Հարցազրույց քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Այսօր առավել, քան երբեւէ խոսվում է, թե բանակցային սեղանին դրված ներկայիս փաստաթուղթը՝ Մադրիդյան սկզբունքները, շատ վտանգավոր է, որ այն փաստորեն գործում է հօգուտ Ադրբեջանի, ավելին՝ նրա ձեռքին պատերազմ սկսելու միջոց է: Դուք եւս այդ փաստաթուղթը խստորեն քննադատող վերլուծաբանների թվում եք՝ այն համարելով ժամանակավրեպ ու ժամկետանց:
-Մադրիդյան սկզբունքները, փաստորեն այն է, ինչի շուրջ Հայաստանի երեք նախագահները շարունակաբար բանակցել են: 22 տարվա բանակցությունների ընթացքում մի շարք առաջարկություններ են եղել, որոնք կա՛մ Ադրբեջանն է համարել իր համար ընդունելի, կա՛մ ԼՂՀ-ն ու Հայաստանը:
Հիմա սեղանին կան սկզբունքներ, որոնց մասին ինչ-որ բաներ տեղեկացել ենք բաց աղբյուրներից, սակայն շատ մանրամասներ մեզ հայտնի չեն: Եթե Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթում խոսվում է հիմնախնդրի համակարգային կարգավորման մասին, բնականաբար սա ենթադրում է, որ պետք է լինեն փոխզիջումներ: Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը փոխզիջումներից ամեն կերպ խուսափում է:
Կարդացեք նաև
Երբ ասում ենք փոխզիջում, նկատի ունենք որոշակի տարածքների հանձնում, բայց ո՞ր տարածքները, որքանո՞վ դրանք Արցախի համար ունեն ռազմավարական նշանակություն, փոխզիջման դեպքում ինչպե՞ս է լուծվելու ԼՂՀ կարգավիճակի հարցը. սրանք կարեւոր հարցեր են, կարեւոր դետալներ, որոնց մասին չունենք տեղեկատվություն, քանի որ դրանք երբեւէ չեն հրապարակվել բանակցային գործընթացին չխոչընդոտելու համար:
Հիմա, երբ ես ասում եմ՝ Մադրիդյան սկզբունքները ժամանակավրեպ են, նկատի ունեմ հետեւյալը. Ադրբեջանը 22 տարի բանակցում է, իսկ մարդիկ չեն հանդիպում, չէ՞, թեյ խմելու նպատակով, հանդիպում են քննարկումների համար։
Եկեք անկեղծ լինենք. բոլորս ենք հասկանում, որ բանակցություններում խոսքը փոխզիջման մասին է, այսինքն՝ բանակցում են փոխզիջումների շուրջ: Բայց եթե փոխզիջման գնալու փոխարեն Ադրբեջանի ղեկավարը պատերազմ է սկսում Արցախի Հանրապետության դեմ, սա նշանակում է, որ ուժի չկիրառման, նաեւ ԼՂՀ կարգավիճակի մասին կարեւորագույն սկզբունքները Ադրբեջանը չի հարգում: Իսկ եթե այդ երկիրը չի հարգում, մենք որքան էլ խոսենք, թե պատրաստ ենք գնալ փոխզիջումների, միեւնույն է, Ադրբեջանը դա չի ընկալելու, հակառակը, մեր մոտեցումը համարելու է որպես թուլության նշան:
Դրա համար եմ ասում, որ հիմա պետք է փոխենք մեր մոտեցումները: Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. ենթադրենք՝ մեկ շրջան տվեցինք Ադրբեջանին, որպես ի՞նչ ենք դա անելու, տանք, որ ավելի մոտենա ու ավելի հարմար դիրքերի՞ց կրակի մեր բնակչության վրա: Ահա թե ինչու եմ ասում, որ Մադրիդյան սկզբունքներն այսօր այլեւս ժամանակավրեպ են:
-Կանխատեսվում է, թե Ադրբեջանը շնորհիվ հրադադարի՝ հնարավորություն ստացավ վերականգնել սեփական ուժերը՝ պատրաստվելով նոր հարձակման։ Ի՞նչ կասեք պատերազմի հնարավոր վերսկսման մասին:
-Մեզ համար ակնհայտ է, որ կա Ադրբեջանի ռազմական ներուժը, այն չի ոչնչացվել, ակնհայտ է, որ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը չի փոխվել, ակնհայտ է, որ Ադրբեջանը դարձյալ կփորձի նվաճել այնքան, որքան կարող է:
Կանխատեսել, թե Ադրբեջանն իր երկրորդ հարվածը երբ կհասցնի՝ մի քիչ դժվար է, բայց ամեն դեպքում պետք է շատ ուշադիր ու զգոն լինենք եւ շատ հստակ միջազգային հանրությանն ու Ադրբեջանի բնակչությանը հասցնենք հետեւյալ կարեւորի մասին. Ադրբեջանի հաջորդ հարվածի դեպքում հայկական կողմի պատասխանը չի լինելու միայն բնագծերի վերականգնումը, պատասխանը լինելու է շա՛տ ցավոտ, իսկ ազատագրված տարածքները կարող են 7-ից դառնալ 9-ը կամ 10-ը: Այս մեսիջը հստակ պետք է հասցվի միջազգային հանրությանն ու Ադրբեջանի ժողովրդին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում