Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքնե՞ր, Կազանի փաստաթո՞ւղթ, թե՞ Լավրովի առաջարկներ

Ապրիլ 20,2016 15:30

Մադրիդից մինչեւ Կազան

Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեժ օրերին պաշտոնական Երեւանի կողմից մի հայտարարություն, կարծես, անուշադրության մատնվեց: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, թե Կազանի փաստաթուղթն է բանակցությունների սեղանին: Սա, ըստ էության, պատասխան էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում այդ օրերին արած հայտարարության, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն առաջարկներ ունի: «Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնության ձեռք բերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին»,- ասել էր Լավրովը: ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ նշեց, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

2007-ից բազմիցս հայտարարվել է, որ համանախագահները կողմերին ներկայացրել են Մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակներ: Իսկ 2011թ. հունիսին` Կազանի հանդիպումից առաջ, հայտարարվեց, որ այդ տարվա մարտի 5-ին Սոչիում ներկայացվել է մի տարբերակ, որին կողմերը տվել են բանավոր համաձայնություն:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում Կազանի փաստաթուղթը, որի ընդունման մասին երկար ժամանակ հույս էին հայտնում միջնորդ երկրները: Դա հասկանալու համար պետք է վերհիշենք Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթուղթը, որը հակամարտության կողմերին է ներկայացվել 2007թ. նոյեմբերին Մադրիդում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքում, այն հրապարակվել է հայաստանյան մամուլում, մասնավորապես` «Հայկական ժամանակ» օրաթերթում 2011թ. հունիսին:

«Մադրիդյան սկզբունքները» ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների պայմանական անվանումն է: Հիմնարար սկզբունքները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին ներկայացվեցին 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում: Մոտ մեկուկես տարի գաղտնի պահված սկզբունքներում ընթացքում որոշակի փոփոխություններ կատարվեցին, եւ ի վերջո 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ-ում համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները առաջին անգամ պաշտոնապես հրապարակեցին «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը` մասնակիորեն: Ավելի ուշ` 2010թ. հունիսի 26-ին, Մուսկոկայում (Կանադա) Մեծ ութնյակի գագաթնաժողովում եռանախագահները կրկին համառոտ ներկայացրին նշված սկզբունքները` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ անելով եւս մեկ քայլ անել, ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները եւ անցնել Խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը: 2011թ. մայիսի 26-ին Դովիլում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում եռանախագահները տարածեցին ԼՂ վերաբերյալ մեկ այլ համատեղ հայտարարություն, որով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին քաղաքական կամք դրսեւորել եւ հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները:

Այսպես, 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ներկայացված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները հետեւյալն են`

1) ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ եւ արդար (genuine) արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները (modality) կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն` հասկացվում է որպես 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձեւակերպման սահմանափակում չի լինելու:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն.

– ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական եւ տնտեսական կենսագործունեությունը եւ անվտանգությունը պաշտպանելու եւ վերահսկելու իրավունք` համաձայն միջազգային իրավունքի:

– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ինչպես նաեւ կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաեւ իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում:

– ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ:

– ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:

3) Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից:
– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է:

– Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրերի անվտանգությունը ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք առանց խտրականության օգտվելու են մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաեւ կարգավորել հայերի եւ ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական եւ սոցիալական վիճակը:

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Վերոնշյալ փաստաթուղթը ունի նաեւ եզրափակում, որտեղ, բացի ամփոփիչ գնահատականներից, նշվում է, որ Հիմնարար սկզբունքները նախատեսում են 4 հանձնաժողովի ստեղծում: Առաջինը` պետք է մշակի «Պլեբիսցիտի իրականացման մանրամասները», երկրորդը` պետք է հստակեցնի «Միջանցքի ապագա կարգավիճակը», երրորդը` պետք է մշակի «Քելբաջարի շրջանի ամբողջական փոխանցումը Ադրբեջանին», եւ չորրորդը` պետք է քննարկի «Հիմնարար սկզբունքների իրագործմանը առնչվող լրացուցիչ հարցեր»:

Նախակազանյան սպասումներ

2011թ. ապրիլի կեսերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը տարածաշրջանային հերթական այցի ավարտին Բաքվում հայտարարություն տարածեցին, որում նշում էին, որ կողմերի հետ քննարկել են Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերը եւ փաստում էին` «եկել է Հիմնարար սկզբունքները ավարտին հասցնելու ու խրախուսելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը»: «Հիմնվելով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների` մարտի 5-ին Սոչիում արած համատեղ հայտարարության վրա` համանախագահները ներկայացրել են ճակատային գծի երկայնքով տեղ գտնող միջադեպերի` բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննության մեխանիզմի ստեղծման նախագիծը»,- նշել էին նրանք հայտարարության մեջ:
Մայիսին արդեն իսկ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին` Կազանում: Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների միջեւ եռակողմ ձեւաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Սոչիում՝ 2011թ. մարտի 5-ին։ 2011թ. մայիսի վերջին ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին ԼՂ կարգավորման վերաբերյալ, որում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը» եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ արեցին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը` վստահություն էր հայտնել, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելին են, քան երբեւէ. «Մենք արդեն ոչ թե նոր հակամարտության շեմին ենք, այլ զգալիորեն մոտ կարգավորմանը»: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվին, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այդ փուլում նշեց. «Ներկայումս ակտիվացել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, ընթանում է ինտենսիվ աշխատանք հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ։

Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը դեռ խաղաղության համաձայնագիր չէ։ Անթույլատրելի է, որ հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը պահանջի եւս 70 տարի։ Եթե հիմնարար սկզբունքներն ընդունվեն, ապա խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 6-12 ամսվա ընթացքում»։

2011-ին Բաքուն խոսում էր խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

Խաղաղության համաձայնագրից խոսող եւ «հնարավորինս արագ» սկզբունքները համաձայնեցնելու կողմնակից Բաքուն, տպավորություն էր ստեղծվում, թե Կազանի բանակցություններում ընդունելու է հիմնարար սկզբունքները։ Հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նշել էր, թե պաշտոնական Բաքուն որոշակի առաջընթաց է ակնկալում հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից. «Ես չեմ բացառում, որ կազանյան բանակցությունների արդյունքում ստորագրվի փաստաթուղթ։ Դա կախված է Հայաստանից։ Այժմ գլխավոր հարցն այն է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ միջնորդները հանդես են գալիս ստատուս քվոյի փոփոխման օգտին։ Հուսով եմ, որ Հայաստանն իր մեջ ուժ կգտնի՝ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու եւ խնդրի լուծման հարցում առաջընթաց գրանցելու համար»

Հունիսի սկզբին պաշտոնական Բաքուն ավելի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են ԼՂ-ում՝ անսպասելիորեն հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարը: Այդ ուժերը, ըստ Մամեդյարովի, չեն լինելու ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներից: Մամեդյարովի խոսքերով` ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայումը ներառվել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ: «ԼՂ հակամարտության լուծումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, եւ բոլոր փուլերը փոխկապակցված են»,- ասել էր նա:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ անդրադառնալով մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությանը` նշել էր. «Մենք համակ ուշադրությամբ կարդացինք այդ հայտարարությունը։ Ադրբեջանը հարգում է Հելսինկյան ամփոփիչ ակտի բոլոր սկզբունքները եւ գիտակցում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի պետության տարածքային ամբողջականությանը համապատասխան։ Ադրբեջանը պատրաստ է համընդհանուր ընդունված միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում գնալ փոխզիջումների ու ճկունության։ Ինքնորոշման կարգավիճակը պետք է քննարկվի հաջորդ փուլում՝ երկու համայնքների (հայկական ու ադրբեջանական) մասնակցությամբ։ Մենք հուսով ենք այդ ճանապարհով հասնել հայկական կողմի համաձայնությանը։ Մենք համաձայն ենք համանախագահների հետ, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է։ Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը «չի քննարկում» իր տարածքային ամբողջականության հարցը։ Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ինքնորոշման կարգավիճակը «պետք է» լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Պաշտոնական Բաքուն 2011թ. հունիսին գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես էր գալիս նորանոր «բացահայտումներով»: Հունիսի սկզբներին Մամեդյարովը խոստովանեց, որ հայկական կողմը առաջ է քաշում ԼՂ կամարտահայտության անցկացման ժամկետի հստակեցման հարցը։ «Դրա համար էլ «Ճանապարհային քարտեզի» մի շարք հարցեր մնում են չհամաձայնեցված։ Դրանց համաձայնեցումը ճանապարհ կհարթեր խաղաղ համաձայնության մշակման համար»,- նկատել էր նա: Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կազանում կհամաձայնեցվե՞ն Մադրիդյան սկզբունքները, Մամեդյարովը նշել էր. «Այդ մասին խոսելը վաղաժամ է, ես Նոստրադամուսը չեմ»։

Մինչդեռ միջնորդները մեծ հույսեր էին կապում Կազանի հանդիպման հետ: Լեհական Nowa Europa Wschodnia (Նոր Արեւելյան Եվրոպա) պարբերականում հրապարակվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը, որում նա նշում էր. «Այսօր մենք մոտ ենք այդ խնդրի կարգավորմանը։ Այսօր արդեն հայտնի է այն, ինչն անհնար էր համարվում։ Որոշ առաջարկներ նախկինում մերժվել են։ Օրինակ՝ Հայաստանը մերժեց լայն ինքնավարությամբ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու առաջարկը։ Ադրբեջանն իր հերթին մերժեց այդ շրջանի անջատումն իրենից։ Սա շատ բարդ իրավիճակ է, այս հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների համար դինամիտ է, որը կպայթի, եթե նրանք սխալ քայլ կատարեն։ Նրանք կարող են զրկվել իրենց պաշտոններից, հետեւաբար պետք է զգույշ գործեն։ Ադրբեջանը գտնվում է շահավետ դրության մեջ, քանի որ ունի նավթ եւ գազ, որից մեծ շահույթներ է ստանում։ Նրա ռազմական ծախսերն ավելի մեծ են, քան Հայաստանի ողջ բյուջեն։ Մյուս կողմից էլ՝ հայերը լավ դիրքեր են պահպանում լեռներում, մինչդեռ ադրբեջանցիները կենտրոնացած են հովիտներում։ 2004-ից մենք առաջ ենք շարժվում համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ եւ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Կոնսենսուսի առաջարկների մասին հրապարակավ հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Դրանք առնչվում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատմանը՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձին, ինչպես նաեւ այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրմանը, ովքեր ի վիճակի են դա անել, այսինքն` ՄԱԿ ԱԽ անդամները։ Ապա` մինչեւ վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի հարց։ Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն։ Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը։ Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կանցկացվեն դետալների շուրջ քննարկումները»։ Կասպրշիկը նույն հարցազրույցում նաեւ փաստել էր, որ դեռեւս չհստակեցված շատ հարցեր են մնացել, օրինակ՝ ԼՂ-ին ու Հայաստանին միմյանց կապող միջանցքը, դրա լայնության աստիճանը, եւ թե մինչեւ խաղաղության կնքումը ով է այն վերահսկելու։ Ըստ Կասպրշիկի` խնդրահարույց էր մնում նաեւ հանրաքվեի անցկացումը, ինչը հայերը տեսնում են ԼՂ բնակչության 1989թ. մարդահամարի արդյունքների վրա հենված պարզ քվեարկության միջոցով, երբ հայերը գործնականում երեք անգամ գերազանցում էին ադրբեջանցիներին. «Մինչդեռ ԼՂ-ն իր տարածքը համարող պաշտոնական Բաքուն էլ հենվում է սեփական Սահմանադրության վրա, ինչը նախատեսում է հանրաքվե անցկացնել ողջ Ադրբեջանում։ Դրա համար էլ դեռեւս չի կարելի նշել հանրաքվեի կոնկրետ ամսաթիվը»։

Հունիսի սկզբին կրկին տարածաշրջան էին ժամանել համանախագահները: Ստեփանակերտում պատասխանելով «նորացված Մադրիդյան սկզբունքների» մասին հարցին` Իգոր Պոպովը նկատել է, որ ինքը նման ձեւակերպման կողմնակից չէ: Դիվանագետն ասել էր, որ յուրաքանչյուր հանդիպմանը առաջարկություններ են արվում, եւ ներկայումս կա նախագիծ, որի մի շարք հարցեր լրամշակման կարիք ունեն: Ռուսաստանցի միջնորդը չէր բացառել, որ հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը հաստատվի Կազանում: Համանախագահները ընդգծում էին, որ հունիսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին:

Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «ԼՂ հակամարտության արդարացի կարգավորման համար հիմա լավ պայմաններ են ստեղծվել»: Հունիսի 11-ին Մոսկվայում կայացավ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպումը: «Քննարկման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ամփոփումը` «Առավոտ»-ի ապրիլի 20-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ։

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930