ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղի են ունեցել այդ երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախնական ընտրությունները, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը հաղթել է մեկ այլ դեմոկրատ Բերնի Սանդերսին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նյու Յորքում տեղի ունեցած նախնական ընտրությունները ամենակարևորներից մեկն էր համարվում, իսկ Բերնիի պարտությունը լրջորեն սասանեց նրա կողմնակիցների հույսերը, թե դեռևս հնարավոր է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Սանդերսը դեռևս կարող է հասնել հաջողության։ Քլինթոնի մրցակցի կողմնակիցների այդ հույսերը պայմանավորված էին վերջին շրջանում Սանդերսի գրանցած որոշակի հաջողություններով։ Այնուամենայնիվ, Նյու Յորքում հաջողություն գրանցեց Հիլարի Քլինթոնը, որը ստացավ 60,5%, իսկ Սանդերսը՝ 39,5% վստահություն։
Տեղի ունեցածից հետո հայտարարություն է տարածվել Բերնի Սանդերսի անունից, որի մեջ, մասնավորապես ասվել է, որ իրենք գոհ են Նյու Յորքի քվեարկությունից և, եթե շարունակեն լավ աշխատել առաջիկայում, ապա դեռևս հնարավոր է հաջողություններ ակնկալել։
Հիլարի Քլինթոնն իր հերթին, Նյու Յորքի արդյունքները հրապարակվելուց հետո, իր ամուսին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և աղջկա՝ Չելսիի ներկայությամբ, ելույթ է ունեցել իր ընտրողների առջև և մեկնաբանել Նյու Յորքի քվեարկության արդյունքները. «Այսօր մենք կրկին արեցինք դա և ես շատ շնորհակալ եմ ձեզ»։ Քլինթոնը խոսել է նաև Սանդերսի մասին. «Ես կարծում եմ, որ ավելի շատ բան մեզ միավորում է, քան բաժանում»։
Կարդացեք նաև
Նյու Յորքում տեղի ունեցած նախնական ընտրությունները շատ ավելի հեշտ են անցել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ֆավորիտ համարվող Դոնալդ Թրամփի համար։ Հաշվարկված ձայների 95%-ի արդյունքներով Դոնալդ Թրամփը, ստանալով քվեների 60%-ը, վստահորեն գերազանցել է իր մրցակիցներ Ջոն Քեյսիքին (25,2) և Թեդ Քրուզին (14,8%)։