Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկից չնեղվել

Ապրիլ 20,2016 10:00

Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան: Ոչ թե այն դեպքում, երբ նրանք բավարարում են մեր սպասելիքները: Երկրորդ դեպքում դա դառնում է առեւտուր` ես քեզ կսիրեմ, եթե…

Օրինակ` «Ով հայ ժողովուրդ, ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով դարձնես նախագահ, նախարար, պատգամավոր կամ որեւէ այլ մեծ «նաչալնիկ», որովհետեւ դա կխոսի քո, իմ ժողովուրդ, խելքի եւ հեռատեսության մասին: Այսինքն՝ դա կնշանակի, որ դու, ժողովուրդ ջան, հասկանում ես, թե ի՜նչ հրաշալի տղա եմ ես: Ախ, դու չե՞ս գնահատում իմ արտառոց արժանիքները, ընտրակաշառք ես տալիս եւ վերցնում, անտարբե՞ր ես քաղաքական պայքարի նկատմամբ, ուրեմն ես քեզնից նեղացել եմ, քեզ չեմ սիրում, դու արժանի ես այս սրիկա իշխանություններին»:

Սեփական ժողովրդին (այսինքն՝ ի վերջո, ինքներս մեզ) նույնպես պետք է սիրել` ինչպես որ նա կա` առանց չափազանցված փառաբանումների եւ առանց անմոռաց ինքնախարազանման: Պետք է ընդունել թե մարդու, թե մարդկանց խմբերի եւ թե ժողովրդի հակասականությունը: Միեւնույն մարդը կարող խրամատում մի քանի ժամ դիմադրել հակառակորդի գերազանցող ուժերին եւ 5 հազար դրամով քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նույն մարդը կարող է ընտրություններից հետո հայհոյել եւ անիծել իշխանություններին: Այնպես չէ, որ նրանք տարբեր մարդիկ են` կեսը՝ հերոսներ, կեսը՝ հրեշներ: Ինչ-որ «ստերիլ», «զտված» դեպքերի փնտրտուքը ապակողմնորոշում է, մոլորեցնում փնտրողներին, դնում է հիացմունքի եւ հիասթափությունների կրկնվող շրջապտույտի մեջ:

Մեր ժողովրդի այն ներկայացուցիչները, որոնք միավորվել են կուսակցությունների մեջ եւ զբաղվում են քաղաքականությամբ, պետք է փորձեն հասկանալ իրենց համաքաղաքացիներին եւ ոչ մի պարագայում չնեղանան նրանցից: Իսկապես, ինչո՞ւ են մարդիկ մի դեպքում պատրաստ անձնազոհության, իսկ մյուս դեպքում անտարբեր են: Կամ գուցե` չափից դուրս խստապահա՞նջ: Օրինակ՝ ինչո՞ւ երկրորդ շանս չեն տալիս մեկ անգամ հաջողության չհասած ընդդիմադիրին:

Ես կուսակցական չեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը, պարզապես առաջարկում եմ սթափ ընկալել իրականությունը եւ չվիրավորվել, երբ քաղաքացիներն առանձնապես չեն ներգրավվում քաղաքական պայքարի մեջ: Ես, օրինակ, մի թեթեւ կվերլուծեի` գուցե պետք են այդ պայքարի կազմակերպման ա՞յլ ձեւեր:

…Ընկերներիցս մեկը, արձագանքելով կայքային մի հիմար հերյուրանքի, նեղսրտած ասաց` «այս մեկը ես նրանց չեմ ների»: Թեեւ ամեն ինչ հասկանալի է, բայց կարծում եմ` չկա մի վիրավորանք, որը հնարավոր չէ ներել: Գիտեմ, որ ասածս ճիշտ չի ընկալվի: Ուղղակի հաշվի առնենք, որ վիրավորված ապրելը ծանր բեռ է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան:== ???????
    Իսկ ի՞նչ է նշանակում՝ ՛՛պետք է սիրել՛՛. արդյո՞ք սերը պարտականությունից բխող հասկացություն է:
    Մինչ այս պահը, լրջորեն չէի մտածել պարտականության և սիրո բարդ փոխհարաբերությունների մասին, սակայն քանի որ հեղինակի մտքերը, նրա հետապնդած թիրախները / այս էլ ո՛րերորդ անգամ / ինձ արժանահավատ չեն թվում, փորձեմ ներկայացնել իմ ընկալումն այդ մասին:
    Ըստ իս՝ մարդ էակի մեջ բնազդորեն դրված և բանականորեն ամրապնդված է սեփական տեսակի պահպանման և զարգացման գաղափարը, այլ կերպ ասած՝ կենսուժի վեկտորը:
    Եթե որևէ անհատի թվում է, որ իր մերձավորը կամ հասարակության որևէ միավոր, իր խոսքով, պահվածքով և կամ գործունեությամբ թուլացնում է այդ՝ գլխավոր վեկտորը, ապա սկսում է քննադական վերաբերմունք դրսևորել վերջինիս նկատմամբ, իսկ եթե հակասությունը շարունակվում է խորանալ, վերաբերմունքը կարող է վերածվել նույնիսկ թշնամանքի, գիտականորեն ասած՝ անտագոնիզմի:
    Եթե որևէ հասարակություն կարողանում է այնքան ուժեղ լինել, որ ասենք՝ կարողանում է մածունի և կուպրի գույները բացեիբաց հայտարարել, անկախ նրանից, թե դրանք ում են պատկանում, ապա այդ հասարակությունը այլևս գտնվում է զարգացման փուլում, և նրան որևէ կերպ խոչընդոտել կարող է միայն արտաքին ֆորս-մաժորային որևէ արհավիրք, իսկ եթե հասարակության մեջ դոմինանտ դեր են կատարում նեղ խմբային շահեր հետապնդող անհատները, ապա գույները սկսում են լղոզվել, իսկ վեկտորը՝ բազմաթիվ մանրմունր հակավեկտորների կողմից խարխլվել:
    Եթե զավակիդ կամ ասենք՝ թոռանդ միշտ միևնույն վերաբերմունքը ցույց տաս, անկախ նրանից, թե նա ինչ վարք է դրսևորում, օրինակ՝ շարունակ ասես ՛՛կյանքիդ մեռնեմ, իմ հրա՜շք, իմ արև՜ ՛՛, ապա շատ մեծ է հավանականությունը, որ նա կդառնա առնվազն մարդկության համար ոչ պիտանի մի միավոր…
    Իսկ եթե սա անուղղակի կոչ է ՛՛Քաղաքացիական պայմանագրին՛՛, որ որևէ պարագայում չասի ՛՛Սերժիկ հեռացիր՛՛, ապա դա շատ իմաստուն կոչ է, քանզի մի գեղեցիկ օր կարող է ՛՛Սերժիկի՛՛ զահլեն գնալ, և նա որոշի հեռանալ, իսկ մենք բոլորս կմնանք որբ, անտեր ու անպաշտպան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930