գորդյան հանգույցներ բերեց և չափածոյի ու արձակի թեմա դարձրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը, որում, ցավոք, իր կորուստներն ուներ նաև գրողի ընտանիքը:

«Սա իմ տասնչորսերորդ վեպն է… Նմանապես պարտական եմ բանաստեղծ, հուշագիր և պատմաբան Փիթեր Բալաքյանին, ում գործերը կատարելապես ոգեշնչող և ուսուցանող էին։ Անգնահատելի էին բազմաթիվ գրքեր, հուշապատումներ և հոդվածներ», – իր «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լույսընծայման առիթով նշել է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:

Մարկ Մուստյանը ևս փաստում է, որ «Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո, որովհետև մինչ այդ ծանոթ չի եղել անգամ ցեղասպանության խնդրին, Առաջին համաշխարհային պատերազմին և դրանում հայ ժողովրդի մասնակցությանն ու կրած կորուստներին:

Կախարդիչ գեղեցկություն և բարձր բարոյականություն ունեն Փիթեր Բալաքյանի գործերը: «Օզոնային օրագիրը» ներառում է 54 պոեմ, որոնցում հեղինակը երևակայության ուժով և փաստերի զուգորդմամբ մերթ սիրիական անապատում է, ուր գաղթել են հայերը Մեծ եղեռնի տարիներին և որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, հետո՝ Նյու Մեխիկոյի Նայրոբի գյուղ:

Ալֆրեդ Կեյզին Բալաքյանի մասին խոսելիս նրան համարել է մի բանաստեղծ, ով գիտի իսկ և իսկ անցյալի ցավը տեղադրել ներկա «պեյզաժում»՝ անձնական այն աստիճանով, որը սիրել է տալիս նրա գործերը:

Շնորհավորում ենք Փիթեր Բալաքյանին նորից և նորից՝ հավաստելով, որ մենք սիրում ենք իր գրականությունը, և ինչպես Պուլիցերյան մրցանակն աշխարհին ասաց՝ գրականությունն էլ սիրում է իրեն:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930